Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարական է տվել, պաշտոնակատար կնշանակվի ռեկտորի տեղական Երվանդ Սերոբյանը: Այս մասին այսօր Գյումրիում ՇՊՀ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ այս ընթացքում հանդիպումներ է ունեցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. «Ինձ համար այս պրոցեսում անընդունելի էր ոչ ակադեմիական մթնոլորտը, երբ փոխադարձ վիրավորանքների պայմաններում քննարկվում էր Շիրակի պետհամալսարանի ներքին խնդիրները: Ես երեկ հանդիպել եմ ռեկտոր Սահակ Մինասյանի հետ եւ այս իրավիճակից դուրս գալու մեկ լուծում ենք գտել: Գիտեք, որ բուհի խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական է տվել, նախորդ խորհուրդը ձեւավորվել էր նախորդ իշխանության պայմաններում: Ձեւավորվելու է նոր խորհուրդ, որը ձեր մասնակցությամբ, մեր վերահսկողությամբ օրենքի տառին համապատասխան կանցկացնի ռեկտորի նոր ընտրություններ»:
Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ հաջորդ շաբաթ նորից կայցելի Գյումրի, առանձին հանդիպում կունենա ուսանողների ու դասախոսների հետ: