Կկարողանա՞ արդյոք Թրամփը խուսափել անխուսափելիից. ստիպված է լինելու բախվել դատախազին «դեմ առ դեմ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան իրադարձությունների ֆոնին համաշխարհային քաղաքականության հիմնահարցերն օրինաչափորեն մղվել են երկրորդ հորիզոնական, մինչդեռ աշխարհում չափազանց հետաքրքիր զարգացումներ են նկատվում։ Ներկայումս ներքաղաքական յուրօրինակ դրություն է ստեղծվել Միացյալ Նահանգներում, որտեղ ռուսական հետքը քննող հատուկ դատախազն աստիճանաբար հասնում է Սպիտակ տուն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծես ստիպված է լինելու բախվել դատախազին «դեմ առ դեմ»` փրկելու համար իր պաշտոնը։

րդեն ավելի քան մեկ տարի է, ինչ ԱՄՆ-ում ընթանում է հատուկ հետաքննություն` պարզելու համար նախագահ Թրամփի նախընտրական շտաբի հնարավոր կապերը ռուսական շրջանակների հետ։ Այդ կապակցությամբ համապատասխան քննություն էր վարում ԱՄՆ ՀԴԲ-ն, սակայն Թրամփի միջամտության եւ արդյունքում ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիի պաշտոնանկության հետեւանքով «կծիկն ավելի խճճվեց»` հանգելով հատուկ դատախազի նշանակմանը։ Այդ հանգամանքով պայմանավորված` ռուսական հետքի շուրջ հետաքննությունը դարձավ թե՛ իրավական, թե՛ քաղաքական առումով գերկարեւոր հարց։ Այն անխուսափելիորեն հետապնդելու է նախագահ Թրամփին իր ողջ պաշտոնավարման շրջանում եւ կաշկանդելու է նրա գործունեությունը ցանկացած պարագայում։ Այդ հանգամանքը թերեւս գիտակցեց նաեւ Թրամփը` հրաժարվելով պաշտոնանկ անել հատուկ դատախազին։ Քանզի այդպիսի արկածախնդրության գնալու դեպքում իր դեմ կլարեր թե՛ հասարակությանը, թե՛ իրավապահ համակարգին։ Գրեթե կասկած չկա, որ հատուկ դատախազին պաշտոնանկ անելու դեպքում ԱՄՆ Կոնգրեսում նախաձեռնվելու է նախագահի պաշտոնանկության գործընթացը արդարադատության խոչընդոտման հատկանիշներով։ Այսօրինակ զարգացումը Թրամփին թերեւս մանրամասնորեն բացատրել էին նրա իրավաբանները, ինչը ստիպել էր նրան որոշակիորեն մեղմացնել իր հռետորիկան եւ ընդառաջ գնալ հետաքննությանը։ Սակայն օրեր առաջ նախագահն ու իր նորանշանակ իրավաբանները կրկին սկսեցին ակտիվորեն հարձակվել հետաքննական մարմնի վրա` շեշտելով, որ որեւէ ռուսական հետք էլ չկա, եւ այդ ամենը, ինչ կատարվում է, անձնական հաշվեհարդար է։ Թրամփը, որ ամիսներ առաջ պատրաստակամություն էր հայտնել դեմ առ դեմ զրուցելու հատուկ դատախազի հետ, այժմ կարծես ետքայլ է անում։ Նման պահվածքը, սակայն, ունի իր պատճառները։

Այսպես` պարզվում է, որ հատուկ դատախազ Մյուլերը Սպիտակ տուն է ուղարկել իր հարցաշարը։ Դրանում ամփոփված են այն բոլոր հարցերը, որոնք այս պահին ծագել են նախաքննական մարմնի մոտ, եւ նախագահի տված պատասխաններից է կախված հետագա ընթացքը։ Ըստ էության, Մյուլերի թիմը հետաքննության շրջանակներում հասել է այն կետին, որտեղ առաջ գնալու համար հարկավոր է զրուցել անձամբ նախագահի հետ։ Դատախազի հարցաշարը արդեն իսկ հրապարակվել է ամերիկյան մամուլում, եւ դրանց ընթերցանությունը հուշում է, թե ինչ ուղղությամբ է ընթանում հետաքննությունը։ Դատախազը պատրաստվում է նախագահին հարցնել արդարադատությանը խոչընդոտելու, իր թիմակիցների ու ռուսական շրջանակների շփումների մասին տեղյակ լինելու, ֆինանսական մեքենայությունների մասին տեղեկություններ ունենալու մասին։ Մյուլերը այնքան մանրամասն հարցեր է մշակել, որոնք ոչ միայն կաշկանդելու են Թրամփին ստելու հարցում, այլեւ կարող են զրույցի ընթացքում նրան հունից հանել։ Թրամփի նոր իրավաբանները հայտնել են, որ հարցազրույցը կարող է տեւել առավելագույնը 2-3 ժամ, սակայն հազիվ թե խոսելասեր Թրամփը դիմանա գայթակղությանը ու լռի։

Ավելին` Մյուլերն էլ արհեստավարժ մասնագետ է, որը երկար տարիներ եղել է ԱՄՆ ՀԴԲ տնօրենը ու քաջ գիտի նման հոգեբանության տեր անձանց ինչպես խոսեցնել։ Հատկանշական է այս առումով ՀԴԲ նախկին տնօրեն Քոմիի դիտարկումը, ըստ որի` Թրամփի խառնվածքը նման է մաֆիայի պարագլխին, որը բոլորից պահանջում է նվիրվածություն եւ անառարկելիորեն իրեն հնազանդում։ Կարելի է չկասկածել, որ Մյուլերը նույնպես այդ եզրահանգմանն է եկել եւ Թրամփի հետ հարցազրույցին այդ մտածումով էլ պատրաստվելու է։ Սակայն արդեն հարցականի տակ է Թրամփի մասնակցությունը այդ զրույցին, քանի որ այն կարող է հեշտությամբ տապալվել ու բացասական լույսի ներքո տեղավորել նախագահին։ Նրա իրավաբանները սկսել են շրջանառել տեղեկություններ, թե իբր Թրամփը չափազանց զբաղված է եւ հազիվ թե ժամանակ գտնի հատուկ դատախազի համար։ Սակայն դա արդարացում չի կարող լինել, քանի որ դեռ 1999 թ. ԱՄՆ Կոնգրես նույն հիմքով չներկայանալու` նախագահ Բիլ Քլինթոնի պնդումները անարժանահավատ էին հռչակվել` Գերագույն դատարանում պարտավորեցնելով նախագահին պարզաբանումներով հանդես գալ։ Այնպես որ, Թրամփը հազիվ թե խուսափի անխուսափելի թվացող իրավիճակից եւ վաղ թե ուշ ստիպված է լինելու հանդիպել դատախազին։ Դա կլինի կա՛մ նրա կամքով, կա՛մ Գերագույն դատարանի պարտադրանքով։

Հայաստանում նման նախադեպ չի եղել, որ դատախազը քննի գործող կամ նախկին նախագահի գործունեության որեւէ դրվագ։ Թեեւ 2008թ. իշխանության բռնազավթման ու զանգվածային անկարգությունների հոդվածներով հարուցված գործով որպես հիմնական անձ նշվում էր ՀՀ առաջին նախագահի անունը, սակայն իշխանություններն այդպես էլ չհամարձակվեցին Տեր-Պետրոսյանին հարցաքննության կանչել։ Հետաքրքիր է, որ շինծու գործերով դատվեցին տասնյակ քաղբանտարկյալներ, սակայն 2008թ. շարժման առաջատարին հրաժարվեցին ձերբակալել։ Մինչդեռ Տեր-Պետրոսյանը պատասխանատու կերպով հայտարարում էր, որ ինքն է շարժման առաջնորդը, եւ եթե որեւէ մեկը իրավական հանցանք է գործել, ապա դա արել է իր գիտությամբ։

Բայց, իհարկե, իշխանությունները չէին կարող ձերբակալել նրան, քանզի ոչ միայն կխայտառակեին ամբողջ երկիրը, այլեւ առաջին հերթին իրենք կհայտնվեին ծանր կացության մեջ։ Այդպիսի ակնարկ անգամ արել էր ժամանակին Սերժ Սարգսյանը ամերիկյան դիվանագետների հետ հանդիպման ժամանակ։ Ի դեպ, Քոչարյանի ու Սարգսյանի նախագահության շրջանում էլ բացառված էր նրանց հանդեպ իրավապահների հետաքննության հնարավորությունն անգամ ի հեճուկս բազմաթիվ աղաղակող փաստերի։ Սա խոսում է պետության իրավական համակարգի բացարձակ անկատարության մասին, երբ դատախազը քաղաքական նպատակահարմարությամբ է առաջնորդվում հանցագործության մասին հաղորդումներին ընթացք տալիս։ Հուսանք, որ թավշյա այս հեղափոխությամբ իշխանության հովանավորության էջը առհավետ կփակվի, եւ Հայաստանում վերջապես կձեւավորվի արդարադատության այնպիսի համակարգ, որտեղ գործող նախագահին իրավական պատասխանատվության կանչելը ահուդողի չի մատնի դատախազներին, դատավորներին ու քննիչներին։

Ն. Հովսեփյան




Լրահոս