Կարտոֆիլի իրացմամբ զբաղվողները՝ ծանր խնդրի առջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրացման խնդիրները ՀՀ Գեղարքունիքի մարզի կարտոֆիլի արտադրությամբ զբաղվող գյուղերում տարեցտարի սրվում են: Մարդիկ այս պահին մեծ քանակությամբ կարտոֆիլ ունեն իրենց ամբարներում պահեստավորած, սակայն չեն կարողանում իրացնել գնորդ չլինելու պատճառով:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչները դժգոհեցին՝ «կրակն են ընկել ամբարած կարտոֆիլի ձեռքը»: Մարդիկ այստեղ-այնտեղ ընկած գնորդներ են փնտրում` կարտոֆիլը վաճառելու համար: Գեղհովիտցիների խոսքերով` նախորդ տարիներին Ռուսաստանից եւ Վրաստանից մարդիկ են եկել եւ մեծ քանակությամբ կարտոֆիլ տարել: Բայց այս տարի ոչ ոք չի մտել գյուղ: Մինչդեռ որքան տաքանում են օրերը, այնքան պահեստավորած կարտոֆիլը փչանում է:

Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ այժմ իրենց գյուղում մարդիկ պահեստավորած ունեն մոտ 2000 տոննա կարտոֆիլ: «2000 տոննան, որը պահեստավորած է, բավականին մեծ թիվ է մեր գյուղի համար: Նախորդ տարի նման խնդիր չկար: Իսկ այս տարի գնորդ չունենք, փնտրում ենք, բայց չկան: Անգամ հարեւան Վրաստանի Հանրապետությունից գնորդներ չեն գալիս: Այնտեղ էլ կարտոֆիլը լավ չի վաճառվում: Նույն իրավիճակն է Ռուսաստանում, որտեղից եւս չեն, գալիս կարտոֆիլ գնեն: Փորձում ենք… ամեն մեկս մի ուղղությամբ չարչարվում ենք»,- իրավիճակը ներկայացրեց գյուղապետը: Մեր զրուցակիցը փոխանցեց նաեւ, որ գյուղացիները ամբարած կարտոֆիլը չեն կարողանում անգամ ներքին շուկայում վաճառել:

Մյուս կողմից` այս տարվա եղանակային բարենպաստ պայմանների արդյունքւոմ գյուղատնտեսական տարին շուտ սկսվեց: Հետեւաբար նոր կարտոֆիլը ժամանակից վաղ հայտնվեց ներքին շուկայում: Ինչն էլ ազդեց հին կարտոֆիլի գնի վրա: Նշենք, որ այսօր հին կարտոֆիլի մեկ կիլոգրամը վաճառվում է 100-150 դրամով, իսկ նոր կարտոֆիլը` 300-350 դրամով:
Բայց չնայած սրան` գյուղացիները պատրաստ են պահեստավորած կարտոֆիլը վաճառել 70-80 դրամով, եթե ցանկացողներ կլինեն: Չնայած այս գնով վաճառելու դեպքում իրենք մեծ վնասներ են կրելու: «Եթե հայտնվի մեկը, ով 70-80 դրամով կարտոֆիլ գնի, մարդիկ անկասկած կվաճառեն: Տվող կա, տանող չկա: Բայց ամեն դեպքում պահեստավորելուց լավ տարբերակ է: Ինչ արած, ստիպված կվաճառեն այդ գնով, հակառակ դեպքում անասնակեր կօգտագործեն»,- լրացրեց գյուղապետ Վարդան Պողոսյանը:

Նույն իրավիճակն է նաեւ նույն մարզի Աստղաձոր, Վաղաշեն, Մադինա Լեռնակերտ եւ այլ գյուղերում: Օրինակ` Աստղաձորում բնակիչների մի մասը ամբարած կարտոֆիլը սկսել է խաշել եւ կերակրել անասուններին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աստղաձորցիները օրեր առաջ կաղամբն են թափել, քանի որ անգամ 20-30 դրամով չեն կարողացել վաճառել:
«Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքերով` թուրքական եւ եգիպտական ծագում ունեցող կարտոֆիլը ողողել է ե՛ւ ռուսական, ե՛ւ վրացական շուկան: Սա է պատճառը, որ ե՛ւ Ռուսաստանից, ե՛ւ Վրաստանից այս տարի գնորդները պակասեցին: «Ե՛ւ Թուրքիայից, ե՛ւ Եգիպտոսից մեծ քանակությամբ կարտոֆիլ մտավ Ռուսաստան եւ Վրաստան, սա է պատճառը, որ տեղական կարտոֆիլի արտահանումը թուլացավ: Բացի այդ` աշնանը կարտոֆիլի մեկ կիլոգրամը 170 դրամ էր, իսկ գյուղացին չվաճառեց, այլ նախընտրեց պահեստավորել: Մտածեց, որ գարնանը կարտոֆիլի գինը կբարձրանա, եւ ինքը կկարողանա 200 դրամով վաճառել: Այնինչ` հակառակը ստացվեց: Ես շատ լավ հասկանում եմ, որ 10 դրամն էլ գյուղացու համար կիլոգրամների մասով մեծ շահույթ է, բայց եւ պետք էր հասկանալ շուկան: Այնպես չէ, որ կարտոֆիլի մասով գերհագեցած է շուկան»,- նկատեց Բերբերյանը:

Զրույցի ավարտին նա ափսոսանք հայտնեց, որ այդպես էլ չի ստացվում վրացական եւ ռուսական շուկաներում տեղ զբաղեցնել. «Որովհետեւ կառավարությունում ունեինք դանդալոշներ, ովքեր իրենց անձնական բիզնեսի հարցերն էին լուծում: Այն մարդիկ, ովքեր պետք է արտաքին առեւտրի հարցերը կարգավորեին»:

Գյուղացիների բարձրացրած խնդիրը «Ժողովուրդ» օրաթերթը փոխանցեց ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, որտեղից խոստացան կապ հաստատել գյուղացիների հետ եւ հնարավոր լուծման տարբերակները քննարկել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս