«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալներին քաղաքական հայացքների համար խոշտանգման էին ենթարկել: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էր ահազանգել կալանավոր Էրիկ Եղինյանը եւ պատմել, որ ՔԿՀ-ում բողոքի ակցիա է իրականացրել եւ կալանավորներին հորդորել է վանկարկել. «Նիկոլ վարչապետ, քայլ արա, մերժի Սերժին»: Այս ամենի արդյունքում Եղինյանին ՔԿՀ ղեկավարները որոշել են պատժել եւ նրան խոշտանգման են ենթարկել: Ի դեպ, կալանավորը հայտնել էր, որ իր հետ կատարվածի մասին հաղորդում է տվել Լոռու մարզի դատախազություն, սակայն իր հաղորդմանը ընթացք չեն տվել:
Ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին. ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿ-ում պատիժ կրող Էրիկ Եղինյանը ապրիլի 20-ից, 3 անգամ դժգոհություն հայտնելով իր պահման խցի վերաբերյալ եւ պահանջելով իրեն տեղափոխել այլ խուց, հաղորդումներ է ներկայացրել ՔԿՀ-ի ղեկավարության կողմից իրեն ենթադրյալ խոշտանգման ենթարկելու վերաբերյալ: Նախկին հաղորդումներում նա իր պահանջը պայմանավորել է բացառապես իր առողջական վիճակով, սննդի հետ կապված խնդիրներով: Երրորդ անգամ` ապրիլի 30-ին, ինքնավնասում կատարելուց հետո ներկայացրած հաղորդմամբ է միայն նշել, թե իր կամքին հակառակ իրեն տվյալ խցում պահելը պայմանավորված է եղել քաղաքական հայացքներով՝ չներկայացնելով որեւէ հիմնավորում: Այսինքն` վերը նշված հաղորդումներում իր կողմից ՔԿՀ-ում բողոքի ակցիա իրականացնելու, այլ կալանավորներին ինչ-որ բաներ վանկարկել հորդորելու, ՔԿՀ վարչակազմի կողմից այլ կալանավորների միջոցով իր նկատմամբ ճնշումներ գործադրելու վերաբերյալ ոչիչ չի նշել:
Չնայած դրան` ՀՀ Լոռու մարզի դատախազի հանձնարարությամբ դատապարտյալի կողմից ինքնավնասում կատարելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ինչի մասին պատշաճ կերպով Է. Եղինյանը տեղեկացվել է: Ավելին` մարզի դատախազը գրություն է հասցեագրել «Վանաձոր» ՔԿՀ պետին` ապահովելու կալանավորին վատ պայմաններում պահելու, կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված սննդի չափաքանակը չապահովելու հանգամանքների ստուգումը եւ արդյունքների մասին տեղեկացնելու մարզի դատախազությանը»: