2017 թվականի մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ մահափորձ է իրականացվել քրեական հեղինակություն Արթուր Աստրյանի՝ Դոն Պիպոյի դեմ: Ավելին` հրապարակվեց այն մասին, որ մայիսի 8-ին անձամբ Դոն Պիպոն կասկածել էր իր դեմ նախապատրաստվող սպանության վերաբերյալ եւ այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին: Նույն օրը սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել էին Արկադի Քոչինյանը, Արտակ Զաքարյանը եւ ոմն Ղազախեցյանը, որոշ ժամանակ անց խմբին օժանդակելու համար կալանավորվել էին նաեւ Զոհրաբ Ղումաշյանը, Արտակ Այվազյանը:
Աղմկահարույց դեպքի բացահայտումից հետո հրապարակվեց, որ կասկածներ կան առ այն, որ մահափորձը պատվիրել է Արտյոմ Հարությունյանը` Կանեւսկոյի Արտյոմը: Սակայն ավելի ուշ գործով մեզ աղմկահարույց մանրամասներ հայտնի դարձան. Դոն Պիպոյի դեմ մահափորձը ծրագրելու մեջ մեղադրվողների պլաններում եղել է նաեւ օրենքով գող Անդրանիկ Սողոյանի` Զապի դեմ նման քայլ կատարելու մտադրություն:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Անդրանիկ Սողոյանի դեմ մահափորձ անելու համար կալանավորված անձանցից մեկը արտերկրից հատուկ քաղաքացու է կանչել Հայաստան` խոստանալով 400 հազար ԱՄՆ դոլար: Համենայն դեպս, նման փաստեր կան քրեական գործով, իսկ թե որքանո՞վ են դրանք հիմնավոր, պարզ կդառնա դատաքննության ժամանակ:
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի ցուցմունքը, թե ինչ հարցեր են տվել նրան քննիչները եւ ինչ պատասխան են ստացել:
Նախ մինչ ցուցմունք տալը, քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը նշել է. «Հայաստան եմ եկել 2017 թվականի մայիսի 19-ին կամ 20-ին: Հայաստան եկել եմ ընտանիքիս անդամների հետ, որպեսզի էջմիածնում մասնակցեմ ընկերոջս` Վարդանի երեխայի հարսանեկան արարողությանը որպես քավոր: Նախապես պլանավորել էին մնալ 1 ամիս: Ինձ շրջապատում, բացի Արթուրից, դեռեւս մանկուց անվանում են նաեւ Պիպո: Ինչ վերաբերում է սպանության նախապատրաստությանը, ասեմ, որ այս մասին տեղեկացել եմ 2017 թվականի մայիս 24-ին երեկոյան համացանցում տարածված լուրերից, իսկ հեռուստացույցով տեսել եմ, որ ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդու, որոնք նախապատրաստվել են ինձ սպանել: Կախված այդ դեպքի հետ, այլ մանրամասների չեմ տիրապետում, տեղյակ չեմ եղել, իմ շրջապատում նման բան չեմ լսել եւ որեւէ արտասովոր բան չեմ զգացել, որը կարող էր ինձ հուշել կամ հասկացնել, որ իմ նկատմամբ նման բան է նախապատրաստվում»:
Քննիչի հարցը – Ձեր սպանության նախապատրաստության կասկածանքով ձերբակալվել են Վանաձորի բնակիչներ Արտակ Այվազյանը, Արկադի Քոչինյանը, Վազգեն Ղազախեցյանը: Ասացեք խնդրեմ` ճանաչում եմ, արդյո՞ք, նրանց, եթե այո, ի՞նչ հարաբերությունների մեջ եք գտնվում նրանց հետ:
Արթուր Ասատրյանի պատասխանը – Ես նրանց չեմ ճանաչում եւ երբեւէ նրանց հետ որեւէ հարաբերություն չեմ ունեցել:
