«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում լուրեր էին շրջանառվում, որ ամիսներ առաջ սկանդալային պատմության կենտրոնում հայտնված Մասիսի հիվանդանոցի որոշ աշխատակիցներ մարտ և ապրիլ ամիսներին աշխատավարձ չեն ստացել: «Արմենպրես»-ի թղթակիցը փորձեց պարզել` համապատասխանում է այն արդյոք իրականությանը, և որոնք են ուշացման պատճառները:
Հիվանդանոցի բժիշկներից մեկը, ով չցանկացավ նշել անունը, հաստատեց տեղեկությունը: «Սպասում ենք ֆինանսավորման, բուժքույրերի մի մասը ստացել է աշխատավարձը, իսկ բժիշկներն ընդհանրապես չեն ստացել: Տնօրենն ասում է, որ ֆինանսավորում հունվարին չի եղել, աշխատողները շատ են, բյուջեն չի բավարարում: Եվ իրոք բյուջեն կրճատվել է, չի բավականացնում աշխատավարձին: Բայց մենք ինչո՞վ ենք մեղավոր: Թող նախարարությունը վերանայի, բյուջեն ավելացնի, մենք էլ ստանանք մեր աշխատավարձը»,-ասաց բժիշկն ու հավելեց, որ չեն ստացել մարտին և ապրիլին:
Հիվանդանոցի տնօրեն Նունե Ավանեսյանի խոսքով` հարցն ավելի գլոբալ է: «Այս տարվա մեր բյուջեն նախորդ տարվա համեմատ կրճատվել է մոտ 50 մլն-ով: Ես ընդունվել եմ Մասիսի ԲԿ աշխատանքի նախորդ տարվա մայիսի 27-ին: Ինֆորմացիային տիրապետելուց հետո հասկացա, որ 2017 թվականին մոտ 6-7 ամիս, ինչպես նաև նախորդ տարիներին եղել են թերակատարումներ: Ինչ-ինչ պատճառներով բազմաթիվ վիրահատություններ և բուժօգնություններ այս հիվանդացում չեն արվել, սակայն, որի հնարավորությունը մենք ունեցել ենք: Եվ քանի որ յուրաքանչյուր տարվա բյուջեն հաստատվում է նախորդ տարվա կատարողականի հիման վրա, իսկ նախորդ տարի բավականին թերակատարումներ են եղել, հետևաբար մոտ 50 միլիոնը բյուջեից կրճատվել է»,-հիմնավորեց Նունե Ավանեսյանն ու հավելեց, որ բյուջեն կրճատվել է ոչ միայն թերակատարումների համար: 2017-ի հունվարին հաստատած բյուջեն 538 մլն է եղել: 2017-ի վերջին բյուջեն նախարարությունից հաստատվել է մոտ 513 մլն դրամ, այսինքն՝ կատարած աշխատանքի չափով: 2018-ի հունվարի 1-ին հաստատել են ոչ նույն թվով, այլ՝ մոտ 477 մլն: Հարցին, թե որն է պատճառը, Ավանեսյանն ասաց` իրենք չգիտեն:
Տնօրենի խոսքով` աշխատողները աշխատավարձ չեն ստացել ոչ թե երկու ամիս, այլ պարզապես նրանց մի մասը` մոտ հիսուն տոկոսը չի ստացել ապրիլ ամսին: Սակայն դրամարկղի ընթացիկ վճարումներից օրական մի քանի հոգու աշխատավարձ արդեն տալիս են: Իսկ ապրիլ ամսի համար նախատեսված աշխատավարձը, որը պետք է տրվի մայիսի սկզբին, աշխատողները պետք է ստանան մինչ այս ամսվա 15-ը: Առողջապահության ոլորտում դեռ ոչ ոք ֆինանսավորում չի ստացել, այդ թվում Մասիսի ԲԿ-ն: «Ես անձամբ զանգել եմ Պետական առողջապահության գործակալություն, ՀՀ ֆինանսների նախարարություն, և ինձ հավաստիացրել են, որ առավելագույնը մինչ երկուշաբթի` մայիսի 14-ին գումարները կգան: Եվ մենք դրանով կվճարենք աշխատակիցներին: Այսինքն՝ մենք մայիս ամսվա համար ուշացում չունենք»,-նշեց Ավանեսյանն ու հավելեց, որ մեկ շաբաթ առաջ ժողով են արել, և ինքն աշխատակիցներին տեղեկացրել է, որ շուտով աշխատավարձերը կլինեն:
Ավանեսյանը նշեց նաև, որ հիվանդանոցի թիմային աշխատանքի շնորհիվ իրենք ավելի շատ մարդկանց ներգրավել իրենց առողջապահական ծառայություններում և ապրիլին 50 մլն-ից 8 մլնը վերականգնել:
Հարցին՝ թե եղած բյուջեն ինչի վրա է ծախսվել, Ավանեսյանն ասաց՝ հոսանքի, կոմունալ վճարումների, դեղորայքի, բենզինի, ջրի, աղբահանության, համակարգչային ծառայությունների, պահակային ծառայության համար, հարկերի, Շտապ օգնության մեքենաների ծախսերի վճարման, հիվանդանոցի ծառայողական մեքենաների կարմիր գծերի խախտման համար, որը կազմում է 13000 դրամ և այլն: Տնօրենը հավաստիացրեց` ավելորդ ոչ մի ծախս չի կատարվել, բոլորը հիմնավորված են:
Հիվանդանոցի հաշվապահ Գոհար Կիրակոսյանի փաստմամբ` այս տարվա հունվարի պետպատվեր չեն ունեցել, և միայն վճարովի ծառայությունից ունեցել են 13 մլն-ի եկամուտ: Առաջին ֆինանսավորումը պետպատվերի գծով ունեցել են փետրվարին՝ 46 մլն 144 հազար, իսկ ընդհանուր եկամուտը` վճարովի ծառայության հետ կազմել է 54 մլն 21 հազար: Մարտին ընդհանուր եկամուտը կազմել է 51 մլն 387 հազար դրամ, ապրիլին՝48 մլն 389 հազար դրամ:
Դիտարկմանը՝ նշված ամիսների բյուջեների տարբերությունն ահռելի չէ, ինչպե ՞ս է ստացվել, որ մի ամիս ստացել են, իսկ մյուսին` ոչ, հաշվապահը հիմնավորեց` յուրաքանչյուր հաջորդ ամսվա ֆինանսավորման հաշվին են կատարվում աշխատավարձի վճարումները: «Կոնկրետ մարտին 51 մլն 387 հազար եկամուտ ենք ունեցել, սակայն փետրվարի աշխատավարձը հաշվարկել ենք մարտին: Մայիսին պետք է վճարվեն ապրիլի համար: Դա հաջորդական եկել է պակաս ֆինանսավորման պատճառով: Հունվարին ֆինանսավորում չենք ունեցել և տվել ենք դեկտեմբերի աշխատավարձ: Հունվարին ոլորտում ոչ ոք չի ստանում ֆինանսավորում»,-նշեց նա:
Մանկական բաժանմունքի բուժքույր Անուշ Միքայելյանը, անդրադառնալով քույրերի բողոքի ակցիա կազմակերպելու լուրերին, ասաց, որ նման բան չի եղել: «Ուղղակի մենք բաժանմունքի քույրերով որոշել ենք մոտենալ մեր տնօրենին և հարցնել, թե ինչ պատճառով աշխատավարձ չենք ստանում: Տնօրենը մեզ ասել է՝ սպասենք մինչ երկուշաբթի»,-ասաց նա ու հավելեց, որ աշխատավարձ չեն ստացել մարտ և ապրիլ ամիսներին:
Ավանեսյանին ուղղված դիտարկմանը` թե ավելի վաղ ասում էր, որ մարտին ստացել են, նա պատասխանեց, որ աշխատակիցների հիսուն տոկոսն է ստացել, կան մարդիկ, ովքեր չեն ստացել: Աշխատակիցները նշեցին, որ նախքան դա երբևիցե չեն ունեցել աշխատավարձի խնդիր: