2018թ. մայիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հաղորդագրություն էր տարածվել, որ հայ-ադրբեջանական սահմանը հատելու ժամանակ ձերբակալվել են Բանգլադեշի 6 քաղաքացիներ, ովքեր հանձնվել են Ազգային անվտանգության ծառայությանը:
ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2018 թվականի մայիսի 8-ին` կեսգիշերն անց, Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության 6 քաղաքացիներ ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքի հարակից հատվածով հատել են հայ-ադրբեջանական (Նախիջևան) սահմանը, որից հետո բռնվել են հերթապահություն իրականացնող ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից:
Նշված անձինք ցուցմունքներ տալով հայտարարել են, որ աշխատանք գտնելու նպատակով մտադիր են եղել Իրանի տարածքով անցնել Թուրքիա, սակայն մոլորվելով պատահաբար հայտնվել են Հայաստանում:
Բանգլադեշի 6 քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի («մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը») հատկանիշներով, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ անձանց ինքնությունը պարզելու, ցուցմունքների արժանահավատությունը, սահմանահատման իրական դրդապատճառները, ինչպես նաև ծայրահեղական և ահաբեկչական խմբավորումներին նրանց առնչությունը ստուգելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: