Ինչու «Լույս» հիմնադրամը դադարեցրեց իր գործունեությունը Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ «Լույս» հիմնադրամը դադարեցնում է իր գործունեությունը Հայաստանում: «Մայիսի 10-ին, «Լույսի» աշխատակազմին եւ ինձ ծանուցում է ներկայացվել մեր աշխատանքի դադարեցման մասին։ Ցանկանում եմ վստահեցնել «Լույսի»՝ ուսումը շարունակող կրթաթոշակառուներին եւ 2018-2019 ուստարվա համար արդեն դիմած երիտասարդներին (Կրթաթոշակի ծրագրի պայմաններին բավարարող), որ նրանց այս տարի եւս կշնորհվի կրթաթոշակ», – ասված է «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի հիմնադիր-գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի տարածած հաղորդագրությունում: Եվ այս տեքստից պարզ է դառնում, որ աշխատանքների դադարեցման որոշման մասին հայտնի է դարձել միայն վերջին պահին եւ պատճառների մասին հայտնի են դառնում, երբ պարզում ես, թե ովքեր են հիմնադիրները կամ գործադիր խորհրդի անդամները:

Ուշագրավ է, որ այս հիմնադրամի հիմնադիրն է եղել նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ համահիմնադիրն էլ՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բացի այս երկուսից` գործադիր խորհրդի անդամներ են հանդիսանում նաեւ Արմեն Գեւորգյանը, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ու ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանը:

Ստացվում է՝ այս կառույցը փակվեց ընդամենը մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Ընդ որում, այս հիմնադրամը Հայաստանում գործունեություն էր իրականացնում արդեն 9 տարի, այսինքն՝ ստեղծվել է Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո:

Հետաքրքիր է, որ «Լույս» հիմնադրամի միջոցով արտասահմանյան մի շարք հեղինակավոր բուհերում սովորող եւ սովորած 61 քաղաքացի ապրիլի 21-ին բաց նամակով դիմել էին Սերժ Սարգսյանին՝ հորդորելով հրաժարվել վարչապետի պաշտոնից։ Ս. Սարգսյանն էլ ի պատասխան` հայտարարել էր, թե ինքն այդ պաշտոնը ստանձնել է` հաշվի առնելով ԼՂ խնդիրն ու աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը, եւ միայն նշված խնդիրները լուծելուց հետո երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ:

Շատ արագ «Լույս» հիմնադրամը պաշտոնապես արձագանքել էր կրթաթոշակառուների բաց նամակին` նշելով, որ այն ապաքաղաքականացված կառույց է, եւ մատնացույց անելով, որ բաց նամակի տակ ստորագրել է իրենց 515 կրթաթոշակառուների ու շրջանավարտների մի մասը միայն։

«Այս հաղորդագրությամբ «Լույսի» համայնքը, անկախ իր անդամների քաղաքական դիրքորոշումներից, իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի ներկա եւ ապագա զարգացումների վերաբերյալ։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում նպաստել Հայաստանի խաղաղ եւ կայուն զարգացմանը առարկայական նախաձեռնությունների միջոցով», ֊ նաեւ ասված էր այդ հայտարարությունում:

Եվ ահա, քաղաքական փոփոխությունների հետեւանքով հայտարարության մեջ մատնանշած ապաքաղաքական կառույցը եւս զոհ գնաց:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս