«Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալներին քաղաքական հայացքների համար խոշտանգման են ենթարկել: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էր ահազանգել կալանավոր Էրիկ Եղինյանը եւ պատմել, թե ինչ է տեղի ունեցել քրեակատարողական հիմնարկում:
Եղինյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մեղադրվում է նախկին կնոջը ծեծի ենթարկելու մեջ, բայց մեղքը չի ընդունում: Ինչեւէ, կալանավորը հայտնեց, որ քաղաքական իրադարձությունների հետ կապված` ինքը որոշել է քրեակատարողական հիմնարկում բողոքի ակցիա իրականացնել եւ կալանավորներին հորդորել է վանկարկել. «Նիկոլ վարչապետ, քայլ արա մերժի Սերժին»: Այս ամենի արդյունքում կալանավոր Եղինյանին ՔԿՀ ղեկավարները որոշել են պատժել. «Քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Հովհաննիսյանը Ցուլ անունով զոն նայողի միջոցով ճնշում գործադրեց: Ինձ խոշտանգման ենթարկեցին, ինչին չդիմանալով` ինքնասպանության փորձ կատարեցի: Իրավիճակի մասով Լոռու մարզի դատախազություն դիմեցի, սակայն մարզի դատախազ Մարտիրոսյանը հրաժարվեց իմ հաղորդումը հատուկ քննչական ծառայություն ուղարկել»: