ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում

Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այս հատվածը, մեղմ ասած, անտեսված է աղբահանության հարցում։ Երեկ, մինչ քաղաքացիները մաքրում էին Հանրապետության հրապարակն ու հարակից կենտրոնական փողոցները, Պռոշյան փողոցում «հարատեւ» աղբ է կուտակվել։

 

 

ՀԱՐՑ. Վարդենիսի անասնաբուժական լաբորատորիայում 45 տարի աշխատել եմ որպես շիճուկաբան: Ինձ աշխատանքից հեռացրել են` պատճառաբանելով, որ տարիքս լրացել է, եւ ես դուրս եմ մնում աշխատանքից: Խնդրում եմ ասել` հնարավոր չէ՞ մի փոքր ընդառաջել եւ թույլատրել աշխատել մի որոշ ժամանակ եւս: Գոնե իմ ունեցած փորձը կարող եմ փոխանցել երիտասարդ կադրերին:

Սեդա Սաղաթելյան (գործազուրկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Oրենսգիրք) 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաեւ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով: Այսինքն` գործատուի նախաձեռնությամբ կարող է լուծվել աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը կենսաթոշակային տարիքը լրանալու հիմքով, եթե աշխատանքային պայմանագրով նախատեսված է, որ աշխատողի կենսաթոշակային տարիքի լրանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ եթե Դուք Ձեր կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո շարունակել եք աշխատել տվյալ գործատուի մոտ, ապա գործատուն իրավունք չունի իր նախաձեռնությամբ Ձեզ հետ լուծելու աշխատանքային պայմանագիրը կենսաթոշակային տարիքը լրանալու հիմքով: Տեղեկացնում ենք նաեւ, որ Oրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացնում են աշխատողների ներկայացուցիչները:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈԻՐԴ». Խորհուրդ ենք տալիս մեզ դիմած քաղաքացուն դիմել գործատուին` հնարավորության դեպքում ընդհանուր հայտարարի գալու եւ նորից աշխատանքի անցնելու համար:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս է կատարվում Հայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց հաշվառումը: Հետաքրքիր է իմանալ` կա՞ արդյոք հաշվառման համար դիմելու ժամկետի սահմանափակում:

Զոյա Ներսիսյան (71 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ժամկետի սահմանափակում չկա: Փոխհատուցում uտանալու համար Հայրենական մեծ պատերազմի վետերանը հաշվառման նպատակով իր փաuտացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին (Փարոս) անձամբ կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում է սահմանված ձեւի դիմում եւ հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթեր:
Հայրենական մեծ պատերազմի վետերանի պահանջով սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը հաշվառումը կարող է իրականացնել վետերանի բնակության վայրում` կազմակերպելով տնային այցելություն (ներառում է այցելություն բուժման վայր):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ-ում վետերանների թիվը 2017թ. ապրիլի 1-ի դրությամբ 624 է եղել: ԽՍՀՄ զինված ուժերի կազմում զինվորական ծառայության ընթացքում 1-ին խմբի հաշմանդամ դարձած անձինք` 5000 դրամի եւ 2-րդ խմբի հաշմանդամները 3000 դրամի չափով ստանում են պարգեւավճարներ:




Լրահոս