Քննիչի հարցը-Իսկ Զոհրաբ Ղումաշյան անուն-ազգանունով անձի ճանաչո՞ւմ եք:
Պատասխան – Այդ անձնավորությունը անծանոթ է, նման անձի չեմ ճանաչում:
Հարց- Երբեւէ որեւէ մեկի հետ տարաձայնություն, խնդիր, ընդհարում, վեճ ունեցե՞լ եք, թշնամական հարաբերություններ որեւէ մեկի հետ ունեցե՞ք եք, թե՞ ոչ:
Պատասխան- Ընդհանրապես որեւէ մեկի հետ որեւէ տարաձայնություն խնդիր կամ վեճ չեմ ունեցել թե՛ բիզնեսում, թե՛ բիզնեսից դուրս: Որեւէ մեկի հետ թշնամական հարաբերություն չունեմ: Այստեղ կուզեի ավելացնել, որ ինձ համար նույնիսկ անհասկանալի է, եւ մինչ օրս չեմ կարողանում հասկանալ, թե վերոհիշյալ երեք անձինք ինչո՞ւ են նախապատրաստվել ինձ սպանել:
Հարց– Իսկ Դուք որեւէ տեղեկություն ունե՞ք, թե նրանք ինչու են Վանաձորից եկել Էջմիածին, որտե՞ղ են բնակվել, եւ արդյո՞ք տունը, որտեղ բնակվել են, մոտ է Ձեր տանը:
Պատասխան-Ես այդ մասին որեւէ տեղեկություն չունեմ, միայն կապված նրանց կողմից Էջմիածնում բնակվելու հետ` կասեմ միայն, որ ես, երբ ծանոթացա ինձ տուժող ճանաչելու որոշմանը, իմացա, որ նրանք վարձել են Էջմիածին քաղաքի սպարապետ Վազգեն Սարգսյան փողոցի 1 Ա հասցում գտնվող տունը, թե ումն է պատկանում, տեղյակ չեմ: Կասեմ, որ այն գտնվում է իմ տան հարեւանությամբ, որտեղ ես ու ընտանիքս մշտապես բնակվում ենք: Ես ամեն օր այդ հասցեում գտնվող տան դիմացի ճանապարհով եմ գնում տուն, այնտեղով է ճանապարհն իմ տուն տանում, իսկ այդ տան եւ իմ տան ճակատային մասերը նայում են իրար:
Հարց– Ասացեք խնդրեմ` Հայաստան գալուց հետո` մինչեւ մայիսի 24-ը, որտե՞ղ եք գտնվել, ինչո՞վ եք զբաղվել եւ ե՞րբ ուր եք գնացել:
Պատասխան-Հայաստան գալուց հետո` մինչեւ մայիսի 24-ը, գրեթե ամեն օր գտնվել եմ Էջմիածնում: Հիշում եմ, որ մի օր, երեւի մայիսի 22-ին, Երեւան եմ գնացել, ընկերներիս հետ հանդիպել, Աբովյան փողոցում գտնվող «Ծիրան» ռեստորանում հաց ենք կերել, որից հետո վերադարձել եմ Էջմիածին: Նշեմ, որ այդ օրերին հիմնականում եղել եմ իմ տանը կամ եղբորս` Արմեն Ասատրյանի այգում:
Հարց-Դուք որտե՞ղ եք եղել մայիսի 24-ից հետո, երբ իմացել եք սպանության նախապատրաստության մասին:
Պատասխան-Գտնվել եմ Էջմիածնի մեր տանը: Միայն մայիսի 25-ին` ժամը 20-ից 21-ի սահմաններում, եղել եմ Երեւանում, Տերյան փողոցի վրայի «Պանդոկ» ռեստորանում, որտեղ հանդիպել եմ Իտալիայից եկած իմ հյուրերին ու վերադարձել եմ Էջմիածին:
Հարց-Նախաքննության ընթացքում տեղեկություններ է ձեռք բերվել, որ Ձեր հրահանգով վերոհիշյալ անձանց Էջմիածնում առեւանգել են, մի քանի օր պահել տարբեր վայրերում, նրանց նկատմամբ բռնություն գործադրել, ցույց տվել նրանց ընտանիքի անդամների լուսանկարները, սպառնացել նրանց, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներին վնասել, որպեսզի հայտնեն Ձեր սպանության պատվիրատուների անունները, եւ միայն մի քանի օր անց եք նրանց բաց թողել: Ի՞նչ կասեք այդ մասին:
Պատասխան-Այդ ամենը իրականությանը չի համապատասխանում, դրանք հերյուրանքներ են, ավելացնելու ոչինչ չունեմ:
Քնար Մանուկյան