Շիրակի պետական համալսարանի ռեկտորատը հանդես է եկել հայտարարությամբ, որով ուսանողներին կոչ է արել տուրք չտալ գործադուլ և դասադուլ անելու հայտարարություններին և սպասել ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից նախատեսվող օբյեկտիվ և իրավական լուծումների: Այս մասին տեղեկացրին Շիրակի պետական համալսարանի ռեկտորատից։
Հայտարարության մեջ նշված է. «Հարգելի՛ ուսանողներ, Շիրակի պետական համալսարանի ռեկտորատը հորդորում է Ձեզ ամփոփիչ ատեստավորման քննությունների նախաշեմին ապահովել ուսումնական բնականոն գործընթաց՝ չհետևելով անհարկի հայտարարությունների և չենթարկվելով սադրանքների, որովհետև ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը, հանդես գալով հայտարարությամբ, առաջնահերթ լուծելի խնդիրներից է համարել նաև ՇՊՀ-ում ստեղծված իրավիճակը:
Ուստի կոչ ենք անում այս պատասխանատու ժամանակաշրջանում տուրք չտալ գործադուլ և դասադուլ անելու հայտարարություններին և սպասել նախարարության կողմից նախատեսվող օբյեկտիվ և իրավական լուծումների»:
ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն, իր առաջին աշխատանքային օրն ամփոփելով, առաջնահերթ է համարել Շիրակի պետական համալսարանի ռեկտորի շուրջ ստեղծված իրավիճակը:
Շիրակի պետական համալսարանի ռեկտորի կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ ԶԼՄ առանձին հրապարակումները ՀՀ Շիրակի մարզի դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանության: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան,այս մասին հայտնել էին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
«Շիրակի պետական համալսարանի ռեկտորի կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ ԶԼՄ առանձին հրապարակումները ՀՀ Շիրակի մարզի դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին՝ դրանցում զետեղված տեսագրությունը և առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունները ստուգելու, քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով»,- նշել էին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Շիրակի պետական համալսարանի ուսանողները բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ պահանջելով Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հեռացումը:
Բողոքի ակցիան կազմակերպելու որոշումը կայացվել է մայիսի 4-ին, երբ պարզ է դարձել, որ բուհի ռեկտորն աշխատանքից ազատել է պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին:
Մեկ ամիս առաջ նա աշխատանքից ազատել էր նաև բուհի դասախոսներ Գագիկ Համբարյանին, Հովհաննես Խորիկյանին:
Նրանք դեռ 2017 թվականի սեպտեմբերին բաց նամակով խոսել էին Մինասյանի չարաշահումերի մասին: