Ապրիլի 23-ին ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից զորամասը լքելու եւ ցուցարարներին միանալու գործընթացը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականների միջեւ ներքին տարաձայնության պատճառ է դարձել:
Ամենախիստ պատասխանատվության միջոցները
Ապրիլի 23-ին Երեւանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ 10 օր տեւած «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ համազգեստներով: Վերջիններս, լսելով ցուցարարների ձայները, լքել էին զորամասը եւ միացել «Մերժիր Սերժին» նախաձեռնությանը:
Կատարվածը պատճառ դարձավ, որ իրավիճակին խառնվեց ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ հանդես եկավ կոշտ հայտարարությամբ. «ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից սույն թվականի ապրիլի 23-ին Երեւան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքին մասնակցությունը եւ այդ զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառելու է ամենախիստ պատասխանատվության միջոցները, քանի որ ՀՀ զինված ուժերի զինծառայողների կողմից ցանկացած հավաքներին մասնակցելու կամ դրանք կազմակերպելու ազատության իրավունքի իրականացման սահմանափակումները սահմանված են Սահմանադրության 44-րդ հոդվածի 2-րդ մասում, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ու 8-րդ հոդվածի 2-րդ մասում, «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետում:
Նշված զինծառայողների գործողությունները ոչ միայն դիտարկվում են որպես զորամասի օրվա կարգացուցակով նախատեսված զորամասում գտնվելու կարգի խախտում եւ զորամասն ինքնակամ թողնելու միջոցով իրենց պարտականությունների կատարումից հրաժարում, որի կապակցությամբ օրենքով սահմանված կարգով համապատասխան հաղորդում է տրվել իրավասու իրավապահ կառույցներին, այլեւ կոպտորեն խախտում են զինված ուժերի քաղաքական գործընթացներից դուրս լինելու ժողովրդավարության առանցքային սկզբունքը: Սա պետք է մտահոգի նաեւ միջոցառման կազմակերպիչներին:
Լեզվակռիվ հայտարարությունից առաջ
Սակայն մինչ այս հայտարարության տարածումը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականների միջեւ ներքին տարաձայնություն է սկսվել: Բանն այն է, որ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականները հորդորել են նախարարին, որ զորամասը լքած զինվորականների մասով զերծ մնա որեւէ գնահատական տալուց, առավել եւս պատասխանատվության մասին չխոսել: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ԶՈՒ բարձրաստիճան զինվորականները հորդորել են պատասխանատվության մասին խոսելու փոխարեն հանգիստ ճանապարհով զինվորականներին հետ վերադարձնել զորամաս: Սակայն հորդորները տեղ չեն հասել, եւ սկսվել է լեզվակռիվ, որը եւս արդյունք չի տվել: ՊՆ նախարարի հրահանգով հայտարարություն է տարածվել զորամասը լքած զինվորականների պատասխանատվության մասին:
Հիմա ակտիվորեն քննարկվում է, թե ինչպես են զինվորականները կարողացել միանալ ցուցարարներին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ ներքին խոսակցություններում ասել են, թե դուրս են եկել զորամասից, որպեսզի օգնեն ցուցարարներին, պաշտպանեն ոստիկաններից եւ ինքնաբուխ միացել են բողոքի ակցիային: Սակայն ըստ մեզ հասած լուրերի` երբ ժամեր անց իրավիճակը փոխվել է, եւ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, ՊՆ-ում, մեղմ ասած, իրավիճակից ելնելով` մոռացել են զորամասը լքած եւ ժողովրդին միացած զինվորականներին պատասխանատվության ենթարկելու մասին: Ինչեւէ, մեզ հասած լուրերի համաձայն` երեկվա դրությամբ որեւէ ծառայողական քննություն եւ այլ քրեական գործ հարուցված չի եղել: Ամեն ինչ կախված է քաղաքական գործընթացների հետագա զարգացումից: Չի բացառվում, որ իրավիճակից ելնելով` նկատողություն հայտարարվի ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի Վաղինակ Սարգսյանի նկատմամբ, սակայն ՊՆ-ում տարածված ներքին խոսակցությունների համաձայն` իրավիճակին գնահատական կտրվի, իսկ եթե քաղաքական առումով շատ բան փոխվի, ապա գործընթացը կկասեցվի: Ասել է, թե պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հրապարակավ որեւէ բան հայտարարելուց առաջ պետք է վստահ լիներ` արդյո՞ք մինչեւ վերջ կգնա, թե Սերժ Սարգսյանի խոսքերով ասած` քամի էր տատանում։
Բրիգադի հրամանատարը` իրավիճակի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի հրամանատար Վաղինակ Սարգսյանի հետ, եւ վերջինս անդադառնալով իրեն նկատողություն հայտարարելու հավանականությանը` ասաց. «Այն, ինչ Դուք ասում եք, իրականությանը չի համապատասխանում: Ինձ ոչ մեկ նկատողություն չի տվել, կներեք, ես զինվորական մարդ եմ եւ չեմ ցանկանում որեւէ ավելորդ բան ասել կամ խոսել: Կհետաքննենք, կտենանք: Նախարարը շատ ճիշտ հայտարարություն է արել, գոյություն ունի օրենք, կանոնակարգ, իրավապահները կքննեն, կասեն` ում ինչ է հասնում, ով ինչքան մեղք ունի, կամ չունի: Այս պահին որեւիցե նման ինֆորմացիա չկա, չեմ կարող ասել: Ես ինքս չեմ ողջունել զորամասը ինքնակամ լքելը, դա ճիշտ չէ, զինվորականը չպետք է խառնվի քաղաքականությանը: Մենք կանոնակարգով հիմա մեր ծառայությունը տանում ենք, որեւէ խնդիր չկա, պատրաստ ենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելուն, զորքը իր գործն է կատարում: Կրկնում եմ` իրականությունը սա է, տեղի է ունեցել օրենքի կանոնակարգի խախտում, ինքնակամ զորամասի լքում, իսկ հիմա մենք շարունակում ենք ծառայել հայրենիքին»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
Կալանավորվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժշկական սպասարկման բաժնի երրորդ կարգի մասնագետ Մելիք Ասրյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2006թ-ից մինչեւ 2018թ-ը ընկած ժամանակահատվածում լինելով ՀՀ ԱՆ առանձնացված ստորաբաժանում հանդիսացող քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժշկական սպասարկման բաժնի երրորդ կարգի մասնագետ` քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձանցից դրամի տեսքով վարձատրություն է ստացել, որպեսզի կալանավորի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարի: Այս արարքի համար Ասրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 հոդվածի` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու համար, ինչը պատժվում է առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով, հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ ԵՆ
Ապրիլի 23-ին Էջմիածնում սպանվել էր «Երկրապահ կամավորականների միության» Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահ, 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը: Ըստ ԵԿՄ մամուլի քարտուղար Վարդան Վարդանյանի. «Տոնակատարություն էր եղել քաղաքում, ու ոմն ճոյտ, (նկատի ունի ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին), օգտվելով առիթից, իրեն դատավորի տեղ է դրել եւ սկսել է որոշել, թե ով է ճիշտ, ով՝ սխալ: Նրա կողմնակիցները հարբած հարձակվել են քաղաքապետարանի տարածքի վրա: Նվերն էլ երբ ասել է՝ այս ի՞նչ եք անում եւ այլն, դանակով հարվածել են սրտին»: Նշենք, որ ըստ մեզ հասած լուրերի` միջադեպի պատճառը եղել են «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիան, Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ասել է, թե կողմերը քննարկել են քաղաքական իրավիճակը, որտեղից էլ առաջացել է տարաձայնությունը: Արդյունքում էլ Նվեր Հովհաննիսյանը ստացել է դանակի հարվածներ եւ մահացել: Թե կոնկրետ ով է դանակահարել, դեռ հայտնի չէ:
ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Երեկ Երեւան քաղաքի Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ավտովթար: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել պատին: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարեցրել գազի արտահոսքը: Վթարի հետեւանքով 45-ամյա վարորդը, 1-ամյա երեխան եւ 32-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
ԻՐԵՆՔ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ
Բելառուսի նախագահը հայտարարել է, թե վերջերս Հայաստանում ստեղծված իրավիճակի համար մասամբ մեղավոր են Եվրասիական միության երկրները: Ժողովրդին ուղղված ամենամյա ուղերձում Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է. «Շուտով Ռուսաստանի, մեր, Ղազախստանի ու միության անդամ մյուս երկրների փորձագետները կսկսեն քննարկել այդ հարցը, ի՞նչ է, դուք ուզում եք ասել, որ մենք մեղավոր չե՞նք այն ամենում, ինչ տեղի ունեցավ Հայաստանում»: Լուկաշենկոն հիշեցրել է` Հայաստանում ցույցեր էին սկսվել նաեւ էլեկտրաէներգիայի գների բարձրացումից հետո: «Եվ ի՞նչ, արդյո՞ք դա մեզնից չէր կախված, արդյո՞ք դա Ռուսաստանից չէր կախված», – հարց է հնչեցրել Բելառուսի նախագահը:
ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀԱՐԳԱՆՔ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հետեւում է Հայաստանում վերջին իրադարձություններին եւ ի գիտություն է ընդունել վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ա. Գուտերեշը ողջունում է ծավալվող իրադարձությունների խաղաղ բնույթը եւ կոչ է անում բոլորին շարունակել զսպվածություն ցուցաբերել: Նա կոչ է արել շարունակական հարգանք ցուցաբերել օրենքի գերիշխանության եւ մարդու իրավունքների, ինչպես նաեւ Հայաստանում ու տարածաշրջանում խաղաղության պահպանման նկատմամբ: Գլխավոր քարտուղարը նաեւ երկրորդում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը երեկ դիմել է ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչով` կանխել շփման գծում լարվածության հնարավոր աճն ու ինտենսիվացնել ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:
ԱՆԱԼԻԶ ՉԻ ԱՐԵԼ
Երեկ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականին, ասել է. «Ես դեռ լրիվ անալիզ չեմ արել, բայց անկախ կառույցները պարտավոր են լինել առաջին գծում` ապահովելով այս երկրի կայունությունը»: Միեւնույն ժամանակ նա նկատելէ, որ ցանկացած անկայուն վիճակ իր հետ նաեւ ֆինանսական անկայունություն է բերում: Հարցին` սպառնալիք կա՞, որ այս ընթացքում դրամը կարող է արժեզրկվել, Կենտրոնական բանկի նախագահը պատասխանել է. «Ես նման սպառնալիք չեմ տեսնում, բայց բոլոր այն միջոցառումները, որ մշտապես արել ենք, հիմա էլ իրականացնում ենք»: