Կարկառուն ՕԵԿ-ականները նախընտրական ցուցակում տեղ չեն գտնի. Արթուր Բաղդասարյանը կտրուկ քայլերի կդիմի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրինաց երկիր» կուսակցությունը հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ նախաձեռնել է ներսում լայն փոփոխություններ կատարել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին առաջին հերթին զայրացրել է կուսակիցների անվճռական լինելը:

Բանն այն է, որ մեր տեղեկություններով` համաժողովրդական շարժման մեկնարկից հետո Արթուր Բաղդասարյանն իր թիմակիցների հետ երկու հանդիպում է ունեցել, որից մեկն էլ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Մենք տեղեկացանք, որ մինչ Սարգսյանի հրաժարականը տեղի ունեցած հանդիպման ժամանակ ամբողջ կուսակցությունից միայն մի քանի երիտասարդ է ձեռք բարձրացրել եւ ասել, որ համաձայն են միանալ շարժմանը: Մյուսները, այդ թվում կարկառուն ՕԵԿ-ականները, սուս են մնացել եւ իրենց կարծիքը չեն հայտնել:

Իսկ ահա մյուս հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել արդեն Ս. Սարգսյանի հրաժարականից հետո, ամբողջ կուսակցությունը, այդ թվում՝ հին անդամները, միահամուռ ձեռք են բարձրացրել՝ ասելով, թե պատրաստ են միանալ: Հենց այս հանգամանքն էլ խիստ զայրացրել է Արթուր Բաղդասարյանին, ով որոշել է կուսկացությունը մաքրելու գործընթաց սկսել եւ նոր անդամներով ու դեմքերով մասնակցել գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որպեսզի ինչ-որ շանսեր ունենան: Ընդ որում, խոսքն անգամ կուսակցության փոխնախագահներ Հեղինե Բիշարյանին, Հովհաննես Մարգարյանին ու Մհեր Շահգելդյանին է վերաբերում:

Ի վերջո, ինչ է ակնարկել ՕԵԿ նախագահը, եւ առաջիկայում ինչ հնարավոր փոփոխություններ կարող են լինել կուսակցությունում: ՕԵԿ մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանն այս առնչությամբ մեզ հետ զրույցում հաստատեց կուսակցությունում կադրային փոփոխություններ անցկացնելու եւ ընտրություններում նոր դեմքով ներկայանալու որոշման մասին: Ընդ որում, Էդգար Առաքելյանի խոսքով` կուսակցության հայտնի ներկայացուցիչները ոչ թե հեռացվելու են կուսակցությունից, այլ պարզապես տեղ չեն գտնի նախընտրական ցուցակում:

«Առաջիկայում արտահերթ ընտրություններին կուսակցությունը կմասնակցի արմատական նոր թիմով: Դա չի նշանակում, որ կուսակցությունից մարդիկ դուրս կգան, այլ պարզապես այն մարդիկ, ովքեր կմասնակցեն ընտրություններին, նրանք կլինեն բոլորովին այլ մարդիկ եւ երիտասարդ թիմ: Արմատական փոփոխություններ են լինելու, ընդհուպ ղեկավար կազմից», – նշեց նա:

Դիտարկմանը քննարկում եղե՞լ է՝ ով է ղեկավարելու նախընտրական ցուցակը, Առաքելյանը ընդգծեց. «Արթուր Բաղդասարյանը կուսակցության ղեկավարն է՝ դրանից բխող ամբողջ դերակատարմամբ: Նման հարց չի քննարկվել, չեմ էլ կարծում, որ կքննարկվի: Արթուր Բաղդասարյանը կգլխավորի ցուցակը», – նշեց նա:

Նկատենք, սակայն, ՕԵԿ անունը վաղուց ի վեր անսկզբունքայնության, եւ քաղաքական դաշտում տիրող բոլոր բացասական իրողությունների հետ է ասոցացվում: Նրանց չօգնեց անգամ անվանափոխությունը, երբ ԱԺ ընտրություններից առաջ դարձան «Հայկական վերածնունդ», բայց չանցան խորհրդարան: Հետաքրքիր է` երիտասարդացումն ինչպես է ազդելու ՕԵԿ-ի վրա, մանավանդ, երբ ղեկավարը մնալու է նույն Արթուր Բաղդասարյանը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս