Գործադիր եւ օրենսդիր մարմիններում այս օրերին ակտիվ վերադասավորումներ են տեղի ունենում: Ընդ որում, եթե գործադիրում դրանք բնական են, քանի որ արդեն նոր վարչապետ ունենք, ապա օրենսդիրում փոփոխություններն այնքան էլ սպասելի չէին:
Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ օրը սկսեց ուժային կառույցների ղեկավարներին աշխատանքից ազատելու առաջարկություններով: Մասնավորապես խոսքը ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանի եւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասին է, որոնց աշխատանքից ազատելու առաջարկությամբ վարչապետ Փաշինյանը դիմել էր նախագահ Արմեն Սարգսյանին: Ժամեր անց Սարգսյանը ստորագրեց պաշտոնանկության հրամանագրերը: Արդեն օրվա վերջում հայտնի դարձան նոր ուժայինների անունները. Փաշինյանը ոստիկանապետի պաշտոնում առաջադրել է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի, իսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնում` ԱԱԾ Երեւան քաղաքային բաժնի պետ Արթուր Վանեցյանի թեկնածությունները: Նախագահ Արմեն Սարգսյանն էլ ստորագրել է նրանց աշխատանքի նշանակելու համապատասխան հրամանագրերը:
Իհարկե, բնական էր, որ նոր վարչապետը պետք է փոփոխությունները սկսեր հենց ուժային կառույցներից, որոնք էլ հենց գտնվում են անձամբ վարչապետի, այլ ոչ թե կառավարության ենթակայության տակ: Հաջորդ այդպիսի հրամանագիրը պետք է վերաբերեր պաշտպանության նախարարին, սակայն մինչ այդ Վիգեն Սարգսյանն արդեն իսկ հայտարարեց իր հրաժարականի մասին: Եվ պաշտպանության նախարարի պաշտոնում ամենահավանական թեկնածուն շարունակում է մնալ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:
Արդեն օրվա ավարտին հայտնի դարձավ նոր նշանակման մասին. Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Էդուարդ Աղաջանյանը նշանակվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար: Որպես վարչապետի մամուլի խոսնակ էլ շրջանառվում է Տիգրան Ավինյանի անունը, ով հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ եւ այս օրերին հենց ինքն է համակարգում Նիկոլ Փաշինյանի շփումները լրագրողների հետ:
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո բոլորն ուշի ուշով սպասում են ապագա կառավարության ձեւավորմանը, թե այն, ինչ կազմ կունենա, ովքեր կլինեն ժամանակավոր կառավարությունում, արդյոք ՀՀԿ-ականները եւս մասնակից կլինեն:
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե խորհրդարանական ուժերի հետ պետք է բանակցություններ սկսի կառավարության նոր կազմի շուրջ: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, երեկ հանդիպում է տեղի ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Հանդիպումն այնքան էլ բազմամարդ չի եղել, մասնավորապես, մեր տեղեկություններով, ԲՀԿ քաղաքական թեւի ներկայացուցիչները ներկա չեն եղել: Չնայած համաժողովրդական շարժմանը միանալու եւ Փաշինյանին սատարելու հենց առաջին օրվանից ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, թե իրենք դա անում են առանց նախապայմանների, սակայն հստակ է, որ ԲՀԿ-ն իրականում մեծ հավակնություններ ունի:
Խոսքը 4-6 նախարարական պորտֆելի, փոխվարչապետի պաշտոնի, ինչպես նաեւ մարզպետների եւ թաղապետերի մասին է: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հանդիպումից հետո հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռեւս միայն 4 նախարարական պորտֆելի մասին: Դրանք են՝ արտակարգ իրավիճակների, էներգետիկ եւ բնական ենթակառուցվածքների, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բնապահպանության նախարարությունների մասին է: Սակայն մեր տեղեկություններով` սա նախնական պայմանավորվածություն է, եւ ԲՀԿ-ին տրվող պորտֆելները կարող են ավելանալ: Ի վերջո, սպորտի նախարարները մշտապես եղել են Գագիկ Ծառուկյանի թիմակիցները, եւ, ամենայն հավանականությամբ, այս անգամ եւս այդ պորտֆելը կրկին կտրվի ԲՀԿ-ին. այս պաշտոնը ավանդաբար ԲՀԿ-ինն է եղել: Մեր տեղեկություններով, Փաշինյանն ու Ծառուկյանը նաեւ քննարկել են Երեւանի վարչական շրջանների ղեկավարների պաշտոնները բաժանելու հարցը, իսկ սա նշանակում է, որ Տարոն Մարգարյանի պաշտոնանկությունը սարերի հետեւում չէ: Շուտով պաշտոնանկ կարվեն նաեւ Մարգարյանի թաղապետերը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին հանդիպումներ են նախատեսված նաեւ ՀՅԴ ղեկավարների հետ: Եվ ՀՅԴ-ականները չեն էլ թաքցնում, որ պաշտոններ ուզում են, եւ Փաշինյանին սատարելն էլ առանց նախապայմաններ չէր: Վերջնական նշանակումները պարզ կդառնան միայն մյուս ուժերի հետ հանդիպումներից հետո: Ոմանք կարծում են, որ պետք չէ հրաժարվել հմուտ ու իրենց գործն իմացող պաշտոնյաներից, թեկուզ, եթե նրանք ՀՀԿ-ական են, եւ պետությունը չտանել ցնցումների, ոմանք էլ՝ հակառակը: Սակայն փոփոխությունների դեպքում ամենակարեւորը համարժեք փոխարինող ունենալն է:
Իհարկե, օրը չանցավ նաեւ առանց հրաժարականների: Երեկ հրաժարականի դիմում ներկայացրեց կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը: Պատգամավորական մանդատը վայր դրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը, ով համարվում էր «Գրանդ Հոլդինգ»-ի ներկայացուցիչը խորհրդարանում: Այս ընկերության ներկայացուցիչն էր նաեւ Գրիգոր Ավալյանը, ով դեռ մայիսի 1-ին էր մանդատը վայր դնելու դիմում ներկայացրել: Գրիգոր Ավալյանին խորհրդարանում, ըստ ամենայնի, կփոխարինի Հակոբ Հակոբյանը՝ Տավուշի մարզում առաջադրված վարկանիշային պատգամավոր, իսկ Արմեն Բաբայանին էլ կրթության եւ գիտության նախկին նախարար Սպարտակ Սեյրանյանը: Սրանք էլ օրենսդիրում միակ փոփոխությունները չեն: Առաջիկայում օրենսդիր անդամներից գործադիրում պաշտոնների նշանակվելու հետեւանքով այդտեղ եւս թափուր տեղեր կմնան, եւ նոր մարդիկ մանդատներ կստանան:
Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի կարգավիճակով կառավարության առաջին նիստն է լինելու, որն ավելի շատ անցնելու է փոխնախարարների կարգավիճակով, քանի որ նախարարական պորտֆելների մեծ մասը թափուր է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր մի քանի նշանակումներ են սպասվում կարեւոր ոլորտներում, այդ թվում՝ ուժային կառույցներում: Մեր տեղեկություններով` այսօրվա նշանակումները հետաքրքիր են լինելու, որոնց որոշումն էլ երեկ է կայացվել:
Նաիրա Հովհաննիսյան