Հայաստանը տրամադրված է շարունակել ակտիվ փոխգործակցությունը ԵԱՏՄ գործընկերների հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի լայն կազմով նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրեց, որ Հայաստանում տեղի է ունեցել իշխանության խաղաղ փոփոխություն, նոր ձևավորված կառավարության ծրագիրը հայեցակարգային առումով չի նախատեսում արտաքին քաղաքական ուղենիշի փոփոխություն: «Հաստատում եմ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին լիակատար հանձնառությունը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ԵԱՏՄ-ի հետ կապված հայ հասարակությունում առկա դիսկուրսը պայմանավորված է նրանով, որ վարչական խնդիրների լուծումը, անցումը դեպի նոր ընդհանուր կարգավորիչ մեխանիզմների, ինչպես նաև տարբեր խոչընդոտների առկայությունը դեռևս չեն արդարացնում բիզնեսի՝ անմիջապես կոնկրետ և շոշափելի արդյունքներ ստանալու ակնկալիքները։
«Կարծում եմ՝ ԵԱՏՄ երկրների համատեղ ջանքերը և ամեն օր տեսանելի արդյունքների հասնելու հետևողականությունը կարող են կրճատել նման քննարկումների ծավալը: Հայաստանը շահագրգռված է դրանում և ելնում է նրանից, որ, նախ և առաջ անհրաժեշտ է ապահովել առևտրատնտեսական համագործակցության աճ, շեշտը դնել բարձր և նոր տեխնոլոգիաների վրա, գործնականում ապահովել հավասար պայմաններ տնտեսվարող սուբյեկտների համար, գտնել հանգույցներ այն հիմնահարցերի շուրջ, որոնք ուղիղ ազդում են կյանքի որակի վրա: Ի վերջո, եթե տնտեսական ակտիվության ցուցանիշները տեսանելի կերպով չեն զգացվում քաղաքացիների կողմից, ապա դրանք վերածվում են«վիճակագրության»,-հավելեց ՀՀ վարչապետը։