Ես բացառում եմ, որ Հանրապետական կուսակցությունը որպես միավոր կմասնակցի կառավարության ձեւավորմանը. Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրվելուց հետո մի քանի ՀՀԿ-ականներ հայտարարեցին, որ հետայսու Հանրապետական կուսակցությունն ընդդիմություն է լինելու: Բայց նկատենք, որ մյուս կողմից ՀՀԿ-ն ԱԺ-ում չի շտապում հեռանալ իշխանությունից` պահպանելով ղեկավար կազմում պաշտոնները. ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու ՀՀԿ-ական երկու փոխնախագահները՝ Արփինե Հովհաննիսյանն ու Էդուարդ Շարմազանովը, հրաժարական չեն ներկայացրել` շարունակելով պաշտոնավարումը: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:

-Պարո՛ն Շարմազանով, Դուք հայտարարեցիք, որ լինելու եք ընդդիմություն: Ինչպե՞ս դա կարող է մեր իրականության մեջ լինել, երբ ՀՀԿ-ն շարունակում է խորհրդարանում մեծամասնություն կազմել:

-Մեկը մյուսի հետ ինչ կապ ունի: Կա քաղաքագիտական նորմ. եթե կուսակցությունը չի մասնակցում կառավարության ձեւավորմանը, այդ կառավարության համար քաղաքական պատասխանատվություն չի ստանձնում եւ ունի խմբակցություն Ազգային ժողովում, ինքն ընդդիմություն է: Եվ մենք Փաշինյանի կառավարության համար պատասխանատվություն չենք ստանձնում, հետեւաբար մենք ընդդիմություն ենք: Իսկ խորհրդարանում Հանրապետականը մեծամասնություն է, որովհետեւ մեծամասնություն է ձեւավորվել 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում: Իսկ այսօր արդեն մենք ունենք վարչապետ, որի քաղաքական գործունեության պատասխանատուն Հանրապետականը չի: Ընդդիմություն, իշխանություն կառավարությունով պետք է նայել, ոչ թե խորհրդարանով: Բազմաթիվ երկրներ կան, որտեղ խորհրդարանում ընդդիմությունն ունի շատ բարձր պաշտոններ, բայց պատասխանատվություն չի ստանձնում կառավարության համար: Դուք նայեք` կառավարությունն ով է ձեւավորում: Մենք կառավարության ձեւավորմանը չենք մասնակցում: Եվ ոչ միայն չենք մասնակցում, այլ նաեւ հարգելի պարոն Փաշինյանի կառավարության համար պատասխանատվություն չենք ստանձնում:

-Բայց չի բացառվում, որ որոշ նախարարներ կառավարությունում լինեն ՀՀԿ-ական:

-Մենք կյանքում որեւէ բան չենք բացառում, քաղաքականության մեջ` առավել եւս: Բայց ես բացառում եմ, որ Հանրապետական կուսակցությունը որպես միավոր կմասնակցի կառավարության ձեւավորմանը: Եթե կլինեն մարդիկ, կուսակցական անդամներ, որոնք կցանկանան լինել Փաշինյանի կառավարությունում, բնականաբար, համապատասխան դիրքորոշումը կուսակցությունը կներկայացնի:

-Գո՞ւցե դեռեւս գործող որոշ նախարարների Փաշինյանի կողմից առաջարկ արվի` աշխատանքը շարունակելու:

-ՀՀԿ-ն դա բացառում է: Չի կարող մարդը լինել կուսակցության անդամ ու լինել Փաշինյանի կառավարության մեջ: Օրինակ` Լեւոն Տեր-Պետրոսյանը երբ գնաց, Արարատ Զուրաբյանը մնաց կենտրոնի թաղապետ, բայց ինքը Ռոբերտ Քոչարյանի կառավարության եւ իշխանության համար որեւէ քաղաքական պատասխանատվություն չէր ստանձնել: Սա է խնդիրը: Ես ասում եմ պաշտոնապես` ՀՀԿ-ն մաս չի կազմելու պարոն Փաշինյանի կառավարությանը: Հետեւաբար պատասխանատվություն չի ստանձնում այդ կառավարության գործունեության համար: Եվ քաղաքագիտական առումով մենք ընդդիմություն ենք` անկախ այն հանգամանքից` 58 պատգամավոր ունենք, 60 պատգամավոր, թե 25: Իսկ թե վաղը որ նախարարը կլինի Հանրապետական կամ չի լինի, ես չեմ ուզում առաջ շարժվել եւ ասել: Դա իմ խնդիրը չէ: Բայց կուսակցությունն արդեն հայտարարել է, որ այդ կառավարությանը մենք մաս չենք կազմելու: Մեր օրակարգում նման հարց չկա:

-Ստացվում է` առաջիկայում Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում փորձելու է հարցուպատասխանի ժամանակ բոլոր առկա խնդիրներն, այսպես ասած, Փաշինյանի առջե՞ւ դնել:

-ՀՀԿ-ն իրեն պահելու է որպես ընդդիմություն: Իսկ ընդդիմությունն իրեն ինչպե՞ս է պահում..: Ընդդիմություն, որի հիմքում լինելու է Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը, Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը եւ մեր պետության շահը: Մենք անհարկի, պոպուլիստական, սաբոտաժային գործողություններ նոր կառավարության նկատմամբ չենք անելու: Մենք մեկ անգամ չէ, որ եղել ենք իշխանություն եւ միշտ խոսել ենք կառուցողական ընդդիմության մասին: Իմ տեսակետով` Հանրապետական կուսակցությունը պետք է լինի ծրագրային, գաղափարական ընդդիմություն:

-Աշխարհում ընդունված է նաեւ, որ երբ իշխանության առաջին դեմքը հրաժարական է տալիս, իր թիմակիցներն էլ են հրաժարական տալիս, այսպես ասած` առաջին գծում կանգնած դեմքերը:

-Դե, հիմա նոր կառավարությունը թող ձեւավորվի, մի՛ շտապեք, ամեն ինչ իր հերթին կլինի: ՀՀԿ առաջին փոխնախագահը` Կարեն Կարապետյանը, ինչպես տեսաք` հրաժարական տվեց: Իսկ ԱԺ նախագահի եւ մյուսների դեպքում դրանք ոչ թե նշանակովի, այլ ընտրովի պաշտոններ են: Իսկ եթե կոնկրետ ինձ նկատի ունեք, ինձ այդ պաշտոնը կուսակցությունն է վստահել եւ եթե կուսակցությունը կգտնի կամ նույնիսկ կակնարկի, որ ես պետք է հրաժարական տամ, նույն վայրկյանին ես հրաժարական կտամ: Ես չեմ կարծում, որ որեւէ մեկի մոտ այս տարիների ընթացքում այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ ես պաշտոնի մեռած եմ կամ պաշտոնի գերի: Ես որ կարգավիճակում էլ լինեմ` պատգամավոր կլինեմ, նախարար կլինեմ, փոխնախագահ կլինեմ, նախագահ կլինեմ, թե սովորական քաղաքացի, շարունակելու եմ ծառայել երկրին եւ ժողովրդին: Ես իմ եւ իմ երեխաների ապագան տեսնում եմ բացառապես այս երկրում:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս