ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արարատ Միրզոյանը նշանակվեց առաջին փոխվարչապետ, իսկ Տիգրան Ավինյանն էլ նշանակվեց փոխվարչապետ:
Արարատ Միրզոյանը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր էր: 2000 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատը, 2002 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2004 թվականին ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան։ 2005 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան, որտեղ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել գիտությունների թեկնածուի աստիճան։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ է: 2014թ. ավարտել է Լոնդոնի Քուին Մերի համալսարանը` ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում։ 2017թ․ «ԵԼՔ» դաշինքի կողմից առաջադրվել է պատգամավորության թեկնածու Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ և Նուբարաշեն համայնքներն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում։ 2017թ․ նշանակվել է «ԵԼՔ» դաշինքի մամուլի խոսնակ։ 2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, կուսակցության հիմնադիր անդամ է։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր: