Այն, որ մեր երկրում արմատական փոփոխությունների կարիք կա, որեւէ մեկը, նույնիսկ Սերժ Սարգսյանը, երբեք չի հերքել: Բայց միաժամանակ ոչինչ չէր արվում այդ ուղղությամբ՝ բացի սին խոստումներից: Ու հենց սուտը կործանեց ՀՀԿ ղեկավարի իշխանությունը՝ մեծամասնությունից վերածելով ծիծաղելի փոքրամասնության:
Կարենի դեմքով Սերժը
Նախորդ տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում 10 հազար դրամով գնելով ՀՀ քաղաքացու քվեն` Կարեն Կարապետյանի դեմքով ու ժիլետով ընտրություն կազմակերպվեց եւ հաղթանակ կերտվեց: Տարբեր եղանակներով ոչնչացնելով ընդդիմադիր գործիչներին (ոմանց գնելով, ոմանց ճնշելով ու բանտարկելով)` քաղաքական դաշտը Հայաստանում պարզապես փոշիացրեց ՀՀԿ-ն: Եւ այդ փաստից նրանք այնքան էին «հարբել», թուլացել, ստեղծել էին մի երկիր, որտեղ իշխում էր ծուռ հայելիների թագավորությունը: Որպես ընդդիմադիր «շիրմա» ԲՀԿ-ն էր պահվում, պետական ապարատի գործունեության մոտիվացիան միայն սուտն էր: Փոքրաթիվ «Ելք» խմբակցությանը պարզապես լուրջ չէին վերաբերվում, մանավանդ որոշ գործիչների ընդդիմադիր կերպարի հարցում վերապահումներ կային:
ՀՀԿ-ն այնքան էր կտրվել իրականությունից, որ չէր պատկերացնում՝ մի օր պատասխան է տալու բանակի անվան տակ տարիներ շարունակ լափված գումարների համար, ինչը բացահայտվեց ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, երբ զինվորները բահով էին մարտնչում տանկերի դեմ… Չէր սպասում, որ պատասխան է տալու Սերժ Սարգսյանի ստերի համար, երբ հայտարարեց` վարչապետ չի դառնա, բայց դարձավ: Ու հենց այդ առիթով հրավիրված ԱԺ նիստի ժամանակ ՀՀԿ-ականների քծնանքը, ստով ողողված հայտարությունները, մատ թափ տալու պահվածքը վերջնականապես հունից հանեցին հասարակությանը:
Սուտը որպես կենսակերպ
Եւ փոխանակ այս մասին ՀՀԿ ներսում քննարկելու, ելքեր գտնելու փորձեր արվեին, տարիներ շարունակ Սերժ Սարգսյանին ուժային եւ ոչ ուժային խողովակներով սխալ իրավիճակ էր զեկուցվում, թե ամեն ինչ վերահսկելի է, որեւէ խնդիր չկա երկրում, ընդամենը կան փոքրաթիվ դժգոհողներ, որոնք կան բոլոր, անգամ` զարգացած երկրներում: Դրա համար էլ, երբ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ակցիաները սկսեցին զանգվածային դառնալ, ՀՀԿ-ականները անհետացան դաշտից՝ ծանր կացության մեջ միայնակ թողնելով իրենց առաջնորդին: Նույնիսկ արդեն ճամբարափոխ լինելու մասին էին մտածում:
Իսկ ինչպե՞ս հաջողվեց երիտասարդներին հաղթանակ տոնել. նախ`
որովհետեւ իրապես ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնության համբերության բաժակը բերնեբերան լցվել էր,
որովհետեւ երիտասարդությունն էր փողոց դուրս եկել՝ չնահանջելու համառ պատրաստակամությամբ,
որովհետեւ երիտասարդությունը ազնիվ էր պայքարում՝ արդարություն հաստատելու հույսով,
որովհետեւ երիտասարդները համարձակ ու գիտակցված էին գործում եւ ամենակարեւորը՝
որովհետեւ ընդդիմության լիդերները համարձակ էին մինչ այժմ եղած բոլոր լիդերներից, չկաշկանդվեցին իրենց քայլերում եւ չտրվեցին մտավախություններին (Վազգեն Մանուկյան, Ստեփան Դեմիրճյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան)
Սերժ Սարգսյանը միայնակ էր
Հաղթանակը եղավ, քանի որ Սերժ Սարգսյանը միայնակ էր. զանգվածային հանրահավաքների ու երթերի օրերին, երբ պարալիզացվել էր ողջ երկիրը: Նրա թիմակիցները անգամ չէին համարձակվում խոսել այդ թեմայով. չէր ընդունում, չէր լսում ոչ մեկի: Միայն հատուկենտ մարդիկ` Սամվել եւ Կարեն Կարապետյանները, Բակո Սահակյանը, Հրանտ Մարգարյանը, Արմեն Սարգսյանը, Արա Բաբլոյանը հնարավորություն ունեին տեսնելու կամ խոսելու Սարգսյանի հետ եւ համարձակություն ունեցան իրավիճակի լրջությունը բացատրել՝ իրենք էլ չիմանալով, թե որն է ճիշտ ելքը: Դրա համար էլ վերջին բանակցությունից 2 ժամ հետո նա անսպասելի հրաժարական տվեց այնպիսի տեքստով, որն ուղղված էր ընդդիմության լիդերին՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» խոստովանությամբ: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի թիմը իրեն միայնակ թողեց, ինքն էլ որոշեց թիմին թողնել բախտի քմահաճույքին՝ իր հանկարծակի որոշմամբ:
Արդյունքում` ունենք մի իրավիճակ, որ իրապես առանց դրսի ուժերի ազդեցության, առանց «դաբրոների», առանց մի ճյուղ ու ապակի կոտրելու Հայաստանում տեղի ունեցավ բաց ձեռքերի հեղափոխություն: Երիտասարդները հաղթեցին իրենց ավագների սերնդին, որոնք ծախվել էին 10 հազար դրամներով: Ու նկատենք, որ հետխորհրդային երկրներից առաջինն է Հայաստանը, որտեղ անցնցում իշխանափոխություն եղավ, եւ գերտերությունները հեշտությամբ «հանձնեցին» Սերժ Սարգսյանին: Ե՛ւ ՌԴ-ն, ե՛ւ ԱՄՆ-ն, ե՛ւ Եվրոպան կարծես սպասում էին հարմար առիթի՝ իրենց մշտապես մոլորեցրած Սերժ Սարգսյանից ազատվելու համար: Համենայն դեպս, գերտերություններից որեւէ մեկը չփորձեց պաշտպանել նրան, չփորձեց ժողովրդի կողմից մերժված ղեկավարին ժողովրդի կամքին հակառակ պահելու համար միմյանց հետ հարաբերություններ փչացնել, մինչեւ հիմա եղած խնդիրներին եւս մեկ նոր պրոբլեմ` թեժ կետ ստեղծել: Եւ ամեն ինչ տեղի ունեցավ նրանց կոնսենսուսի արդյունքում:
Ինտերնետը՝ մոբիլիզացրեց, ոգեւորեց
Բայց այս շարժման մեջ կարեւորագույն դերակատարություն ունեցան ժամանակակից տեխնոլոգիաները եւ լրագրողները: Կարելի է ասել՝ լրագրողների թավշյա հեղափոխություն էր. նախ Նիկոլն ինքը լրագրող է եղել եւ գիտեր ինֆորմացիայի հետ աշխատելու ձեւերը, չկրկնեց քաղաքական լիդերների անցյալի սխալները, որոնք անձամբ է քննադատել, բացի այդ, ի հեճուկս հայաստանյան տասնյակ հեռուստաընկերությունների լռության` առցանց դաշտում աշխատող լրագրողները օրուգիշեր լուսաբանում էին երկրում տեղի ունեցող զարգացումները, բացահայտում սադրանքները, եւ բացի այդ` ամեն քաղաքացի լրագրող էր դարձել՝ հեռախոսներով տեսանկարահանելով իրենց ու իրենց շրջապատում տեղի ունեցածը:
3 ելք կար
Եւ Սերժ Սարգսյանը իրավիճակից դուրս գալու 3 ելք ուներ. կա՛մ գնար արյունահեղության՝ դարձյալ խեղդելով դժգոհությունը, կա՛մ գներ ընդդիմության լիդերներին, որոնք կամաց-կամաց կմաշեցնեին թափ հավաքող հանրահավաքային ու գործադուլային ալիքը, ինչպես եղել է նախկինում, կա՛մ էլ պետք է խաղաղ հեռանար: Ընտրվեց վերջինը՝ ի պատիվ իրեն: Եւ նա գնաց մենակ:
Հրաժարականի լուրը իրական տոնախմբության էր վերածվել: Եւ ստացվում է, որ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնության ծիծաղին ու ժպիտին հենց մի մարդ էր խանգարում: Սերժ Սարգսյանի ասած գաղջ մթնոլորտը իրապես ցրված է: Հայ ժողովուրդն արդեն ինքն իրեն հավատալու փաստարկված առիթ ունի: Կսխալվի՞ Նիկոլ Փաշինյանի թիմը, նրան էլ կփոխեն նույն զանգվածային ալիքով: Սա Հայաստանն է եւ վերջ:
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՀՈՒՍԱԼՔՎԱԾ ԵՎ ԿՈՏՐՎԱԾ
Հանրապետական կուսակցության անդամները դեռ ուշքի չեն եկել Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Բանն այն է, որ նրանց համար այդ տեղեկությունը շատ անակնկալ է եղել, եւ այդ մասին նրանցից շատերը տեղեկացել են հայտարարությունից ընդամենը րոպեներ առաջ: Տեղյակ չլինելու փաստն ապացուցում են նաեւ հրաժարականից ժամեր առաջ նրանց վստահ հայտարարությունները եւ ոչ միայն: Երեկ՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին այցելել նաեւ կառավարության անդամներն ու ՀՀԿ-ական պատգամավորները, սակայն նրանք բոլորն ակնհայտ ընկճված էին, հուսալքված եւ ոչ մի պատկերացում չունեին ապագայի մասին: Եվ չնայած բոլորը միաբերան պնդում էին, թե այսօր քաղաքական հարցերի մասին խոսելու օրը չէ, սակայն ակնհայտ էր, որ նրանք ասելիք չունեին, այլ փորձում էին ուղղակի կրկին գովել Սերժ Սարգսյանին՝ արդարացնելով, թե արյունահեղություն է կանխել: Սերժ Սարգսյանն անձամբ երեկ խուսափել էր գալ Ծիծեռնակաբերդ. ներկա էին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, նախագահ Արմեն Սարգսյանն ու ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ պնդել է, թե Սերժ Սարգսյանը հրաժարականից հետո Հայաստանում է, թեեւ ըստ շրջանառվող լուրերի` նա մեկնել է ՀՀ-ից։
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ՍՈԽՈՒԿՆԵՐԸ
Մինչ ՀՀ քաղաքացիները հանրահավաքներ էին անցկացնում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, այդ ընթացքում նախագահի աշխատակազմը սոխուկներ է գնում։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ նախագահի աշխատակազմը ապրիլի 17-ին պայմանագիր է կնքել «Արտեմիս» ընկերության հետ եւ գնել սոխուկներ, բույսեր, բահեր, բույսերի սերմեր, ռետինե խողովակ, փոցխեր։ Մեզ հայտնի դարձավ, որ այս ամենի համար նախագահի աշխատակազմը պետական միջոցներից ծախսել է մոտ 0.5 մլն դրամ։ Օրինակ` 237 հատ սոխուկի համար ծախսվել է 71 հազար 100 դրամ, այսինքն` մեկ հատիկ սոխուկը նախագահի աշխատակազմը գնել է 300 դրամով։
ԱՍՈՒՄ ԷՐ՝ ԿՔՑԻ
