Կուտակայինից մինչև կոռուպցիոն սկանդալներ. քաղաքացիներին «անակնկալ» է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ հասարակության ուշադրությունը սեւեռված է ներքաղաքական խնդիրների եւ նորաստեղծ կառավարության գործունեության վրա, առաջիկայում ՀՀ քաղաքացիներին «անակնկալ» է սպասվում: Մասնավորապես այս տարվա հուլիսի 1-ից 1974 թվականից հետո ծնված բոլոր ՀՀ քաղաքացիների համար կուտակային կենսաթոշակը վերջնականապես կդառնա պարտադիր: Եվ հետաքրքրականն այն է, որ այս բաղադրիչի դեմ պայքարող ամենաակտիվ քաղաքացիներից մեկն էլ Մանե Թանդիլյանն էր, ով այժմ զբաղեցնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը եւ կարող է արդեն ի պաշտոնե փոխել ամեն ինչ:

Ինչպես հայտնի է՝ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչն ուժի մեջ պետք է մտներ նախորդ տարի, սակայն որոշման կիրառումը մեկ տարով հետաձգվեց: Էությունն էլ կայանում է նրանում, որ ամեն ամիս մարդկանց ստացած աշխատավարձից պահումներ են արվում, որպեսզի ծերության օրոք կենսաթոշակի տեսքով վճարվեն քաղաքացիներին:
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է փետրվարի 22-ին ստորագրել համապատասխան որոշում` հանձնարարելով ՀՀ ֆինանսների նախարարությանն ու ՊԵԿ-ին սկսել համապատասխան միջոցառումները: Ու ստացվում է` բավական չէ շարունակական գնաճը, հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիների գրպանին եւս մեկ բեռ է ծանրանալու՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անվան տակ աշխատավարձի 5 տոկոսը նրանք վճարելու են կուտակային հիմնադրամներին:

Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեծ դժգոհություն առաջացրեց Հայաստանում. երիտասարդները տեւական ժամանակ բողոքի ցույցեր էին անցկացնում` պահանջելով չեղարկել այն: Կառավարությունն էլ որպես փոխզիջում որոշեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր է լինելու պետական կառույցների աշխատակիցների համար, իսկ մասնավորների դեպքում օրենքի կիրառումը հետաձգեց:

Համակարգի ներդրման դեմ առաջին ընդվզողները ծրագրավորողների նեղ շրջանակն էր, որոնց շարքերն աստիճանաբար համալրեցին տարբեր մասնագիտությունների տեր երիտասարդներ, իսկ շարժումն էլ ստացավ «Դ!ԵՄ ԵՄ պարտադիրին» անվանումը: Շարժման ամենաակտիվ մասնակիցներից էին Մանե Թանդիլյանն ու Գեւորգ Գորգիսյանը, ովքեր երկուսն էլ հետագայում պատգամավոր դարձան «Ելք» դաշինքով: Հետաքրքիր է, որ պատգամավոր լինելու ժամանակ նրանք շարունակում էին բարձրաձայնել դրույթի հակասահմանադրական լինելու մասին, սակայն քայլեր չէին ձեռնարկում՝ ասելով, թե համապատասխան լծակներ չունեն, քանի որ օրենսդիրում փոքրամասնություն են: Եվ ահա, այդ փոքրամասնության ներկայացուցիչը՝ Մանե Թանդիլյանը, որ ակտիվորեն պայքարում էր այդ դրույթի չեղարկման համար, այժմ զբաղեցնում է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, եւ հետաքրքիր է՝ այս ուղղությամբ որեւէ քայլ կձեռնարկի՞, թե՞ ոչ:

Հենց այս փոքրամասնության ներկայացուցչից նա դարձել է նախարար եւ հիմա կարող է իրականություն դարձնել այն, ինչի համար պայքարում էր: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց այս կապակցությամբ մեկնաբանություններ ստանալ տիկին Թանդիլյանից, բայց ապարդյուն. նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:

Մինչ այդ, նկատենք, Մանե Թանդիլյանին բաժին է հասել մի նախարարություն, որը տարիներ շարունակ ամենակոռումպացվածներից մեկն է եղել, իսկ նախկին նախարար, ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանի եւ նրա ենթակաների չարաշահումների մասին ոչ մեկ անգամ է բարձրաձայնվել. գլխավոր դատախազությունն իր հերթին, ԱԱԾ-ն իր հերթին, ոստիկանությունն իր հերթին, ՎՊ-ն իր հերթին այս նախարարությունում ու դրա ենթակայության տակ գտնվող հիմնարկություններում պարբերաբար կոռուպցիոն տարբեր սկանդալներ են բացահայտել, այդ կապակցությամբ քրեական գործեր են հարուցվել:
Սակայն ուշագրավ է, որ վարչապետների փոփոխությունները եւ հարուցված քրեական գործերը ոչ մի կերպ չէին անդրադառնում Արտեմ Ասատրյանի վրա, եւ նա շարունակում էր անընդհատ վերանշանակվել: Այժմ, ի վերջո, նոր իշխանությունները կարողացան հեռացնել Արտեմ Ասատրյանին համակարգից, եւ այժմ նորանշանակ նախարարին վիճակված է լուրջ եւ բարդ աշխատանք՝ եղած բացերը լրացնելու համար: Եվ չնայած նախկինում հայտնաբերված բազմաթիվ չարաշահումներին եւ դժգոհություններին` Արտեմ Ասատրյանը հեռացավ առանց որեւէ պատժի: Հետաքրքիր է՝ նոր նախարարը վեր կհանի՞ նախկինի բացթողումները, թե՞ ամեն ինչ անպատիժ կմնա:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս