ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի կոչը Պաշտպանության նորանշանակ նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետը Պն-ում ներկայացրել է այն առաջնահերթությունները, որոնք որպես խնդիր ձևակերպել է նախարարի առջև: «Առաջին և ամենակարևոր խնդիրը՝ բանակի մարտունակության շարունակական բարձրացումն է: Այսօր Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը բարձր է և շարունակում է բարձրանալ, ինչը նշանակում է, որ միջազգային հարաբերություններում և բանակցային գործընթացներում ՀՀ-ի դիրքերն ամրանում են և պետք է շարունակեն ամրանալ: Նաև ուզում եմ ընդգծել, որ բանակը, ԶՈՒ-երը պետք է ամուր թիկունք լինեն Հայաստանի դիվանագիտության և բանակցային գործընթացի համար:

Հաջորդ խնդիրը, որ մտադիր ենք առաջիկայում լուծել և համարել ենք, որ Դավիթ Տոնոյանի թեկնածությունը դրա համար ամենահարմարն է, վերաբերում է բանակի ապաքաղաքականացմանը: Ես Արցախի Հանրապետությունում արդեն առիթ ունեցել եմ մեր բանակի, ԶՈՒ-երի ներկայացուցիչներին առանձնահատուկ շնորհակալություն հայտնել, որ ներքաղաքական վերջին ճգնաժամի ընթացքում ԶՈՒ-երը կարողացել են չդառնալ քաղաքական գործընթացի մաս, ինչը նախատեսված է Սահմանադրությամբ: Սա վկայում է մեր ԶՈՒ-երի ինստիտուցիոնալ կայացվածության բարձր մակարդակի մասին: Այս գործընթացը պետք է շարունակենք: Քաղաքական պրոցեսների ընթացքում, այդ թվում՝ ընտրությունների ժամանակ, բանակը չպետք է ներքաշվի որպես ընտրական գործընթացի կողմ, մեր խնդիրն է՝ ապահովել ՀՀ յուրաքանաչյուր քաղաքացու ընտրության ազատությունը և այդ առումով, առավել ևս ԶՈւ-երի ծառայող հանդիսացող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ազատ լինի իր ընտրության մեջ, որովհետև այդպես է նախատեսված Սահմանադրությամբ, օրենքներով, ու սա վերաբերում է բորորին՝ շարքայինից մինչև գեներալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ՀՀ ԶՈՒ-երը չպետք է լինեն իշխանամետ, ընդդիմադիր և իրենց քաղաքական գործոն չպետք է համարեն:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս