«Որպես ի՞նչ գամ այդտեղ». Սերժ Սարգսյանը մերժել է Արցախի իշխանությունների հրավերը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ՀՀԿ-ականների պահվածքն արդեն խղճահարություն է առաջացնում: Երեկ Հաղթանակի օրվա եւ Շուշիի ազատագրման կապակցությամբ միջոցառումներ անցկացվեցին Երեւանում ու Ստեփանակերտում: Բայց արի ու տես, որ ՀՀԿ-ական վերնախավը ներկա չի գտնվել հայկական երկու մայրաքաղաքներում անցկացված միջոցառումներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԼՂՀ իշխանությունները Ստեփանակերտում տեղի ունեցած միջոցառումներին մասնակցելու հրավեր էին ուղարկել Սերժ Սարգսյանին, սակայն վերջինս ներկա չէր. այլ բավարարվել էր ՀՀ եւ ԼՂՀ նախագահներին շնորհավորական ուղերձ հղելով:

Սակայն Սարգսյանն իր բացակայությունը պատճառաբանել է. «Որպես ի՞նչ գամ այդտեղ»:

Նկատենք, եթե նախկինում ՀՀԿ իշխանական վերնախավը Ս. Սարգսյանի աչքին երեւալու եւ սիրաշահելու մղումով ամենուր հետեւում էր նրան, հսկայական պատվիրակությամբ գործուղման մեկնում ԼՂՀ, ապա այս անգամ, ընդհակառակը, Ստեփանակերտ չէին գնացել: Անգամ Երեւանում` Հաղթանակ զբոսայգում, անհայտ զինվորի հուշաքարին այցելած պաշտոնյաներին մատների վրա կարելի էր հաշվել:

Զբոսայգի կառավարության անդամներից այցելել էր միայն ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը եւ ՊՆ պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, իսկ մյուս նախարարները չկային: Հաղթանակի զբոսայգում էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, սակայն առանց ՀՀԿ-ական պատգամավորների. նրան չէին ուղեկցում անգամ տեղակալները՝ Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը, էլ չենք խոսում մյուս պատգամավորների, այդ թվում՝ հանձնաժողովների նախագահների մասին: Եվ սա այն դեպքում, երբ նախորդ տարի նույն այդ ՀՀԿ-ականները լայն ժպիտներով գալիս էին զբոսայգի, վետերանների հետ նստում ճաշելու: Կարելի է ենթադրել, որ մինչ այս նրանք ստիպված էին նման միջոցառումների մասնակցել ու հիմա որոշել են վայելել ազատությունը: Կամ ՀՀԿ-ականների համար այս տոները տոն էին, քանի դեռ նրանք իշխանություն էին: Կա նաեւ երրորդ տարբերակը. ՀՀԿ-ն կորցնում է իշխանությունը, եւ հիմա նրանք սգի մեջ են:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս