Այս պահին Սոչիում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Արարողակարգային մասն ավարտվեց, այժմ ընթանում է առանձնազրույց:
Հանդիպման ժամանակ լրագրողներն ավելի շատ հնարավորություն ունեին ներկա գտնվել և նկարահանումներ անել: Այս անգամ որոշակի պատկեր ստեղծվեց հանդիպումից, խոսք ուղղեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ապա նաև ՀՀ վարչապետը: Պուտինը հիշեցրեց, որ ապրանքաշրջանառության որոշակի աճ է գրանցվել երկու երկրների միջև, նաև թվային տվյալներ ներկայացրեց ներդրումների մասով: Պուտինը խոսքը սկսեց Փաշինյանին շնորհավորելով: Վերջինս ևս շնորհավորեց նրան՝ ասելով, որ կան հարցեր, որոնք այսօր պետք է քննարկվեն հանդիպման ընթացքում: Փաշինյանը նաև ասել է, թե հայ-ռուսական հարաբերությունների մի շարք սպեկտրներով խնդիրներ չկան:
Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, վարչապետի օգնականներ Վարուժան Ներսեսյանը, Ռուբեն Ռուբինյանը և ԱԳՆ խորհրդական, ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանը։
Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում են ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը, ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։