ԱԺ ղեկավարությունը, կարծես թե, ցանկանում է «վրեժ» լուծել արդեն ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանից եւ հաշվել ապրիլ ամսվա բացակայությունները: Ինչպես հայտնի է՝ Փաշինյանը` որպես ընդդիմադիր գործիչ, մարտի 31-ից քայլարշավ էր սկսել եւ ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում բացակայել է ԱԺ ե՛ւ լիագումար, ե՛ւ հանձնաժողովի նիստերից: Ինչպես հայտնի է` այդ բացակայությունների պարագայում պատգամավորների աշխատավարձերից պահումներ են արվում: Եվ ստացվում է՝ այս դեպքում պահումներ կարվեն նաեւ նրա աշխատավարձից:
Վառ ապացույցն էլ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի կողմից ներկայացրած տեղեկանքն է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հակոբյանն ԱԺ ղեկավարությանը տեղեկանք է ներկայացրել ապրիլ ամսին տեղի ունեցած հանձնաժողովի նիստից Փաշինյանի բացակայությունների մասին: Իհարկե, սա ՀՀԿ-ական պատգամավորի վերջին վատությունն է, եւ այն դեպքում, երբ իր ՀԷԿ-ը փակած գյուղացիների ճնշման արդյունքում խոստացավ մայիսի 8-ին կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին, սակայն դա էլ չարեց: Համաձայնեք` փոքրոգությունը ոմանց մոտ արդեն ախտորոշում է: