Հեղափոխության ստվերում մնացած «Եվրատեսիլը»․ ինչու՞ Հայաստանը ձախողվեց մրցույթում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 8-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։ Հայաստանը ներկայացնող մասնակից Սեւակ Խանաղյանը ելույթ ունեցավ 16-րդ համարի ներքո: Ցավոք, նա եզրափակիչ փուլ չանցավ: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանը 2007 թվականին այդ մրցույթում ներկայացրած երգիչ Հայկոյի, երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանի եւ հաղորդավար Ժակի (Հակոբ Պապիկյան) հետ: Նրանք անդրադարձել են այն հարցերին, թե ինչու այս տարի Հայաստանը ձախողեց մրցույթը, եւ ինչ դասեր է պետք քաղել դրանից: Ստորեւ ներկայացնում ենք զրուցակիցների մտորումները:

Հայկո

Ես համարում եմ, որ Սեւակը լավ արտիստ է, «Քամի» երգն էլ լավն էր, ուղղակի «Եվրատեսիլ»-ում ամեն տարի չափանիշները փոխվում են, դրանք անկանխատեսելի են: Ամեն դեպքում, Սեւակը շատ լավ ելույթ ունեցավ, ես տեսա նաեւ միջազգային մամուլի բարձր գնահատականը. դա անչափ կարեւոր է: Գուցե մենք մեր հայրենիքում ուրիշ բանով էինք զբաղված եւ ուշադրություն չդարձրինք «Եվրատեսիլ»-ին, բայց Սեւակին հարկավոր է փառքով դիմավորել, քաջալերել եւ լավ խոսքեր ասել նրան: Հիմա «Եվրատեսիլ»-ում հաղթելը շատ է դժվարացել: Եթե նախկինում միայն հեռուստադիտողն էր քվեարկում, հիմա 50/50 սկզբունքով քվեարկում է նաեւ պրոֆեսիոնալ ժյուրին, որը միշտ չէ, որ օբյեկտիվ է: Չնայած արդյունքին՝ սրտանց շնորհավորում եմ Սեւակին եւ ցանկանում նորանոր հաջողություններ: Կցանկանայի հաջորդ անգամ «Եվրատեսիլ»-ին ընդառաջ մրցույթ չկազմակերպվեր, քանի որ կան արտիստներ, որոնք չեն ցանկանում մասնակցել նախընտրական մրցույթի, բայց արժանի են, որ ներկայացնեն Հայաստանը «Եվրատեսիլ»-ում:

Եղիշե Պետրոսյան

Կարծում եմ՝ «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակությունը բավարար տեղեկատվական աշխատանք չէր տարել հասարակությանը ինֆորմացնելու ուղղությամբ: Այն, ինչ արվել էր, քիչ էր: Այս քաղաքական թոհուբոհի մեջ հանկարծակիի եկա, երբ տեսա, որ մրցույթի կիսաեզրափակիչն է անցկացվում: Ինձ նման հանկարծակիի են եկել նաեւ շատ այլ մարդիկ, այդ թվում՝ սփյուռքում: Իսկ սփյուռքն, ինչպես գիտենք, քվեարկող հատվածն է, միշտ էլ սփյուռքի ակտիվությունն է եղել մեր հաջողության գրավականը: Ի վերջո, կարելի էր կազմակերպել, որ Հանրապետության հրապարակից Նիկոլ Փաշինյանը հաջողություն մաղթեր մեր մասնակցին եւ կոչ աներ քվեարկել. սա որպես օրինակ եմ ասում: Այդ դեպքում գուցե այլ արդյունք ունենայինք, գուցե սփյուռքն էլ մոբիլիզացվեր՝ նրան օգնելու համար: Ափսոսում եմ, որ Սեւակի նման փայլուն երգչին բավարար աջակցություն չցուցաբերեցինք:

Ժակ

Ինձ մոտ մտավախություն կար, որ հայերեն երգը չէր ընկալվի հատկապես այն պարագայում, երբ ստեղծագործության ընթացքն ավելի երկար էր, քան էյֆորիկ ավարտը, որը տեւեց ընդամենը 30 վայրկյան, եւ դա շատ քիչ էր` տպավորություն գործելու համար: Ամեն դեպքում, Սեւակը լավ երգիչ է եւ լավ ներկայացավ: Սա նրա հավաքական աշխատանքի արդյունքն էր: Ցավոք, նրա հաշվարկները չարդարացան: Մենք միշտ ասում ենք, որ պետք է ազատություն տալ երգչին, այն թիմին, որն աշխատում է նրա հետ, բայց հենց «Եվրատեսիլ»-ն ավարտվում է, բոլորս դառնում ենք մասնագետներ: Հիմա վախենում եմ ասել՝ թողնե՞նք արտիստին, որ ինքնուրույն կողմնորոշվի եւ պատասխանատվություն կրի իր որոշումների համար, թե՞ ոչ: Այնուամենայնիվ, հայ ազգը հեղափոխությունից հետո հաղթական տրամադրության մեջ է եւ չնկատեց այս անհաջողությունը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ»-ի եզրափակիչ անցան Ավստրիայի, Էստոնիայի, Կիպրոսի, Լիտվայի, Իսրայելի, Չեխիայի, Բուլղարիայի, Ալբանիայի, Իռլանդիայի եւ Ֆինլանդիայի ներկայացուցիչները։ Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 10-ին, իսկ եզրափակիչ համերգը՝ մայիսի 12-ին։

Աննա Բաբաջանյան




Լրահոս