ՀԵՔԻԱ՞Թ Է, ԹԵ՞ ՌԴ ԿՈՂՄԻՑ ԷՐ ՆՇԱՆԱԿՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ:

-Պարո՛ն Կոլերով, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը:
-Դուք դա անվանում եք թավշյա հեղափոխություն, Նիկոլն ուզում է, որ դա լինի թավշյա հեղափոխություն, բայց դա դեռեւս հեղափոխություն չէ: Հեղափոխությունը պետք է փոխի քաղաքական եւ տնտեսական հիմքերը, բայց դեռեւս դրանք փոխված չեն: Տեսնենք, թե ինչ տեղի կունենա վաղը:
-Այն, որ ամեն ինչ, ընդհանուր առմամբ, տեղի ունեցավ խաղաղ պայմաններում` առանց կրակոցների, սպասելի՞ էր:
-Ես կարծում եմ, որ այն, որ ամեն ինչ տեղի ունեցավ առանց բռնության, առանց կրակոցների, դա ամենաշատը Սերժի շնորհիվ էր, ով ենթարկվեց այն ժողովրդին, որը դուրս էր եկել փողոց: Այդ իրավիճակում ցանկացած սպա կարող է հիմար հրաման տալ` կրակել ամբոխի մեջ: Բայց դա չեղավ:
-Կարծո՞ւմ եք` սա միայն Ս. Սարգսյանի շնորհի՞վ է, թե՞ նաեւ այն հանգամանքի, որ Ն. Փաշինյանն ամեն ինչ ճիշտ իրականացրեց, եւ Սարգսյանն այլ ելք չուներ, քան հրաժարական տալ:
-Գիտեք ինչ, Նիկոլ Փաշինյանն ապահովեց համաժողովրդական բողոքի ցույցերը: Եթե Սերժը ցանկանար, կարող էր կրակելու հրաման տալ: Եվ այն, որ չտվեց նման հրաման, դա իր արժանիքն է:
-Ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ Սարգսյանը չգնաց այդ քայլին:
-Նա կրակելու հրաման չտվեց, քանի որ հասկացավ, որ ժողովրդի մեծամասնությունն իր դեմ է, եւ հասկացավ, որ այդ կրակոցներն իրեն ոչնչով չեն օգնի: Դա ավելի կմեծացներ խնդիրը: Նա տեսավ, որ այլեւս լեգիտիմ չէ եւ ենթարկվեց այն կոնսենսուսին, որ իր դեմ էր:
-Ինչո՞ւ Ռուսաստանն այս իրավիճակում չաջակցեց Ս. Սարգսյանին:
-Հեքիաթներ են գրվում, որ Ս. Սարգսյանը Ռուսաստանի կողմից է նշանակված, իսկ հետո զարմանք է լինում, թե ինչո՞ւ Ռուսաստանը նրան չաջակցեց:
-Կան, ամեն դեպքում, կարծիքներ, որ Ռուսաստանը կարող էր ինչ-որ բան անել:
-Հիմար, շինծու կարծիքներ են: Եվ ինչպես հրավիրած մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասաց` Հայաստանի` Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում համագործակցությանը ոչինչ չի սպառնում: Կարծիքները տարբեր են: Հիմա էլ գրում են, որ դա արեց «Սորոս»-ը: Բայց մենք հո տեսանք. փողոց էին դուրս եկել բոլորը, այդ թվում` այն մարդիկ, ովքեր Ն. Փաշինյանի երկրպագուն չէին: Դա փաստ է, դա համաժողովրդական դրսեւորում էր, որը պայմանավորված էր ոչ թե Փաշինյանի նկատմամբ սիրով, այլ Սերժ Սարգսյանից ազատվելու ցանկությամբ: Եվ սրանից պարզ է, որ այն արդյունքները, որ Փաշինյանի կուսակցությունը ստացել էր ընտրություններին, չէին արտացոլում ժողովրդի իրական վերաբերմունքն իր նկատմամբ: Դա էլ ակնհայտ է: Նման իրավիճակում մեկ «Սորոս», երկու, երեք պետք չէ: Դա արդեն պարզ է:
-Նախկինում մի շարք ռուս քաղաքական գործիչներ դրական էին գնահատում Ս. Սարգսյանի քաղաքականությունը: Ինչ-որ բան փոխվե՞լ է:
-Դե, այո..: Որոշ պատգամավորներ անգամ հասցրել էին արտահայտվել` հաջակցություն Սերժի: Հիմա ստիպված են լինելու ընդունել իրենց սխալը: Քանի որ ինքը` Սերժը, եկավ եզրակացության, որ այլեւս չի կարող բարեհաջող ղեկավարել, ուրեմն նրա երկրպագուները նույնպես պետք է ասեն` այո, Սերժը ճիշտ էր, նա այլեւս չի կարող ղեկավարել:
-Եվ ինչո՞ւ սա տեղի ունեցավ` ըստ Ձեզ:
-Կարող եմ ասել, որ ես ինքս չէի սպասում, որ ամբողջ ժողովուրդը դուրս կգա փողոց: Սա, կարծում եմ, գլխավոր գործոնն էր: Իշխանությունն ամբողջությամբ կաթվածահար էր, եւ այս բողոքը հաղթահարել չէր կարող: Երբ ժողովուրդն ամբողջությամբ դուրս է գալիս, այդ թվում` մարզերից էին նաեւ եկել, պարզ է, որ ժողովրդի կամքը կոտրել չի լինի: Ցանկացած քայլ այդ ուղղությամբ ոչ թե հանդարտեցնելու էր ժողովրդին, այլ սպանելու էր պետությունը: Եվ շատ լավ է, որ Սերժը չսպանեց պետությունը: Սա հազվագյուտ դեպք է:
-Հիմա Ռուսաստանը պատրա՞ստ է Փաշինյանի հետ համագործակցել:
-Անկասկած: Դրա առաջին ազդակը Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական հայտարարությունն էր, հետո մեր նախագահի մամուլի քարտուղարն էր ասել, որ դա Հայաստանի ներքին գործն է: Այնպես որ, որեւէ խնդիր չկա: Եվ այն, ինչ ասուլիսին ասել էր Փաշինյանը, դա էլ բավական սթափ կարծիք է: Եվ դա ինչ-որ տեղ զարմանալի էր, քանի որ իր նախընտրական իմիջն ավելի նեղ էր, այսպես ասած` սեւ-սպիտակ էր: Իսկ հիմա, այս օրերի ընթացքում, կարելի է ասել` նա մի ամբողջ գլուխ բարձրացել է: Փաշինյանն ասաց, որ Հայաստանի շահերի համատեքստում Ռուսաստանի հետ ռազմական գործակցությունը խզելը հիմարություն կլինի: Եվ ասեմ, որ միայն Հայաստանի թշնամին դա կցանկանա: Երբ Հայաստանը շատ ուժեղ, հզոր կլինի, դա ուրիշ, բայց հիմա դա դեռեւս չկա, որպեսզի այդ խզումն արվի:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ՀՀԿ-Ն ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ՀԱՆՁՆԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ն դեռ չի շտապում հանձնել իշխանությունը, եւ այդ առումով Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր զարգացումներ են սպասվում: Բանն այն է, որ այս օրերին թե՛ ՀՀԿ-ի ներկայացուցիչները, թե՛ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը տարբեր հանդիպումներ են ունենում՝ փորձելով նոր դաշնակիցներ ներգրավել:

ՀՀԿ-ականներն ամեն գնով ցանկանում են պահել իշխանությունը եւ այդ նպատակով որպես առաջին դեմք առաջ են տանում վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին: Նրանք ցանկանում են որպես այլընտրանք հենց նրան առաջարկել անցումային փուլում վարչապետ՝ մինչ արտահերթ ընտրությունների անցկացումը: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նրանց այդ հարցում սատարում է «Տաշիր» ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանը, եւ երեկ Կարեն Կարապետյանի հանդիպումը պատահական չէր: Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանն ամեն գնով կփորձի բուրգի վերեւում պահել ՌԴ-ից ՀՀ վարչապետ եկած Կարեն Կարապետյանին:
Սակայն Նիկոլ Փաշինյանն էլ ձեռքերը ծալած չի նստում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Մեր տեղեկություններով` հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական ներկայիս իրավիճակը եւ հետագա լուծումները: Ընդ որում, մենք պարզեցինք, որ այս հանդիպման կայանալու հարցում մեծ ավանդ է ունեցել առաջին հերթին գործարար Խաչատուր Սուքիասյանը: Մենք տեղեկացանք, որ անկախ սպավող զարգացումներից` Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե խորհրդարանում վարչապետի ընտրության ժամանակ իրենք կընտրեն Նիկոլ Փաշինյանին: Սակայն ընդգծենք, որ այս երկու խմբակցությունների ձայները բավարար չեն լինի. առավել եւս, որ «Ծառուկյան» խմբակցությունում կան պատգամավորներ, ովքեր ավելի շատ իշխանական են, քան ընդդիմադիր եւ մեծ հաճույքով կքվեարկեն ՀՀԿ-ի թեկնածուի օգտին: Իսկ որ ՀՀԿ-ի թեկնածուն էլ հենց Կարեն Կարապետյանն է լինելու, թերեւս կասկածի ենթակա չէ: Եվ այժմ իշխանություններն ուղիներ են փնտրում, թե ինչպես կարող են ազդել բանակցությունների ընթացքի վրա, որպեսզի ամեն ինչ իրենց ցանկացած սցենարով գնա:
ՀՀԿ-ականները շատ լավ հասկանում են, որ եթե չհաջողվի Կարեն Կարապետյանին դարձնել ժամանակավոր պաշտոնակատար, ամեն ինչ կարող է վերահսկողությունից դուրս գալ, իսկ այսպես նրանք դեռ հույս են փայփայում, որ արտահերթ ընտրություններում կարող են կրկին իրենց իշխանական լծակների միջոցով գալ իշխանության: Այդ ամենն էլ լավ հասկանալով` Փաշինյանը լայնացնում է դաշնակիցների ցանկը: Այդ հարցում Փաշինյանին կարող է օգնության հասնել Դաշնակցությունը: Փորձեցինք ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հասկանալ՝ հնարավոր զարգացումների դեպքում իրենք ո՞ր ճամբարում են լինելու: Վարդանյանը, իր ոճին հավատարիմ, խուսափեց պատասխանել Դաշնակցության տեսակետին վերաբերող հարցերին՝ միայն նշելով, թե չնայած ներքաղաքական հարցերի շուրջ քննարկումներ ունեցել են, սակայն վարչապետի քվեարկության հարցի շուրջ որեւէ քննարկում դեռ չեն ունեցել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Դաշնակցությունը թերեւսկընտրի Փաշինյանին սատարելու տարբերակը, չնայած՝ հիշում եք` ՀՀԿ-ի հետ դեռ քաղաքական կոալիցիայի մեջ են, եւ կոալիցիան չի լուծարվել:
Հ.Գ. Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ հայտնի դարձավ, որ այսօր Փաշինյան-Կարապետյան բանակցությունները չեն կայանալու:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՀԱԶԱՆԳԵԼ Է
Պարզվում է` Հայ առաքելական եկեղեցու` Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Էզրաս արքեպիսկոպոսը մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը իր հերթին փորձել է ճնշել ՀՀԿ ղեկավարի դեմ Մոսկվայում անցկացված բողոքի ցույցերը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մոսկվայում` հայկական եկեղեցու հարեւանությամբ, տեղի հայերը բողոքի ցույցեր էին անցկացրել: Սակայն թեմի առաջնորդ Էզրաս արքեպիսկոպոսն այդ մասին ահազանգել է ոստիկանություն: Ցուցարար քաղաքացիները, տեսնելով ոստիկանական մեքենաները, փորձել են մուտք գործել եկեղեցի, սակայն հոգեւորականները փակել են դռները` թույլ չտալով մուտք գործել այնտեղ: Արդյունքում` տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանները 60 ցուցարարի են բերման ենթարկել: Ի դեպ, ոստիկանություն ահազանգած Էզրաս արքեպիսկոպոսը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրն է: Հիմա հասկացա՞ք, թե ինչու Հայաստանում եկեղեցականները ժողովրդի կողքին էին, իսկ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդը ոստիկանություն է բերել մարդկանց վրա:

 

 

ՀԱՐՈՒՍՏ ՓՈՒՉԻԿԱՍԵՐԸ
ՀՀԿ-ական հավերժ երիտասարդ պատգամավոր Կարեն Ավագյանը ներկայացրել է տարեկան հայտարարագիրը: Ըստ այդմ, պատգամավորի դրամական միջոցները կազմել են 41 հազար 500 դոլար եւ 15 մլն 50 հազար դրամ: Անցած տարվա վերջում նրա փոխառությունների գումարը կազմել է ավելի քան 79.5 մլն դրամ: Փուչիկների սիրահար Կարեն Ավագյանը որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը, որը ամսական կազմել է ավելի քան 630 հազար դրամ, ստացած փոխառությունները, վարկերը կազմել են 1 մլն դրամ եւ 10 հազար եվրո: Բացի այս` «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀԿ-ական պատգամավորը անցած տարում որպես եկամուտ հայտարարագրել է ստացած 2 մլն դրամի չափով «այլ եկամուտը»: Թե ինչ եկամուտի մասին է խոսքը կամ որտեղից նրան 2 մլն-անոց «նվերը», պաշտոնական փաստաթղթում նշված չէ: Ամեն դեպքում, երիտասարդ ՀՀԿ-ականի ունեցվածքն ու ունեցած եկամուտները լուրջ կասկածներ են առաջացնում:

 

 

ՀԱՓՇՏԱԿԵԼ Է
Երեւանի ընդհանուր իրավասության դատավորի անվան տակ խարդախություններ են արվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մարիամ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երազիկ Զաքոյանին ներկայացել է որպես դատավորի օգնական, եւ նրա եղբորը՝ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննված քրեական գործով մեղադրյալ Սասուն Զաքոյանին փաստաբանական օգնություն ցուցաբերելու պատրվակով Երազիկ Զաքոյանից մաս-մաս հափշտակել է 2,1 մլն ՀՀ դրամ: Սակայն գումարը վերցնելուց հետո այդ ուղղությամբ որեւէ գործողություն չի կատարել եւ հափշտակել է նշված գումարը։




Լրահոս