«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 16-ի բողոքի ցույցի ժամանակ Բաղրամյան պողոտան փակած դիմակավոր ոստիկանները ցուցարարների ուղղությամբ ձայնային նռնակներ կիրառեցին: Հիվանդանոց տեղափոխվեց 46 անձ, որից 6-ը ոստիկանության աշխատակիցներ էին: Բեկորային վնասվածքներ ստացավ նաեւ այն ժամանակ ցույցերի առաջնորդ, հիմա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շուտով կլրանա մեկ ամիսը, սակայն մինչ օրս տեղի ունեցածի վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փոխարենը իրավապահները փորձաքննություններ են նշանակել` հասկանալու համար, թե, ի վերջո, նռնակը կիրառելիս անվտանգության կանոնները պահպանվե՞լ են, թե՞ ոչ:
Եւ ենթադրվում է՝ փորձաքննության եզրակացությունն էլ հիմք կդառնա քրեական գործ հարուցելու, որոշում կայացնելու կամ այն մերժելու հարցում: Ի դեպ, հավելենք, որ Բաղրամյան պողոտայում նռնակ նետելու հրահանգը տվել էր ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը, որի պաշտոնանկության մասին երեկ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հետաքրքիր է՝ հանրահավաքի մասնակիցների նկատմամբ մշտապես գազանաբարո վերաբերմունքով աչքի ընկած Երանոսյանը կհայտնվի՞ մեղադրյալի աթոռին, թե՞ ջրից չոր դուրս կգա ու կճողոպրի ՀՀ-ից:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: