Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից պատվով դուրս գալու համար։ «Շատ պատասխանատու պաշտոն եք ստանձնել և մաղթում եմ հաջողություններ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասաց Բելառուսի նախագահը՝ Սոչիում վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը: Նա նշեց, որ ուրախ է հանդիպման համար, քանի որ կան շատ հարցեր՝ կապված ինչպես տարածաշրջանի, այնպես էլ աշխարհի հետ, որոնք անհրաժեշտ է քննարկել։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց շնորհավորանքի և ջերմ խոսքերի համար։ Նա նշեց, որ Հայաստանը պատրաստակամ է աշխատելու երկկողմ կապերն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Լուկաշենկոյին փոխանցեց իր մեծ զարմանքը Հայաստանում մեծ թվով բելառուս լրագրողների ներկայության առնչությամբ, ովքեր եկել էին տեղում ծանոթանալու Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։ «Ես շատ բարձր եմ գնահատում հանգամանքը, որ բելառուս լրագրողները փորձում էին առաջին ձեռքից ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը։ Այն, ինչ կարող են զգալ ու հասկանալ բելառուս լրագրողները, չեն կարող զգալ այլ երկրների լրագրողները, քանի որ մենք երկար տարիներ ապրել ենք մեկ պետության մեջ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։