««ԲԵՍՊՐԵԴԵԼՆ» ԱՐԴԵՆ ԽԵՂԴՈՒՄ Է ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Սերժ Սարգսյանի դեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ընդդիմադիր շարժման, դրա ընթացքի ու հեռանկարների մասին զրուցել է դերասան, ժողովրդական վարպետ Սերգեյ Թովմասյանի հետ: Նա ոստիկաններին կոչ է արել սթափվել (ինչպես ոստիկանապետն է ասում) ու հասկանալ, որ ամեն ինչ արվում է նաեւ իրենց համար: Դերասանը իշխանափոխության թեմայի կոնտեքստում հիշել է մի առակ՝ հույս հայտնելով, որ իրադարձությունները առակի ընթացքը չեն ստանա:

-Պարո՛ն Թովմասյան, ի՞նչ եք մտածում Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժման մասին: Դուք կո՞ղմ եք նրա առաջ քաշած խնդիրներին:
-Չգիտեմ՝ ինչ ընթացք կստանա շարժումը, ամեն դեպքում, լռել չի կարելի, որովհետեւ, այսպես կոչված, «բեսպրեդելն» արդեն խեղդում է մեզ բոլորիս: Իսկ ձեռքերը ծալած նստելով` ո՞նց պիտի հաղթես: Ամեն ինչի համար պայքարել է պետք: Ուղղակի մի բանից եմ շատ վախենում, որ հանկարծ սրանք չկատաղեն ու մեր լավ երեխեքին, որոնք նորմալ կյանքով են ուզում ապրել եւ ուզում են վերջ տալ օլիգարխիական տականքությանը, հանկարծ չվնասեն: Ոստիկաններին կոչ եմ անում սթափվել, ինչպես իրենց ոստիկանապետն է ասում, սթափվեն ու հասկանան, որ ամեն ինչ արվում է նաեւ իրենց համար: Ես հասկացել եմ, որ որքան բարձրաստիճան է ոստիկանը, այնքան նա հաստափոր է:
-Ի դեպ, ասեմ, որ հաճախ քաղաքացիներին բերման են ենթարկում հենց բարձրաստիճան ոստիկանները, քանի որ շարքայինները հրաժարվում են դա անել:
-Գյումրիում ոստիկաններից մի քանիսն անցել էր ժողովրդի կողմը: Եթե միայն բոլորն այդպես վարվեին… Ուղղակի մեր նախկին նախագահը, որը հիմա իրեն վարչապետ է հռչակել (անունն էլ չեմ ուզում տալ), բոլոր հնարավոր լծակներն իր ձեռքն է առել, Հայաստանը սարքել է սուլթանական երկիր, որտեղ սուլթանը ոնց ասի, այդպես էլ պետք է լինի: Բայց ես գիտեմ, որ ինքը ժամանակին լավ մարդ է եղել, օգնող, հասնող: Գիտեք՝ մի չինական առակ կա, կուզեմ պատմել: Մի գյուղ է լինում, որտեղ ապրում է մի հրեշ: Նա միշտ տանում է ժողովրդի ունեցվածքը, կանանց: Մի տղա վերադառնում է իր գյուղ ու իմանում է այդ հրեշի մասին, ասում է. «Ո՞նց, ես կգնամ, դրա հախից կգամ, կհաղթեմ»: Տղային ասում են. «Մի գնա, քեզնից առաջ էլ շատերը գնացել, հետ չեն եկել»: Բայց տղան գնում է: Հանդիպում է հրեշին, հրեշն ասում է. «Ինձ մի սպանիր, ես էլ եմ նախկինում քեզ պես տղա եղել, եկա, սպանեցի հրեշին ու ես էլ հրեշ դարձա»: Տղան չի լսում նրան, սպանում է, հետո, երբ հասկանում է, որ այդքան ունեցվածք ու իշխելու հնարավորություններ ունի, ինքն էլ է հրեշ դառնում: Ասածս ինչ է՝ փողի համը տեսնելուց հետո շատերի մղումներն են փոխվում: Եթե լիդերը փողի հետեւից է գնում, չի կարող կառուցել ազատ ու դեմոկրատ երկիր: Հիմա Սերժ Սարգսյանին մի քանի ազնիվ ու խելացի մարդ պետք է ասի. «Ի՞նչ ես անում, քեզ պետք չի այս ամենը, վեր կաց ու գնա, բայց եղբայրդ պետք է դատվի, շատ բիզնեսներ է քանդել, շատ արյուն կա իր խղճի վրա»: Թե դրանից հետո ով կգա իշխանության, հրեշ կդառնա, թե ոչ, չգիտեմ, բայց ես կուզեմ ամեն ինչ առանց արյունի, արդար ձեւով լուծվի-գնա:
-Շարժմանը մեծ թվով երիտասարդների ներգրավվածության մասին ի՞նչ կասեք:
-Ես հպարտանում եմ, որ այսպիսի ջահելություն ունենք: Ամեն առիթով ասել եմ ու ասում եմ դա:
-Իսկ շարժման լիդերների մասին ի՞նչ կասեք:
-Կարծում եմ՝ շարժմանը մեկ լիդերը բավական է: Ուրիշ բան, եթե գտնվեն մարդիկ, որոնք կցանկանան, ասենք, խորհուրդ տալ, միանալ հավաքին, բայց նավը մեկ կապիտան պետք է ունենա, այլապես այն կխորտակվի:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

ՇՊՌՈՏԸ ՀԱՄԲՈՒՅՐՆԵՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

«Իմ կարծիքով՝ այս շարժումն առաջնորդվում է ժողովրդի կողմից: Մարդիկ այնքան համախմբված են, որ նույնիսկ ղեկավարի կարիք չունեն: Ամեն դեպքում, շատ եմ սիրում Նիկոլ Փաշինյանին, նրան իմ կողմից համբույրներ եմ ուղարկում»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգչուհի Շպռոտը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի դեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժմանը:

Շպռոտը, թեեւ բնակվում է Միացյալ Նահանգներում, ուշի-ուշով հետեւում է հայաստանյան ներքին կյանքին, ավելին՝ Գլենդելում մասնակցում է այս օրերին կազմակերպվող ցույցերին. «Ես, երգչուհի Արփինե Բեկջանյանը, «Էմփիրեյ» խմբի նախկին վոկալիստ Սարգիս Մանուկյանը ու էլի շատերը մասնակցում ենք ցույցի, ձեզ հետ ենք առավոտից երեկո, իմ ամբողջ ընտանիքը Հայաստանում է ապրում: Իմ սիրտն այդտեղ է»,-ասաց Շպռոտը:
Նա շեշտեց, որ երկրի ապագայի կերտման հարցում հույսը դնում է երիտասարդների վրա. «Ես նրանց համարում եմ իմ հենարանը, նրանց կյանքս էլ կվստահեմ: Մեծ սիրով եմ լցված մեր խելացի, հավասարակշռված, սիրուն երիտասարդների հանդեպ: Հպարտ եմ, որ հայ եմ»:
Հարցին, թե ըստ իրեն՝ Սերժ Սարգսյանը սպասո՞ւմ էր իրադարձությունների նման ընթացքի, Շպռոտը պատասխանեց. «Երեւի ինքն էլ չէր սպասում, որ այսպես կլինի, բայց իրականությունից չես կարող փախչել: Ցուցարարների քանակը շատ արագ է աճում: Այն մարդիկ, որոնք հավես չունեին տանից դուրս գալու, հիմա հասկացան, որ յուրաքանչյուրիս վրա դրված է պատասխանատվություն՝ արձագանքելու պայքարին եւ ֆիզիկապես ներկա լինելու դրան»:
Հիշեցնենք, որ «Մերժիր Սերժին» շարժմանն իրենց աջակցությունն են հայտնել մի շարք հայտնիներ՝ Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Հասմիկ Պապյանը, Ռուբեն Հախվերդյանը, Սերգեյ Դանիելյանը, Իվետա Մուկուչյանը, Հայկ Մարությանը, Հովհաննես Ազոյանը, Զառա Սահակյանը, Գիսանե Պալյանը եւ այլք:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

160 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ԱԿՆԿԱԼԻՔ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան ամռանը ցանկանում է միանալ Մադրիդի «Ռեալ»-ին: Անգլիական ակումբը պատրաստ է բաց թողնել Պոգբային, քանի որ ֆուտբոլիստը այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ գլխավոր մարզիչ Ժոզե Մուուրինյուի հետ:
Պոգբայի տրանսֆերի դիմաց մանկունյանցիները ակնկալում են ստանալ 160 մլն եվրո: Նշենք, որ տեղեկություն կար, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է նաեւ «Բարսելոնա»-ն, սակայն թիմի առաջատար Լեո Մեսսին դեմ է նրա տեղափոխությանը: Անձամբ Պոգբան ցանկություն է հայտնել խաղալ Ռոնալդուի հետ մեկ թիմում: «Ռեալ»-ի դիրքորոշումը հավանական տրանսֆերի նկատմամբ դեռեւս հայտնի չէ:

 

 

ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏԱՐԵԼ
Իտալիայում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության երկրորդ օրը: Պայքարի մեջ մտած Հայաստանի 4 ներկայացուցիչներից միայն մեկն է հաղթանակ տարել: 49 կգ քաշային կարգում Սեյրան Եղիկյանն առավելության է հասել Սերբիայի ներկայացուցիչի նկատմամբ: Պարտություն են կրել 60 կգ քաշային Արմեն Ալոյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանն ու գերծանր քաշային Սարգիս Պողոսյանը:

 

 

ԴԱԴԱՐ ԿՎԵՐՑՆԻ
«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ենթադրել է, որ մարզչական կարիերան կավարտի ավելի շուտ, քան իր գործընկերներից շատերը: Հունիսին նա կդառնա 51 տարեկան: «Հնարավոր է` ես կարիերաս ավարտեմ ավելի շուտ, քան մարզիչների մեծ մասը: Սա շատ լարված աշխատանք է: Չեմ ցանկանում մահանալ մարզչական նստարանին նստած: «Լիվերպուլից» հետո ես անպայման մեկամյա դադար կվերցնեմ: Չեմ ցանկանում աշխատել Յուպ Հայնկեսի տարիքում: Հարգում եմ այն, ինչ նա անում է, բայց ինքս այդպես չեմ անի»,-ասել է Կլոպը:
Հիշեցնենք` 71-ամյա Յուպ Հայնկեսն ընթացիկ մրցաշրջանում վերսկսել է մարզչական կարիերան եւ նորից գլխավորել «Բավարիա»-ն` մյունխենյան թիմի հետ նվաճելով Գերմանիայի չեմպիոնությունը:




Լրահոս