Բավարար ժամանակ է պետք լինելու, որպեսզի Հայաստանի նոր իշխանությունը մտնի բանակցությունների գործընթացի մեջ. Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղյան խնդրի ներկայիս փուլի եւ Հայաստանում տեղի ունեցած շարժման` դրա վրա հնարավոր ազդեցության հարցի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ:

-Պարո՛ն Աթանեսյան, ղարաբաղյան խնդրի ներկայիս փուլն ինչպե՞ս եք գնահատում. կա՞ն արդյոք բանակցություններ, թե՞ այլ իրավիճակ է

-Չասենք, որ հիմա բանակցությունները փակուղում են գտնվում: Պարզապես սպասողական վիճակ է: Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն: Եվ պետք է սպասել, մինչեւ որ իրավիճակը կայունանա:

-Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախը պետք է լինի բանակցային կողմերից մեկը:

-Նա առաջին մարդը չէ, որ ասում է այդ մասին: Իրականությունը չխեղաթյուրելու համար պետք է ասեմ, որ այն մասին, որ Արցախը նույնպես պետք է մասնակցի բանակցություններին, լինի բանակցող կողմերից մեկը, այդ մասին շատ է խոսվել, բազմիցս է ասվել: Դա արտառոց տեսակետ չէ: Եվ որքան ես եմ հասկանում` այդ առաջարկին Ադրբեջանը համաձայն չէ. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը փաստացի մերժում է սա:

-Ի՞նչ եք կարծում` ի՞նչ քայլերով է հնարավոր հասնել ռեալ բանակցությունների:

-Նորընտիր վարչապետը հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը չի փոխվելու: Եվ Հայաստանը, ստացվում է, հավատարիմ է մնում բանակցությունների միջոցով խնդրի կարգավորմանը հասնելու իր որդեգրած քաղաքականությանը եւ այն տրամաբանությանը, որ միշտ եղել է: Չեմ կարծում, որ ներկայիս իրավիճակը, երբ Հայաստանի քաղաքական դաշտում փոփոխություններ են եղել, այդ ամենը կարող է դրական ազդեցություն ունենալ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: Թերեւս, կարող ենք ասել, որ մարտահրավերներն են առարկայական դառնում:

-Ի՞նչ մարտահրավերների մասին է խոսքը:

-Դե, օրինակ, այն, որ բավարար ժամանակ է պետք լինելու, որպեսզի Հայաստանի նոր իշխանությունը մտնի բանակցությունների գործընթացի մեջ: Իշխանությունը պետք է հաղթահարի նաեւ իշխանափոխության նկատմամբ Մինսկի խմբի անդամ որոշ երկրների կողմից առկա անվստահությունը:

-Դուք ո՞ր երկրին կամ երկրներին նկատի ունեք:

-Նույն Ռուսաստանը: Եթե նայենք, թե ինչ է գրվում այդ երկրի մամուլում, պարզ է դառնում, որ Ռուսաստանի փորձագիտական շրջանակներն այնքան էլ լավատես չեն եւ այնքան էլ վստահություն չունեն Հայաստանում ձեւավորվող նոր իշխանության նկատմամբ: Կարծում եմ, որ Ռուսաստանն անվստահություն ունի նոր իշխանության հանդեպ:

-Բայց շարժման օրերին թե՛ Ռուսաստանի, թե՛ նաեւ ԱՄՆ-ի կողմից առանձապես միջամտություն չեղավ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Իսկ Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրվելուց հետո Վլադիմիր Պուտինը շատ արագ շնորհավորեց նրան:

-Դե, պաշտոնական մասը նկատի չունեմ: Ես այս ամենի նկատմամբ այլ ընկալում ունեմ: Ես նկատի ունեմ ռուսական մամուլի հրապարակումները. Գրեթե բոլոր արձագանքները բացասական են. իրենք անվստահություն են հայտնում Հայաստանի նոր իշխանությանը, եւ դա իրողություն է: Իսկ մամուլի հրապարակումները, չեմ կարծում, թե չեն արտահայտում Ռուսաստանում առկա պաշտոնական մոտեցումը: Եվ Հայաստանի իշխանությունն այժմ պետք է փորձի հաղթահարել դա:

-Դուք լավատեսություն չունե՞ք, որ Հայաստանի նոր վարչապետն ու իր թիմը կկարողանան ղարաբաղյան խնդրում դրական տեղաշարժ ապահովել կամ շարժումն իր դրական ազդեցությունը կունենա:

-Եկեք, սպասենք իրադարձությունների զարգացմանը, կառավարության ծրագրի հրապարակմանը, այդ ժամանակ էլ պարզ կլինի, թե իրենք քաղաքական ինչ վեկտոր են ընտրում, եւ արտաքին ինչ ազդակներ կլինեն: Փաստացի, այսօր Հայաստանում իշխանություն չկա: Եվ դեռ պարզ չէ` խորհրդարանը կառավարության ծրագիրը հաստատելու է, թե ոչ, տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, թե ոչ: Կարծում եմ` մեկ, երկու ամսվա ընթացքում դա պարզ կլինի, եւ կարող ենք ավելի առարկայական գնահատական տալ այս հարցերին: Պետք է ասել, որ Ադրբեջանը մնում է նույն տեսակետին, ինչ նախկինում, եւ իրենց վերջին հայտարարության մեջ ես նոր նոտա չտեսա: Բացառություն էր այն, որ Ադրբեջանը փորձում է իբր հանդուրժողական երեւալ եւ սպասելու է, մինչեւ որ Հայաստանում վերջնականապես ձեւավորվի իշխանությունը:

-Այսինքն` կարծո՞ւմ եք` Ադրբեջանը շարունակում է նույն հռետորաբանությունն առաջ տանել:

-Այո, նույն հռետորաբանությունն է` որոշ դիվանագիտական սրբագրումներով: Այս պահին իրենց համար էլ անհասկանալի է, թե ինչ է կատարվում Հայաստանում: Իրենք պետք է հասկանան` Ռուսաստանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Հայաստանին, թե դա ձեւական է: Նույն այս իրավիճակը, որ եղավ Հայաստանում, եթե Ադրբեջանում կատարվեր, նույն ձեւով Հայաստանն էր փորձելու սպասել եւ հասկանալ: Հիմա հին իշխանությունը Հայաստանում չկա, եկել է նոր որակի իշխանություն, եւ Ադրբեջանը փորձում է հասկանալ, կողմնորոշվել այս ամենի մեջ:

Կարծում եք` պե՞տք է ղարաբաղյան խնդրում Հայաստանի քաղաքականությունը փոխվի, թե՞ ոչ:

-Կարծում եմ` նոր իշխանությունը պետք է հաջորդայնությունը պահպանի: Եթե հնարավոր է` որոշակի սրբագրումներ լինեն, բայց հիմնական քաղաքականությունը, կարծում եմ, պետք է պահպանվի:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս