««Գրանդ Հոլդինգի» կողմից Ազգային Ժողովում ներկայացված անկուսակցական պատգամավորներ Գրիգոր Ավալյանը եւ Արմեն Բաբայանն այլեւս չեն լինելու պատգամավոր: Ինչպես տասն օր առաջ Գրիգոր Ավալյանը, այնպես էլ այսօր Արմեն Բաբայանը դիմում գրեց եւ վայր դրեց պատգամավորի մանդատը: Մեր կարծիքով, նոր Հայաստանի Ազգային Ժողովում գործարարների ներկայության կարիք այլեւս չի լինելու»,- երեկ նման հայտարարություն է տարածել Վարդանյան եղբայրներին պատկանող «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը:
Սա իսկապես զավեշտ է: Ինչպես հայտնի է` «Գրանդ Հոլդինգը» ո՛չ կուսակցություն է, ո՛չ էլ կուսակցությունների դաշինք, այլ արտադրական խոշոր ձեռնարկություն: Բայց արի ու տես, որ իր առանձին «խմբակցությունն» է ունեցել ԱԺ-ում, այն էլ խորհրդարանական տարբեր խմբակցությունների կազմում: Գրիգոր Ավալյանը` ՀՀԿ, Արմեն Բաբայանն էլ ՀՅԴ խմբակցություններում են «տեղակայված եղել»: Ու, մեղմ ասած, անհասկանալի է` ի՞նչ իրավունքով է արտադրական ձեռնարկությունն ԱԺ-ում պատգամավորներ ներկայացրել: Չնայած պարզ է` այս հոլդինգն իր շահից ելնելով` ներկայացուցիչներ է գործուղել խորհրդարան` անհրաժեշտ պահի անհրաժեշտ կոճակը սեղմելու համար:
Ընդ որում, «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը 2004թ. սկսած ավանդաբար իր երաշխավորված տեղերն է ունեցել ԱԺ-ում, այն էլ տարբեր խմբակցություններում` պարբերաբար գործուղելով տարբեր մարդկանց: Այդ ամենի դիմաց ընկերությունը հավանաբար նաեւ «մուծվել է» համապատասխան կուսակցություններին` ֆինանսավորելով քարոզարշավը:
Եւ հիմա պետք է արձանագրենք` «Գրանդ Հոլդինգի» հայտարարությունը լավագույն ինքնախոստովանությունն է այն բանի, որ ՀՀ-ում սերտաճած են բիզնեսն ու քաղաքականությունը, ըստ այդմ, պարբերաբար խախտվել է ՀՀ Սահմանադրությունը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: