Աղքատների մասին «մտահոգվող» Հակոբ Հակոբյանի ունեցվածքը տարեցտարի ընդլայնվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Թունելի Հակոբի ունեցվածքը տարեցտարի ընդլայնվում է ու ընդլայնվում: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա դրամական միջոցները անցած տարեվերջին կազմել են 22 հազար դոլար, 3.5 մլն դրամ: Իսկ ահա փոխառության գումարը տարեվերջին կազմել է 170 հազար դոլար եւ 120 մլն դրամ:

ՀՀ Աժ առողջապահության սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբյանը որպես եկամուտ հայտարարագրել է երկու ընկերությունից ստացած շահաբաժինը, որը ընդհանուր կազմում է 220 մլն 662 հազար դրամ: Իսկ աշխատավարձը ամսական կազմում է 628 հազար դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ խոսքը այն պատգամավորի մասին է, ով նախորդ տարվա վերջիին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ «թանկացումները աղքատներին չեն վնասում, քանի որ միեւնույն է` նրանք այդ թանկացող ապրանքը չեն գնում»:

Բայց սա դեռ ամենը չէ. այս պատգամավորի` պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է, որ ունի 9 հատ հողամաս, անհատական բնակելի երեք հատ տուն, երեք հատ հողին ամրացված այլ անշարժ գույք: Բացի այս` Հակոբյանը 4 ընկերություններում հայտարարագրել է մոտ 30 մլն դրամի եւ 1500 ռուսական ռուբլիի չափով բաժնետոմս:

Իսկ ահա նրա որդին` Պարույր Հակոբյանը, մեկ ընկերությունում ունի 44 մլն 159 հազար դրամի չափով բաժնետոմս: Նրա փոխառությունները տարեվերջին կազմել են 515 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը, որը ընդհանուր ամսական կազմել է ավելի քան 1 մլն 586 հազար դրամ: Նա մեկ ընկերությունից ստացել է 930 հազար դրամի շահաբաժին, իսկ տրված փոխառությունների դիմաց տոկոսը կազմել է 38 հազար դոլար: Ավելին` նա 9.1 մլն դրամով գույք է վաճառել:

Տեղեկացնենք, որ երեկ Հակոբ Հակոբյանը դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն: Մինչդեռ օրեր առաջ նա Վարդենիկ գյուղում իր ընտանիքին պատկանող ՀԷԿ-երի ջրամատակարարումը փակած գյուղացիներին խոստացել էր մայիսի 8-ին կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին: Հերթական ապացույցը, որ նա կարող է խաբել ցանկացածին: Այդքանից հետո, չի բացառվում, որ վարդենիկցիները նորից փակեն նրա ՀԷԿ-երի ջրամատակարարումը՝ որպես պատիժ իրենց խաբելու համար: Հետաքրքիր է` այս անգամ ի՞նչ խոստումով է մոտենալու գյուղացիներին: Հիմա էլ հո նա իշխանություն չէ, որ փորձի գործի դնել ուժային միջոցներ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս