Հայաստանում թավշյա հեղափոխությունը, ըստ էության, ժամանակավորապես երկրորդ պլան մղվեց ԼՂ խնդրի կարգավորման հարցը: Եթե նախկինում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու միջազգային հանրությունը պնդում էին ԼՂ խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու մասին, ապա հիմա նոր վարչապետը բանակցային գործընթացին ներգրավելուց առաջ պետք է խորապես ծանոթանա սեղանին դրված փաստաթղթերին: Ինչեւէ: Արցախյան խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ:
-Պարո՛ն Զատուլին, վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունը կարո՞ղ է ազդեցություն ունենալ Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում:
-Գիտեք ինչ, դա բարդ հարց է: Շատ բան կախված է ոչ թե միջնորդներից, այլ կոնֆլիկտի կողմերից: Իսկ միջնորդները կարող են միայն օգնել մեղմել փոխզիջումային պայմանները, բայց որոշումներն ընդունում են կոնֆլիկտի կողմերը: Սովորական կոնֆլիկտներում երկու կողմեր են լինում, բայց շատ ավելի բարդ է իրավիճակը` կապված Ղարաբաղյան կոնֆլիկտի հետ: Այստեղ, կարելի է ասել, երեք կողմեր էին, քանի որ պետք էր նաեւ որպես կողմերից մեկը հաշվել նաեւ Լեռնային Ղարաբաղին, քանի որ նրա ճակատագրի մասին էր խոսքը գնում: Իսկ Ադրբեջանն այնքան էլ կառուցողական չէ իրեն դրսեւորում: Ցավոք, այդպես է, քանի որ խոսքն այս դեպքում գնում է ոչ թե Ադրբեջանի մասին ամբողջությամբ, այլ ադրբեջանական էլիտայի մասին, Բաքվի կառավարող օղակների մասին, նրանց դիրքորոշման մասին: Ադրբեջանի ներկայիս դիրքորոշումը վատ առումով տարբերվում է Ադրբեջանի համազգային ընդունված ժողովրդական լիդերի` Հեյդար Ալիեւի դիրքորոշումից: Ես հրաշալի հիշում եմ Հեյդար Ալիեւի դիրքորոշումը: Օրինակ` մեկ արտահայտություն միայն ցիտեմ ապրիլի 15-ին 1994 թվականից, կրակի դադարեցումից մոտ մեկ ամիս առաջ: Մոսկվայում ԱՊՀ երկրների խորհրդի ղեկավարների համաժողովը կայացավ, որին մասնակցում էին նաեւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը եւ Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Եվ այնտեղ փաստաթուղթը, որ ընդունվեց, այսպիսի մի արտահայտություն կար. խոսքը գնում էր այն մասին, որ պետք է ոչ միայն կրակի դադարեցում, այլ նաեւ դրա բացառում: Դրանից հետո այն միտքն էր, որ առանց դրա հնարավոր չի լինի հասնել հաղթահարմանը, այդ ողբերգական պայքարի հակազդմանը: Հասկանալի է, որ եթե չկա կրակի դադարեցում, հնարավոր չի լինի հաղթահարել հետեւանքները:
-Իսկ ներկայում այս հարցում Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունն ինչպե՞ս եք գնահատում:
-Ես կարող եմ ասել, թե որոնք են կոնֆլիկտի հետեւանքները. իհարկե, Ադրբեջանը մտահոգություն է հայտնում` կապված այն բանի հետ, որ կորցրեց վերահսկողությունն իրենց մի շարք շրջանների նկատմամբ, կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ի վերջո: Կարելի՞ է, արդյոք, լուծել այս խնդիրները` առանց կրակի դադարեցման, դրա բացառման: Ո՛չ, ցավոք, հնարավոր չէ: Քանի դեռ կրակի կայուն դադարեցում չկա, այս հարցերն այդպես էլ չեն լուծվի: Հեյդար Ալիեւը դա հասկանում էր` մասնակցություն ունենալով այդ համաժողովին եւ համաձայնություն տալով այդ կարգավորումներին 1994 թվականին: Բոլորովին այլ դիրքորոշում ունի Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը եւ նրա հարազատ որդին: Չգիտեմ, իհարկե, Ադրբեջանի նախագահի առաջին տեղակալի դիրքորոշումը, բայց հենց նախագահի դիրքորոշումը, ցավոք, հայտնի է, եւ դա այնքան էլ կառուցողական չէ:
-Հայաստանն այս իրավիճակում ինչպե՞ս պետք է վարվի:
-Ես կարծում եմ, որ կոնֆլիկտի բոլոր կողմերը պետք է փնտրեն փոխզիջում, փոխզիջումային տարբերակներ: Իսկ միջնորդները կարող են միայն առաջարկել, իսկ առաջարկներին համաձայնել կամ դրանք չընդունել միայն կոնֆլիկտող կողմերի գործն է: Թող ամեն կողմ մտածի այն մասին, թե ինչն է ընդունելի փոխզիջման փնտրման ճանապարհին, իսկ ինչը ցանկալի չէ:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