Այն բանից հետո, երբ 2016թ. փետրվարին ՀՅԴ-ն հայտարարեց ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն ասել էր. «Դաշնակցության առաջին կոալիցիան եղել է երիտթուրքերի հետ, բոլորս գիտենք, թե մեր ժողովրդի գլխին ինչ եկավ, եւ ի վերջո՝ երիտթուրքերը հեռացվեցին իշխանությունից, ՀՅԴ-ի մյուս կոալիցիան եղել է նացիստական ուժերի հետ, եւ այդ ուժերն էլ իշխանությունից հեռացվեցին, հիմա միգուցե՝ ՀՀԿ-ից ազատվելու հնարավորությունը Դաշնակցության հետ կոալիցիա՞ն է»։ Այս օրերին, փաստորեն, ականատես եղանք հետեւյալ իրավիճակին. Սերժ Սարգսյանի հրաժարականից առաջ ընդդիմության հետ երկխոսության առաջին կոչը հնչեցրեց ՀՅԴ-ն, եւ հիմա ՀՅԴ-ականներն առաջինն են ողջունում Սերժ Սարգսյանի հրաժարականը` բողոքի ցույցերն էլ անվանելով երիտասարդության զարթոնք։
ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասել է, որ գովեստի խոսք պետք է ասել Հայաստանի ժողովրդի հասցեին, որոնք Հայաստանի ժողովրդի առաջնորդության ներքո դուրս եկան եւ կանոնավոր կերպով իրենց դժգոհությունը հայտնեցին: «Ես նաեւ գովեստով կարտահայտվեմ անվտանգության ուժերի նկատմամբ, որոնք այս ընթացքում մեծ զսպվածություն ցուցաբերեցին», – ասել է ԱՄՆ դեսպանը: Նա ընդգծել է, որ եղել են արժանահավատ հաղորդումներ ցուցարարների, լրագրողների դեմ բռնությունների մասին, եւ այդ դեպքերով պետք է իրականացվի համապարփակ քննություն, ու մեղավորները պետք է պատժվեն սահմանված կարգով: Մենք առաջիկա օրերին կաշխատենք վարչապետի պաշտոնակատար պարոն Կարապետյանի հետ: Ամբողջ հայ ժողովուրդը պետք է միատեղվի, եւ միասին երկխոսություն ծավալվի, որը պետք է իրականացվի երկխոսության, բանակցությունների միջոցով:
ՊԵՏԴԵՊԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ Է
Հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հայտարարել է. «Մենք շնորհակալություն ենք հայտնում վարչապետ Սարգսյանին իր երկար տարիների ծառայության եւ հայ-ամերիկյան գործակցությունն ամրապնդելու իր գործունեության համար: Հուսով ենք, որ նրա հաջորդին որոշելու ժողովրդական գործընթացը կիրականացվի թափանցիկ եղանակով` համաձայն Հայաստանի օրենքների ու ստանձնած միջազգային պարտավորությունների: Սպասում ենք նոր կառավարության հետ սերտ համագործակցությանը»:
ԿՐԵՄԼԸ ԳՈՀ Է
Կրեմլը հայտարարում է, թե գոհ է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը չի գնում ապակայունացման ճանապարհով, եւ հույս է հայտնում, որ կայունությունը կպահպանվի, եւ քաղաքական փոխհամաձայնություն կհաստատվի: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է. «Այն, ինչ կատարվում է Երեւանում, մեր հայ բարեկամների, դաշնակիցների ներքին գործն է: Մենք հույս ունենք, որ Հայաստանում կպահպանվի կարգուկանոնը, կայունությունը, եւ ամենամոտ ժամանակում ի հայտ կգան հայ ժողովրդին ներկայացնող ուժերի փոխհամաձայնությամբ որոշված քաղաքական կոնֆիգուրացիայի ուրվագծերը»: