«Կրկես» Գյումրիում. Բալասանյանին կփոխարինեն Բալասանյանո՞վ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել է ավագանու թիմակիցների հետ «անվստահություն» ներկայացում բեմադրել: Երեկ հայտնի դարձավ, որ Գյումրիի ավագանու «Բալասանյան» դաշինքից 10 անդամ անվստահություն են հայտնել քաղաքապետ Բալսանյանին: Ընդ որում, այս նախաձեռնությունը հենց Բալասանյանի մերձավոր շրջապատի անդամներինն է: Հատկանշական է փաստը, որ նրանք նման քայլի են դիմել այն բանից հետո, երբ օրեր առաջ ՕԵԿ-ական ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ տեղեկացնելով, որ պատրաստվում են քաղաքական երեք ուժով միանալ ու անվստահություն հայտնել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին:

Ի դեպ, նրանց միացել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Արտյոմ Ղարաղազարյանը եւ «Հայկական վերածննդից» Հենրիկ Պողոսյանը: Բալասանյանականների քաղաքապետի թեկնածուն էլ Տիգրան Հովհաննիսյանն է. նա Գյումրու ավագանու անդամ է 2012 թվականից, 36 տարեկան է, գործարար, «Ռ.Տ.Թրեյդինգ» ՍՊԸ-ի տնօրենն է, Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միության անդամ: Վեջիններս ավագանու արտահերթ նիստ են հրավիրել եւ պատրաստվում են համաձայն կարգի նոր քաղաքապետ ընտրել: Այդ մասին նախաձեռնող խումբը հայտնել է մայիսի 14-ին:

ԱԺ պատագամավոր ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանը, ով ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն էր, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց՝ խնդիրը կուսակցության ուշադրության կենտրոնում է. «Սա Բալասանյան Սամվելի կազմակերպածն է: Իրենց թիմն է իրեն անվստահություն հայտնել:

Դա շինծու է: Թիմն ինչի համար է անվստահություն հայտնում: Մենք երեք կուսակցությունով արդեն նախաձեռնել էինք: Համաձայն օրենքի` մենք պետք է անվստահություն հայտնեինք քաղաքապետին, առաջադրեինք նոր թեկնածու, ու եթե մեր թեկնածուին կեսից ավելի ձայն տրվեր, ապա վերջինս փակ գաղտնի քվեարկությամբ կընտրվեր՝ գործող քաղաքապետը պետք է դուրս գար: Սամվել Բալասանյանը գիտեր, որ մենք այդ գործընթացը սկսել ենք: Բայց նրանք դա անում են օրենքի խախտմամբ:

Պետք է եռօրյա ժամկտում նշանակվեր, բայց երեկ են ստորագրությունները հավաքել, ամսի 16-ին էլ ուզում են ընտրություն անել: Չեմ հասկանում` մոտիվացիան ո՞րն է, ինչո՞ւմ են մեղադրում Բալասանյանին՝ չարաշահումների՞, անգործոթյա՞ն, գոնե իմանանք` թիմն ինչո՞ւ է անվստահություն հայտնում»:

Ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը նախաձեռնող խմբի՝ որոշման նախագծի վերաբերյալ հայտնեց հետեւյալ կարծիքը. «Ուշադրություն չեն դարձրել իրենց մատնանշած ՏԻՄ օրենքի 68-րդ հոդվածին, որի 4-րդ կետում ասվում է, որ «Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը` ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը»: Ամսի 14-ից հաշված երրորդ օրը ամսի 17-ն է ստացվում, ոչ թե 16-ը:

Շատ են շտապում, կամ ստորագրողներից ոչ մեկը ժամացույց չի ունեցել: Բացի այդ, հաշվի չեն առել, որ նույն 68-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացվելուց հետո` 36 ժամվա ընթացքում, նախաձեռնող խմբի մեջ չմտնող ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է եւս ներկայացնել համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծ` առաջադրելով համայնքի ղեկավարի այլ թեկնածու»: Այսինքն՝ օրենքով մինչեւ մայիսի 17-ը` ժամը 10:00-ին, ավագանու առնվազն 11 այլ անդամներ նույնպես կարող են թեկնածու առաջադրել քաղաքապետի պաշտոնի համար: Ու հանրապետական իմաստունները նիստը նշանակում են ամսի 16-ին՝ 24 ժամ հետո` զրկելով ավագանու մյուս անդամներին 36 ժամում այլ թեկնածու առաջադրելու հնարավորությունից»:

Հովհաննես Մարգարյանն էլ, ով դեռ օրեր առաջ է հայտնել քաղաքական երեք ուժի նախաձեռնության մասին, նշեց, որ Գյումրին վերջապես պետք է ունենա ընտրովի քաղաքապետ. «Մեր մոտ նախկին իշխանությունների օրոք, խեղաթյուրելով իրականությունը, սուտ մեկնաբանություններ տալով բոնուս-ֆոկուսներին, զրպարտելով բոլոր թեկնածուներին, չկարողացան համապատասխան ձայներ հավաքել: Ընդդիմությունը ավելի շատ քվե ստացավ, մեր մանդատները վերցրեցին: Մենք դիմեցինք դատական իշխանություններին, հասանք Սահմանադրական դատարան ու հերթական լղոզված որոշումը ստացանք: Մենք էլ որոշեցինք դիմել օրենքի երկրորդ կետին՝ անվստահություն հայտնել քաղաքապետին:

Ինձ համար Սամվել Բալասանյանի պռոեկտը շատ ծիծաղելի է: Իրենք էլ քաջատեղյալ էին, որ մենք նման ձեւաթուղթ ունենք, ու իրենց ծրագիրը ներկայացրին: Անվստահությունը դրվում է քվեարկության թեկնածով: Եթե թեկնածուն չի ընտրվում, գործողը մնում է, եւ մեկ տարի նրան անվստահություն չես կարող հայտնել: Ահա ամբողջ պատմությունը: Հիմա արդարությունը կվերականգնվի իրավունքի ուժով, թե ժողովրդի ցանկությամբ, պարզ կդառնա այս 3 օրվա ընթացքում: Որեւէ մեկի խայծը կուլ չենք տալու: Այստեղ շատ լավ ռեժիսոր է աշխատում, սակայն ցանկացած արհեսական սցենարի վերջը վատ է լինում»:

Նախաձեռնող մյուս անդամների հետ կապ հաստատել չհաջողվեց: Հեռախոսազանգին պատասխանեց միայն նախաձեռնողներից ավագանու անդամ Մխիթար Սահակյանը՝ Մխիկը, որին նաեւ գյումրեցի Շմայս են ասում: Նա, ի դեպ, Սամվել Բալասանյանի մերձավոր թիմից է: Սահակյանն ասաց, որ լսել են՝ մյուս քաղաքական ուժերն են ցանկացել նման նախաձեռնությամբ հանդես գալ, որոշել են իրենք առաջ ընկնել ու անվստհություն հայտնել. «Սամվել Բալասանյանը աշխատող մարդ է, նա լավ գործ է ուզում անել»: Այն հարցին, թե ինչու է անվստահություն հայտնել քաղաքապետին, վերջինս պատասխանեց. «Ավստահություն հայտնել եմ, հետո էլ կփոշմանեմ, նորից կուզենանք, որ ինքը աշխատի»:
Ժամանակին Սերժ Սարգսյանն ասում էր՝ կրկեսի վերածելու հայրենիք չունենք, փաստորեն, նրա թիմակիցները հիմա որոշել են իսկապես կրկեսի վերածել ամեն ինչ, նաեւ կրկես Գյումրիում:

Շուշանիկ Օհանյան




Լրահոս