ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գողություն սրճեփի և քաղցրավենիքի սարքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երեւանում սրճեփի եւ քաղցրավենիքի սարքից գողություն կատարած անձանց ինքնությունը:

Նախնական տվյալներով՝ 2018թ. լույս ապրիլի 27-ի գիշերը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երեւան քաղաքի կենտրոնում գտնվող ՍՊԸ-ին պատկանող սրճեփի եւ քաղցրավենիքի վաճառքի սարքի դռները եւ հափշտակել մետաղադրամ ընդունող եւ մանրը վերադարձնող սարքերը, որոնց մեջ եղել է կանխիկ գումար: Բացի այդ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք հափշտակել են քաղցրավենիքի սարքի դրամատուփը, որի մեջ եւս եղել է գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, 185-րդ հոդվածի 1-ին մասով եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննության ընթացքում ստացվել են սարքի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երեւում է, թե ինչպես են երեք երիտասարդներ ինչ-որ գործողություններ կատարում եւ հեռանում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ:

Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր որեւէ տեղեկություն ունեն դեպքի վերաբերյալ, ճանաչում են նրանց, որեւէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:




Լրահոս