ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԳԱԼԻՍ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում չեն դադարում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող բողոքի ակցիաները: Հանրահավաքի հետեւանքով արդեն 9-րդ օրն է` Հայաստանի մայրաքաղաքում տրանսպորտային համակարգը մասամբ կաթվածահար վիճակում է: Մյուս կողմից` նույն Սերժ Սարգսյանի պնդմամբ` նման ակցիաները կարող են բացասական անդրադառնալ երկրում զբոսաշրջության զարգացման վրա:

«Այս տասը տարիների ընթացքում մենք քանի հանգիստ տարի ենք ունեցել, ես նկատի ունեմ ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին անկայունություն: 2017 թվականը միակ տարին է եղել, երբ փողոցներում միտինգներ չկային, հանգիստ կարելի էր տուրիստներին գալ Երեւան, ներդրողները կգային ներդրումներ կանեին»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում: Բայց Հայաստանի մի շարք տուրօպերատորներ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեցին, որ այն զբոսաշրջիկները, որոնք մտադիր են առաջիկայում այցելել Հայաստան, չեն հրաժարվել այդ մտքից: Իսկ ահա մի մասը համոզված է, որ եթե լարվածությունը չթուլանա, ապա լուրջ խնդիրներ կառաջանան:
Զբոսաշրջային եւ ավիագործակալների ազգային ասոցիացիայի նախագահ Անդրանիկ Վանցյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով այս հարցին, հայտարարեց. «Աշխարհի բոլոր երկրներում` Գերմանիայում, Ֆրանսիայում, մշտապես երթեր են կազմակերպվում, բողոքի ցույցեր են անցկացվում, բայց այդ երկիր այցելող զբոսաշրջիկների թիվն այդպես էլ չի նվազում: Չեմ կարծում, որ Երեւանում այս օրերին տեղի ունեցող հանրահավաքները լուրջ ազդեցություն կունենան զբոսաշրջության վրա»: Նրա խոսքերով` անցած տարվա ընթացքում Բարսելոնայում եւ Կատալոնիայի մի շարք այլ քաղաքներում բազմահազարանոց բողոքի ակցիաները անգամ բացասական չանդրադարձան զբոսաշրջության վրա: Եւ չնայած սրան` ե՛ւ Հայաստանից, ե՛ւ Ռուսաստանից այդ ժամանակ մեծ թվով զբոսաշրջիկներ են մեկնել Իսպանիա: «Բեռնված գնացել են, հանգստացել ու հետ վերադարձել: Դժգոհություններ չեն եղել, ոչ մի անհարմարություններ չեն զգացել: Ես ինքս բազմաթիվ անգամ եղել եմ Գերմանիայում, ամեն անգամ այնտեղ նկատել եմ բողոքի ակցիաներ, ցույցեր, երթեր, բայց երբեւէ ոչ մի խնդիր չի առաջացել»,- պարզաբանեց Վանցյանը:
Բայց Հայաստանի նորընտիր վարչապետը այլ կարծիք ունի, որն էլ նա արտահայտել է «Շանթ» հեռուտաընկերության հետ հարցազրույցում` դիմելով լրագրողին. «Օրինակ` Դուք, ենթադրենք` որոշել եք գնալ Փարիզ եւ հանկարծ լսում եք, որ Փարիզի փողոցներում հասարակական տրանսպորտ չի աշխատում, որովհետեւ այնտեղ միտինգ կա, կգնա՞ք: Կարող եք գնալ, եթե պարտադրված եք, առողջական խնդիր ունեք, բայց հանգիստ անցկացնելու համար Դուք կգնա՞ք անհանգիստ վայր»:
