Գյումրու պոլիկլինիկայի շենքը կռվախնձոր է դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի քաղաքապետարանը գրություն է ուղարկել Շիրակի մարզպետարան` թիվ 1 պոլիկլինիկայի շենքն ազատելու մասին: Եւ սա այն դեպքում, երբ բուժմիավորումը 1924 թվակնից տեղակայված է քաղաքի պատմական միջուկում գտնվող քարաշեն երկհարկանի, երկու մասնաշենքից կազմված կառույցում: Շենքն ազատելու պատճառը պարզ է. ներդրողներ են հայտնվել, որոնց ցանկություն են հայտնել շենքը բարեկարգել ու ծառայեցնել սեփական ծրագրերին: Այդ մասին հայտնել է Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը: «Կան ներդրողներ, որոնք ցանկություն են հայտնել վերականգնել շենքը իր բոլոր ինժեներական ենթակառուցվածքներով: Քաղաքում լուրեր են շրջանառվում այն մասին, որ շենքով հետքրքրված անձը «Ապավեն» բժշկական կնետրոնի տնօրեն Գագիկ Ադամյանն է, ով նաեւ հանդիսանում է պոլիկլինիկայի նկուղային հարկի սեփականատերը»: Արդեն մեկ ու կես տարի թիվ մեկ պոլիկլինիկան ղեկավարում է Այվազ Սուքիասյանը: Վերջինս անընդունելի է համարում տեղափոխության հարցը. «Չգիտեմ` ոնց է ստացվել, որ մասնավորի շահը գերադասվել է պետական շահից: Մենք պետական հիմնարկություն ենք, ծառայում ենք ազգաբնակչությանը: Ինձ համար դեռ գաղտնիք ու զարմանալի էր, թե ոնց կարելի էր նման քայլերի գնալ»:

Թիվ մեկ պոլիկլինիկան համայնքապատկան կառույց է: Պոլիկլինիկան տարեկան 400 հազար դրամ վարձ է տալիս: Տարիների ընթացքում պոլիկլինիկան 1.5 միլոն դրամ պարտք է կուտակել: Տնօրենն այսպես է մեկնաբանում փաստը. «Մեր պարտքերը գոյացել է վճարովի ծառայությունների իջեցման հաշվին: Շենքը քաղցրացել է, դա կապված է փողոցաշինության, թե մասնավոր ներդրողների հետ, չեմ կարող ասել»:

Այժմ էլ այլ մարդու անուն է կապվել թիվ մեկ պոլիկլինիկայի շենքի հետ: Պարզվում է` շենքով հետաքրքրված է ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի որդին՝ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը: Նա պոլիկլինկայի հարեւանությամբ ատամնաբուժարան ունի եւ հատուկ ծրագրեր է մշակել պոլիկլինիկայի շենքի հետ կապված: Հայտնի է, որ ատամնաբուժարանում թանկ ծառայություններ են մատուցվում, բժիշկներն էլ Մոսկվայում հատուկ վերապատրաստում են անցել: ««ՏիգաԴենտ». այդպես է կոչվում կենտրոնը, որը Գալուստ Սահակյանի որդուն՝ Տիգրան Սահակյանին է պատկանում: Նա եւ Գագիկ Ադամյանը կամ քավոր-սաներ են, կամ բարեկամական կապեր ունեն»,- ասաց պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանը: Թավշյա հեղափոխությունը, սակայն, խառնել է շատերի ծրագրերը: Ինչ քաղաքական գործընթացը մեկնարկել է, պոլիկլինիկայով հետաքրքրվողներ այլեւս չեն հայտնվել: Բայց աշխատակազմը դեռ անհանգիստ է: Հեղափոխության օրերին էլ պոլիկլինիկայի աշխատակազմը գործադուլ էր արել եւ միացել ցուցարարներին՝ այդ կերպ նաեւ վեր հանելով իրենց խնդիրը:

Գյումրու թիվ մեկ պոլիկլինիկայի աշխատակազմը ոչ մի դեպքում հանձնվել չի պատրաստվում: Ինչ տարբերակ էլ առաջարկվի, տեղափոխվել չեն պատրաստվում: Բոյկոտելու են այնքան ժամանակ, մինչեւ հետաքրքրությունը շենքի հանդեպ վերջնական մարի:

ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս