Ինչպես հայտնի է` վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին այցը Արցախ էր, որտեղ մասնակցեց Եռատոնին նվիրված միջոցառումներին: Հենց Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանը նաեւ հանդես եկավ ասուլիսով` անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:
Փաշինյանն ընդգծել է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան: «Պետք է հստակ պատասխանել հարցին, ուզո՞ւմ ենք լուծել հարցը, թե՞ չենք ուզում։ Եթե միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ադրբեջանը, ուզում են լուծել Ղարաբաղյան հարցը, անտրամաբանական է հարցը քննարկել մի ֆորմատով, որում այն չի կարող լուծվել: Ինչպե՞ս կարող է բանակցային ֆորմատը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցներից մեկը մաս չէ։ Այսինքն՝ սա էմոցիաների խնդիր չէ, պրագմատիկ խնդիր է՝ լուծո՞ւմ ենք, թե՞ ոչ: ՀՀ անունից կարող է խոսել ՀՀ իշխանությունը, ՀՀ-ն հակամարտության կողմ է, եւ լիարժեք կխոսի իր անունից, իսկ Արցախի Հանրապետության անունից պետք է խոսի Արցախը»,- ասել է Փաշինյանը:
Նա նաեւ խոսել է փոխզիջումների մասին. «Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ Ադրբեջանից ստանանք հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»: Ըստ նրա` միջազգային հանրությունը պետք է հստակ արձանագրի, որ Արցախի հարցի էությունը մարդու իրավունքների պաշտպանության խնդիր է: «Որովհետեւ Արցախի խնդիրը ծագել է այն բանի արդյունքում, երբ Ադրբեջանը ոչ միայն ի վիճակի չի եղել ապահովել ԼՂ ինքնավար մարզի հայ բնակչության նվազագույն իրավունքները, այլեւ ուղիղ սպառնալիք է ստեղծել նրանց կյանքին ու անվտանգության իրավունքին, իրենց ինքնության իրավունքին»,-ասաց նա:
ՀՀ նորընտիր վարչապետի հայտարարությունների եւ տեսլականի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ հասկանալու համար, թե որքանով են Փաշինյանի մոտեցումները համահունչ Արցախի ղեկավարության եւ արցախցիների մոտեցումներին:
-Պարո՛ն Բաբայան, ՀՀ նորընտիր վարչապետն այսօր խոսեց Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին, այդ թվում՝ Արցախի բանակցային սեղանին վերադառնալու հարցին: Ինչպե՞ս է պաշտոնական Արցախը գնահատում նրա հայտարարությունները:
-Մենք միշտ էլ ասել ենք՝ սկսած 1997-98 թվականներից, արդեն մոտ 20 տարի, որ պետք է վերականգնվի բանակցությունների լիարժեք ձեւաչափը: Պաշտոնական Երեւանն ինքն էլ ջանքեր գործադրեց, որպեսզի դա տեղի ունենա: Պարզապես Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հետեւանքով դեռեւս այս լիարժեք ձեւաչափը չի վերականգնվել, սակայն մենք այսուհետ եւս աշխատելու ենք Հայաստանի հետ միասին այս ուղղությամբ: Տեսնենք, մեզ սպասում է քրտնաջան աշխատանք, երկար ճանապարհ, որովհետեւ Ադրբեջանը շարունակելու է, ըստ ամենայնի, խոչընդոտել:
-Այսինքն` առհասարակ, Փաշինյանի եւ պաշտոնական Արցախի դիրքորոշումներում հակասություններ չկա՞ն:
-Մենք տարիներ շարունակ խոսել եւ մեր տեսլականը ներկայացրել ենք: Մեր տեսլականը մնացել է անփոփոխ: Երբեք չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով, Արցախը պետք է լինի բանակցային կողմ, մենք շարունակում ենք հետամուտ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ կարգավորման գործընթացին, լիարժեք ձեւաչափի վերականգնմանը, եւ սա, կարծում եմ, պարզ է, եւ մենք երբեւիցե այլ դիրքերից չենք խոսել, մեր մոտեցումը չենք փոխել:
Նաիրա Հովհաննիսյան