Սակայն զբոսաշրջային եւ ավիագործակալների ազգային ասոցիացիայի նախագահ Ա. Վանցյանի խոսքերով` երկրում զբոսաշրջությունը զարգացնելու համար նախեւառաջ պետք է նորոգել Հայաստանի ճանապարհները: «Օրինակ` Երեւանից դեպի Գառնի, Գեղարդ մի քանի կիլոմետր հեռու է, բայց ճանապարհները սարսափելի վիճակում են: Մեր հարեւան Վրաստանի Հանրապետությունում անցած տարվա ընթացքում այցելել է 7.5 մլն զբոսաշրջիկ, իսկ Հայաստան` 1.6 մլն զբոսաշրջիկ: Վրաստանում պայմաններ կան ստեղծված, աշխատանքներ են կատարվել, որը զբոսաշրջիկների համար դարձել է գրավիչ», – նկատեց մասնագետը:
Նկատենք, որ Հայաստանում տուրիզմի զարգացմամբ զբաղվում է ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն, Հայաստանի զարգացման հիմնադրամը, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը, սրանց գումարած նաեւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության վարչությունը: ՀՀ-ում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով թվով չորս պետական մարմին է զբաղվում: Բայց այդպես էլ Հայաստանը զբոսաշրջության համար գրավիչ չի դառնում: Ավելին` չեն վերանում խնդիրները` ճանապարհների ոչ բարվոք վիճակը, հանրային զուգարանների բացակայությունը, հյուրանոցային ծառայությունների եւ, ընդհանրապես, Հայաստանում տիրող բարձր սակագները եւ այլն: Իսկ այս խնդիրները լուծելու փոխարեն վարչապետ Սերժ Սարգսյանը խնդիրը տեսնում է միտինգներ, բողոքի ցույցեր անելու մեջ:
Հ.Գ. Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության տվյալներով` 2017 թվականին զբոսաշրջիկների համար Ֆրանսիան համարվել է հայտնի երկիր, որտեղ 2016 թվականին այցելել է 82.6 մլն զբոսաշրջիկ: Ի դեպ, երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են Իսպանիան եւ ԱՄՆ-ն, որտեղ այցելել է 75.6 մլն զբոսաշրջիկ: Նկատենք, որ ե՛ւ Ֆրանսիայում, ե՛ւ Իսպանիայում անցած տարվա ընթացքում պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացվել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ
Ցույցեր տեղի են ունենում ոչ միայն Գյումրիում, այլեւ արդեն Շիրակի մարզի տարբեր համայնքներում: Դպրոցահասակներին ու ուսանողներին միացել են նաեւ մտավորականներ, արվեստի գործիչներ ու մտահոգ քաղաքացիներ: Երեկ Լուսաղբյուրի ու Շիրակավանի բնակիչները փակել են Գյումրի-Արմավիր մայրուղին: Տեւական ժամանակ Լուսաղբյուր համայնքի մոտ խցանում էր: Ոստիկանների ու ցուցարարների միջեւ վիճաբանություններ են եղել: Մի քանի ժամ ճանապարհը փակ մնալուց հետո ակտիվիստների ու ոստիկանների միջեւ բախումներ են սկսվել: Ակտիվիստներն իրենց բողոքի ձայնը վանկարկումներով են արտահայտել, հետո ինքնակամ բացել ճանապարհը:
Ցույցը շարունակվել է Գյումրիում: Ժամը 18.00-ի սահմաններում Թատերական հրապարակը կրկին վերածվել է ցուցարարների թատերաբեմի: Բարձր երաժշտության ներքո նրանք համախմբվել ու առաջ են շաժվել: Ցուցարարները կոչ են արել ոստիկաններին միանալ իրենց արդար պայքարին: Ոստիկանների ուղեկցությամբ ցուցարարները շարժվել են Վարդանանց հրապարակ: Ոստիկանները, առանց խոչընդոտելու երթը, ապահովել են ցուցարարների անվտանգությունը: Գյումրիում սպասում են, թե ինչ զարգացումներ են լինելու Երեւանում, ինչ է նախաձեռնելու Նիկոլ Փաշինյանը: «Մենք այլ տարբերակ չունենք, պետք է քայլենք ու արտահայտենք մեր պահանջը»,- ասել է ակտիվիստ Կարեն Պետրոսյանը:

ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս