«Բազում տարիներ սպասել եմ, որ երկրում այս մթնոլորտը տիրի, այս փոփոխություններն իրականացվեն, մտածում էի, որ թոռներս կտեսնեն սա, բայց ես տեսա։ Իսկապես երջանիկ եմ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ նման տեսակետ հայտնեց բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանն ու դրան հաջորդած իրադարձություններին։
Նա առանձնացրեց թատերական ոլորտի մի քանի խնդիրներ, որոնք պետք է պարտադիր լուծվեն. «Պետք է նախ եւ առաջ երիտասարդացնել թատրոնը, որովհետեւ այն մարդիկ, որոնք հիմա թատրոնների ղեկին են, հին մտածելակերպ ունեն, այդ կառույցները երկար տարիներ է՝ ճահճացած են։ Պետք է ի հայտ գան նրանք, ովքեր նոր ասելիք ունեն եւ նոր որակ կարող են բերել»,-մեկնաբանեց Սուրենը։
Սուրենի խոսքով՝ պետք է նաեւ թատրոնի մասին օրենք ընդունել, բեմադրիչը կարեւորեց նաեւ միջազգային կապեր ստեղծելն ու պահպանելը.«Մենք փակվել ենք ինքներս մեր մեջ եւ բավարարվում ենք այն ամենով, ինչ կատարվում է։ Բայց թատրոնն ուրիշ տեմպ եւ ռիթմ է պահանջում»,-նկատեց նա։
Մեր զրուցակիցը մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանին համարում է լավ մենեջեր եւ մեկը, ով մոտ է կանգնած արվեստին, գիտի՝ որտեղից գումար հայթայթել. «Ով էլ նշանակվի նախարարի պաշտոնում, պետք է կարողանա շատ արագ փոփոխություններ իրականացնել, այլապես կփոխարինվի։ Դարերով մարդիկ նույն պաշտոնին չեն մնալու այլեւս»,-շեշտեց մեր զրուցակիցը։
Նրա համար ամենակարեւորն այն է, որ ոլորտում կտրուկ եւ տեսանելի փոփոխություններ լինեն. «Պետք է լինեն համարձակ մարդիկ եւ մտավորականներ։ Նրանցից ոմանց չեզոքությունը շարժման ժամանակ խոսում է նաեւ թատրոնների՝ հասարակության հետ անհաղորդ լինելու մասին։ Թատրոնն առաջինը պետք է արտացոլեր մեր իրականությունը, հատկապես, որ այն, ինչպես հեռուստատեսությունը, ցենզուրայի չի ենթարկվում։ Բայց ոմանք, իրենց աթոռներից վախենալով, լռեցին»,-եզրափակեց բեմադրիչը։
Աննա Բաբաջանյան