Լարված իրավիճակ Կենտրոնի քննչական բաժնում․ դատախազները «պատերազմ են» հայտարարել քննիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լարված իրավիճակ է ստեղծվել ՀՀ քննչական կոմիտեի` Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում. դատախազները պատերազմ են հայտարարել քննիչներին: Պատճառը 2017 թվականի դատախազ եղբայրների կողմից քննիչի ծեծն է:
Եվ այսպես` «Ժողովուրդ» օրաթերթը օրերս գրել էր, որ ամբաստանյալի աթոռին է հայտնվել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ռաֆիկ Կարապետյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելով` զուգորդված խուլիգանության միջին ծանրության հանցագործության վերաբերյալ իր վարույթում քննվող թիվ 15856017 քրեական գործով միասնական դիտավորությամբ կեղծել է ապացույցներ:
Այս արարքի համար քննիչ Ռաֆիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 349 հոդվածի 2-րդ մասի` ապացույցներ կեղծել, հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին:

Ենթադրություններ կան, որ մի խումբ անձանց վիճաբանության փաստի առթիվ հարուցված քրեական գործով քննիչը ապացույցներ է կեղծել, քանի որ մեղադրյալները կա՛մ նրա մտերիմներն են եղել, կա՛մ էլ քննիչը այդ քայլին գնացել է կողմերից «կլորիկ գումար» ստանալու արդյունքում:
Սակայն դատելով նախաքննության մարմնի կողմից առաջադրված մեղադրանքից` վիճաբանությանը մասնակցած անձինք մտերիմ չեն եղել քննիչ Խաչատրյանի հետ, եւ ոչ էլ քննիչը գումար է վերցրել:
Սակայն մեզ հասած լուրերի համաձայն` վերոնշյալ պատմությունը բավականին խորը արմատներ ունի:

Չեն մոռացել

Ինչպես հայտնի է` 2017թ. նոյեմբերի 20-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել ՀՀ քննչական կոմիտեի` Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: ՀՀ գլխավոր դատախազության դատախազներ, եղբայրներ Նարեկ Խաչատրյանը ու Հայկ Խաչատրյանը ծեծի էին ենթարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Նազարյանին, իսկ ահա միջադեպը կապված էր եղել աշխատանքային տարաձայնության հետ: Միջադեպից հետո գործին խառնվեց հատուկ քննչական ծառայությունը, եւ փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը): Սակայն կարճ ժամանակ անց գործը կարճվեց:
ՀՔԾ-ն չէր հայտնել, թե ինչ հիմքով է կարճվել գործը, սակայն մեզ հայտնի դարձավ, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Նազարյանը ասել է, որ բողոք չունի դատախազների դեմ: Իսկ ահա ՀՔԾ-ում էլ հիմք ընդունելով քննիչի ասածը` դատախազ եղբայրներից մեկի հանցակազմի բացակայության հիմքով են ազատել պատասխանատվությունից, իսկ մյուս դատախազին էլ մեղադրանք չկա:

Ի դեպ, այս դեպքը ուշագրավ էր այնքանով, որ դատախազ եղբայրները քննիչ Սուրեն Նազարյանին ծեծել էին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի աշխատասենյակում:
Ինչեւէ, այս պատմությունը այսպես էլ մոռացության տրվեց, իսկ ահա դատախազ եղբայրները, անկախ այն հանգամանքից, որ իրենց նկատմամբ բողոք չկա, ազատվեցին պատասխանատվությունից եւ դեռ ավելին` շարունակում են իրենց դատախազական գործունեությունը:

Պատերազմ են հայտարարել

ՀՔԾ կարճեց Կենտրոնի քննչականում քննիչի եւ դատախազների միջադեպի գործը, սակայն միջադեպի հետքերը դեռեւս շարունակվում են: Դատախազների մոտ միջադեպի հետքերը չեն սպիացել, եւ վերջիննես պատերազմ են հայտարարել նույն բաժնի քննիչների դեմ:
Բանն այն է, որ Կենտրոնի բաժնի դատախազների եւ քննիչների միջեւ թեժ խոսակցություն է եղել, մասնավորապես դատախազները քննիչներին հասկացրել են, որ ամիսներ առաջ քննիչի պատճառով դատախազները հայտնվեցին ՀՔԾ-ում, եւ հիմա էլ իրենք նույն բանը չեն կարող անել քննիչների նկատմամբ, ու այստեղից էլ սկսել է դատախազների կողմից քննիչներին հսկելու, նրանց գործի վրա բացթողումներ գտնելու գործընթացը, ինչը համակարգում լարված իրավիճակ է ստեղծել:
Առաջին հայացքից կենտրոնի դատախազների մոտեցումը կարել էր գովելի համարել, որ վերջիններս ամեն ինչ անում են` օբյեկտիվ քննություն իրականացնելու համար, սակայն սա այդ դեպքը չէ: Ասել է, թե դատախազները արհեստական քննիչների աշխատանքի մեջ թերություններ են փնտրում, ինչի արդյունքում էլ որոշ քննիչներ հայտնվել են ամբաստանյալի աթոռին: Խոսքը, մասնավորապես, Կենտրոնի քննիչ Ռաֆիկ Կարապետյանի մասին է, որին ապացույցները կեղծելու համար մեղադրանք է առաջադրվել: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն` վերջինիս գործով դատարանում աղմկահարույց բացահայտումներ են սպասվում, թե ինչ հանգամանքներում են քննիչի դեմ քաղաքացիները ցուցմունք տվել, չի բացառվում, որ դատարանում կոնկրետ դատախազների անուններ տրվեն, որոնք էլ ստիպել են քաղաքացիներին ասել, որ քննիչն է իրենց ասել` այսպես գրեք կամ այսպես արեք:

Դատախազությունը պարզաբանում է

Ստեղծված իրավիճակի մասով պարզաբանման համար դիմեցին ՀՀ գլխավոր դատախազություն, ինչին ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին. «Նման տեղեկություններն առնվազն պարզունակ հերյուրանքներ են: Ինչպես ՔԿ բոլոր ստորաբաժանումների, այնպես էլ Ձեր նշած բաժնի քննիչների հետ դատախազների հարաբերությունները բնական ու աշխատանքային են, եւ այդ միջադեպի հետ կապված եղած խնդիրները հարթված են, ընդ որում, դատախազների եւ քննիչների հաշտությամբ:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազները, որոնք դատավարական ղեկավարում կամ հսկողություն են իրականացնում Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործերով նախաքննության նկատմամբ, գործում են իրենց իրավասությունների սահմաններում եւ օգտվում են դատախազական ներգործության` օրենքով իրենց վերապահված լիազորություններից: Բայց դա որեւէ ձեւով չի կարելի անձնավորել կամ այդ գործառույթների իրականացումը ներկայացնել բացարձակապես այլ լույսի ներքո»:

Քնար Մանուկյան




Լրահոս