Ժիրայր Սէֆիլյանի և Սասնա Ծռերի շնորհավորական ուղերձը
«Սիրելի՛ հաղթական ժողովուրդ Նիկոլ
ՀՀ վարչապետ, հարգելի՛ Նիկոլ Փաշինյան
Ժողովրդի կամքի, նրա իշխանության հաստատման երկարամյա պայքարն արձանագրեց առաջին շոշափելի արդյունքը։
Համաժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիների միասնական կամքով դարձավ ՀՀ վարչապետ։
Հայրենիքի վերատիրացման մեկնարկի՝ Շուշիի ազատագրման օրը տարած այս խորհրդանշական հաղթանակի առթիվ շնորհավորում ենք բոլորիս և Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը մաղթում ենք արգասաբեր աշխատանք ի բարօրություն մեր Հայրենիքի, պետականության ու ժողովրդի։
Սիրելի՛ հայրենակիցներ
Այս հաջողությունը գործի սկիզբն է միայն։
Համաժողովրդական ընդվզումը, որ նոր որակով ու շատ ավելի մեծ մասշտաբով Սասնա Ծռերի ապստամբության օրգանական շարունակությունն է, պետք է հեղափոխությունը, ազգային-ազատագրական պայքարը հասցնի իր տրամաբանական ավարտին։
Եթե Սասնա Ծռերի ապստամբությունը կտրեց ռուսական գաղութային համակարգի կյանքի թելը, ապա Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդական շարժումն այդ համակարգի գործիքի՝ հայաստանյան գաղութային վարչակազմի ձեռքից վերցրեց գործադիր իշխանության ղեկը։
Սակայն նպատակին հասնելու համար հարկավոր է առաջ գնալ, ազատագրվել գաղութային համակարգից և կառուցել ազգային-քաղաքացիական պետություն-համակարգ։
Անհրաժեշտ է ազատ ու արդար ընտրությունների միջոցով ու նոր Սահմանադրության ընդունմամբ կազմավորել պետական կառավարման ազգային համակարգ, այնուհետև զուգահեռաբար կտրել մեզ Ռուսաստանին կապող պորտալարը, որ գաղութային համակարգի կառավարման լծակն է, և Կուր-Արաքսյան Նոր Հանրապետության ստեղծմամբ վերաձևել 1921թ. ռուս-թուրքական պայմանագրերով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը, որ գաղութային համակարգի հենքն է։
Մինչ այդ՝ կենսականորեն կարևոր է լյուստրացիան, առաջին հերթին ՀՀԿ-ի՝ որպես գաղութատիրության ռևանշի օջախի չեզոքացումը։ ՀՀԿ-ն ժողովրդի իշխանությունը յուրացրած, պետությունը զավթած և այն պետականության, ժողովրդի ու յուրաքանչյուր քաղաքացու դեմ հանցագործությունների գործիքի վերածած հանցավոր կազմակերպություն է։ Ուստի ՀՀԿ-ն պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ նրա գործունեությունը, այդ թվում՝ ընտրություններին մասնակցությունը, պետք է արգելվի։ Նույն կերպով պետք է կասեցվեն նաև նրա կամ նրա առանձին մասերի վերանվանման միջոցով քաղաքական դաշտում մնալու փորձերը։
Հայրենիք, ազգային ապագա ու մարդկային երջանկություն ունենալու համար պետք է առանց վարանելու և հապաղելու համազգային ջանքերի գերագույն զորաշարժով լծվենք այս առաջադրանքը կատարելու գործին։
Ի գո՛րծ, սիրելի՛ հայրենակիցներ։
Մե՛նք ենք տերը մեր երկրի»։
Ժիրայր Սէֆիլյան
Վարուժան Ավետիսյան (Սասնա Ծռերի անունից)
8-ը մայիսի 2018թ., ժամը 19:30, «Արմավիր» ՔԿՀ