ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հեռանալուց հետո իրար հետեւից հրաԺարականի դիմումներ գրեցին նրա տեղակալներ Հունան Պողոսյանը եւ Սամվել Հովհաննիսյանը, ինչն էլ իրավապահ համակարգում լուրջ խնդիրներ է ստեղծել:
Ինչպես հայտնի է` ապրիլյան իրադարձությունների ընթացքում ՀՀ իրավապահ համակարգի գործունեությունը փակուղի էր մտել: Գրել էինք, որ մայրաքաղաքում, ՀՀ մարզերում տեղի ունեցած բողոքի ակցիաների պատճառով փակվել էին մի շարք ճանապարհներ, ինչի պատճառով էլ իշխանական վերնախավը հրահանգել էր իրավապահ համակարգին, որ քրեակատարողական հիմնարկներ ծանուցումներ չուղարկեն` այս կամ այն կալանավորին ազատ արձակելու հետ կապված: Այս քայլի նպատակը մեկն էր, որպեսզի քրեակատարողական հիմնարկից տեղափոխվող կալանավորը հնարավորություն չունենար օգտվելու լարված իրադրությունից եւ փախուստի դիմեր: Ասել է, թե քննչական մարմինները, դատական համակարգը պարապուրդի էին մատնված:
Սակայն մայիսի 8-ից հետո իրավիճակ փոխվեց. ՀՀ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, մայրաքաղաքում եւ, առհասարակ, ողջ հանրապետությունում դադարեցին բազմահազարանոց ցույցեր իրականացնելն ու ճանապարհներ փակելը:
Արդյունքում իրավապահ համակարգին հրահանգվել էր անցնել բնականոն գործունեությանը, սակայն պատկերը միանգամայն այլ է:
Այսպիսով` նորանշնական վարչապետը ՀՀ նախագահին ներկայացրեց ոստիկանապետին եւ ԱԱԾ պետին պաշտոնանկ անելու առաջարկ: Նախագահն էլ ստորագրեց համապատասխան հրամանագիրը: Դրանից հետո, ասում են, համակարգում խառնաշփոթ է ստեղծվել:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ոստիկանությունում այս օրերին լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, ինչն էլ իր ազդեցությունն է ունեցել քննչական մարմինների բնականոն գործունեության վրա:
Մասնավորապես, տարբեր քննչական բաժիններում աղմկահարույց դեպքեր են քննվում` սպանություն, գողություն եւ այլն: Մեզ հասած լուրերի համաձայն` քննիչները հարցաքննել են տարբեր քրեական գործերով մի շարք վկաների, որոնք, օրինակ, քննիչներին բացատրել են, թե ինչ տեսք է ունեցել գողություն կատարողը, կամ, օրինակ, սպանության գործով եղել են վկաներ, որոնք քննիչներին մատնանշել են, թե սպանող անձը ով կարող է լինել, ինչ տեսք ունի, ինչ հարաբերությունների մեջ է եղել սպանված անձի հետ: Այս ամենից հետո քննիչները ոստիկանության օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներին հանձնարարել են գտնել, պարզել այն անձի ինքնությունը, որին նկարագրել են գողության կամ սպանության գործով վկաները:
Մեզ հայտնի դարձավ, որ այս քննիչների հանձնարարականները չեն կատարվում, քրեական գործեր չեն բացահայտվում, քանի որ ոստիկանության օպերատիվ հետախուզական վարչությունը, որը պետք է պարզի, գտնի գողություն կամ սպանություն կատարող անձին, այս օրերին ոչինչ չի անում, ինչն էլ քննիչներին հնարավորություն չի տալիս բացահայտել սպանությունների, գողությունների դեպքերը: Ասել է, թե հանցավորության դեմ պայքարը փակուղի է մտել:
Իսկ ինչից է սկսվել այս խառնաշփոթը: Բանն այն է, որ երբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հեռացավ համակարգից, նրա հետեւից հրաԺարականի դիմումներ գրեցին ՀՀ փոխոստիկանապետեր Հունան Պողոսյանը եւ Սամվել Հովհաննիսյանը: Հրաժարականների այս հոսքից հետո ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ եւս դիմումներ են գրում: Սա իրավապահ մարմինների մի շարք պաշտոնյաների մոտ անհասկանալի վիճակ է ստեղծել, եւ վերջիններս կարծես թե սպասում են, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը. աշխատելո՞ւ են համակարգում, թե՞ հրաժարական են տալու: Ահա իրավապահների այս վիճակն էլ պատճառ է դարձել, որ նրանցից շատերը կա՛մ դուրս են եկել համակարգից, կա՛մ սպասում են որոշման եւ որեւէ գործ չեն անում, ինչն էլ իր ազդեցությունն է ունեցել նախաքննությունը իրականացնող մարմինների գործունեության վրա, ըստ էության մի շարք քրեական գործերի բացահայտման գործընթացը տարել է փակուղի:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն, որտեղից ստացվել է հերթական պատասխանը. «Ոստիկանության աշխատանքը միշտ կրել եւ կրում է ինստիտուցիոնալ բնույթ: Ոստիկանության և´ ղեկավար կազմը, և´ ստորաբաժանումները լիարժեք կատարում են իրենց գործառնական պարտականությունները, ինչը բխում է օրենքով սահմանված լիազորությունների իրականացման խնդրառությունից, իսկ աշխատանքի արդյունքների մասին հանրությունը կարող է դատել առնվազն վերջին օրերի լրահոսի տեղեկատվությամբ»:
Տաթեւ Հարությունյան