Երկար տարիներ նախարար, իսկ հիմա ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը` Բուլկի Արամը, տարեցտարի հարստանում է: Իսկ ահա անցած տարում նա զբաղված է եղել հողամասեր գնելով: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը նրա պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ` պատգամավորը հողամասեր է գնել շատ էժան գներով:
Օրինակ` Ա. Հարությունյանը 50 հազար դրամով գնել է 6 հողամաս, 75 հազար դրամով` 2 հողամաս, 90 հազար դրամով` մեկ հողամաս: Նա 120 եւ 300 հազարական դրամով գնել է կրկին մեկական հողամաս: Իսկ մի հողատարածքի համար Հարությունյանը վճարել է 15 մլն դրամ: Այսինքն` նա անցած տարում ձեռք է բերել թվով 12 հատ հողամաս: Բացի այս` նա 150 հազար դրամով գնել է նաեւ հասարակական նշանակության շինություն: Բավականին ճոխ գնումներ է նա արել անցած տարում, մասնավորապես 40 մլն դրամով գնել է «Mercedes-Benz S 500 L 4 Matic» մակնիշի ավտոմեքենա: Միաժամանակ պատգամավորը անցած տարում վաճառել է 90 մլն դրամի ունեցած բաժնետոմսը:
Իսկ ահա դրամական միջոցները կազմել են 1178 դրամ, 1 մլն 531 հազար 718 դոլար, 4202 եվրո: Որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 337 հազար դրամ, մեկ ընկերությունից ստացած 166 մլն 469 հազար դրամի չափով շահաբաժինը, վարձակալության դիմաց ստացած 2.7 մլն դրամը եւ տրված փոխառությունների դիմաց 33 մլն 635 հազար դրամի չափով ստացած տոկոսը: Իսկ ահա պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նա նշել է, որ ունի երկու հատ բնակարան, մեկ հատ ավտոտնակ, հասարակական նշանակության երկու հատ շինություն, 14 հատ հողամաս: Նաեւ հայտարարագրել է երեք ընկերություններում 12 մլն 980 հազար դրամի չափով ունեցած բաժնետոմսերը:
Տեղեկացնենք, որ նրա մոտ արագ հարստանալը շատ ավելի լավ է ստացվում. չէ՞ որ ժամանակին լինելով ՀՀ քաղաքաշինության նախարար` Արամ Հարությունյանը կարողացավ իրենով անել «Հանարդնախագիծ» ԲԲԸ շենքը եւ հիմա հարստանում է պետության հաշվին: Բանն այն է, որ նրան պատկանող «Հանարդնախագիծ» ԲԲԸ շենքում են տեղակայված մի շարք գերատեսչություններ` ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը, ԱՎԾ Երեւանի տարածքային ստորաբաժանումը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը եւ այլն: Ընդ որում, պետական այս կառույցներն այդ շենքում տեղակայված են վարձակալական հիմունքներով:
Նրա կնոջ` Հասմիկ Աբգարյանի դրամական միջոցը անցած տարում կազմել է 127 հազար եվրո, իսկ որպես եկամուտ հայտարարագրել է վարձակալության դիմաց ստացած վճարները` 2.7 մլն դրամը եւ 30 հազար 600 եվրոն: Ի դեպ, տեղեկացնենք, որ Արամ Հարությունյանը` Բուլկի Արամը, դեմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը:
Սյունէ Համբարձումյան