Հատուկ է ընտրվել այնպիսի կադր, որին ոլորտում չեն ճանաչում․ մտորումներ՝ Լիլիթ Մակունցի նշանակման շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս հայտնի դարձավ, որ Լիլիթ Մակունցը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար: Այս փաստը հակասական մեկնաբանությունների տեղիք տվեց հանրության շրջանում: Բանն այն է, որ մշակութային դաշտում շատերը չեն ճանաչում նորանշանակ նախարարին, ոմանք էլ նշում են, որ նա երիտասարդ, անփորձ կադր է, եւ վտանգ կա, որ չի հաջողի: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է թատերագետ Արա Խզմալյանի, երգիչ, երգահան Անդրե Սիմոնյանի եւ գրող Գուրգեն Խանջյանի հետ: Նրանց մտորումներն ու առաջարկները ներկայացնում ենք ստորեւ:

Արա Խզմալյան-Ինձ թվում է՝ հատուկ է ընտրվել այնպիսի կադր, որին ոլորտում չեն ճանաչում: Ցավոք, մեր միջավայրում դժվար է գտնել 5 մշակութային գործիչ, որոնք կարող են միեւնույն ծրագրի կամ անձի մասին նույն տեսակետն ունենալ եւ համախմբվել: Ամեն մեկն իրեն համարում է տիեզերքի կենտրոնը, եւ եթե ինքը չէ մշակույթի նախարարը, ուրեմն ոչ ոք չի կարող այդ պաշտոնում լինել: Շատ կուզենամ՝ մենք առաջիկայում խոսենք ոչ թե անձերի, այլ կոնցեպտների եւ հայեցակարգերի մասին: Կուզեմ իմանալ՝ ինչ խնդիրներ է տեսնում մեր նորանշանակ նախարարը, պատկերացնո՞ւմ է, արդյոք, դրանցից որոնք են ենթակա հրատապ լուծման: Պետք է նաեւ հստակ ձեւակերպել՝ ինչի համար է մշակույթը՝ ներքին սպառման խնդիրը լուծելո՞ւ, թե՞ նաեւ աշխարհում դիրքավորվելու, երկիրը միջազգայնորեն ճանաչելի դարձնելու, երկրի իմիջը բարձրացնելու համար: Ընդ որում, մշակութային քաղաքականությունը պետք է տարածվի ոչ միայն պետական կարգավիճակ ունեցող, այլեւ մասնավոր կառույցների, անկախ ստեղծագործական խմբերի վրա, որովհետեւ ամենահետաքրքիր գաղափարները ձեւավորվում են հենց այդ խմբերի շրջանում: Առաջիկայում պետք է նաեւ բեռնաթափել մշակույթի սոցիալական գործառույթը: Կան տասնյակ ստեղծագործական խմբեր, թատրոններ, որոնք գեղարվեստական արդյունք ցույց չեն տալիս, բայց պետությունը սոցիալական դժգոհությունը մեղմացնելու նպատակով շարունակում է սուբսիդավորել նրանց: Այդպիսով՝ իրական մշակութային արժեքները չենք կարողանում ըստ արժանվույն գնահատել: Այսինքն՝ պետական միջոցների խելամիտ բաշխման մեխանիզմ է պետք մշակել: Շատ լավ կլինի, որ նախարարությունը սերտորեն համագործակցի զբոսաշրջության պետական կոմիտեի ու զբոսաշրջության զարգացման հիմնադրամի հետ: Սա ես ասում եմ որպես այդ հիմնադրամի գործադիր տնօրեն: Մենք անընդհատ բախվում ենք այն խնդրին, որ տարբեր գերատեսչություններ անում են նույն գործը՝ իրարից անկախ եւ անտեղյակ: Որքան կոնսոլիդացնենք մեր ջանքերը, այնքան մեծ արդյունքների կհասնենք:

Անդրե Սիմոնյան-Ես Լիլիթ Մակունցին քիչ եմ ծանոթ, բայց կողմ եմ երիտասարդ կադրերի նշանակմանը: Այս պարագայում առաջնային է ոչ թե փորձը, այլ պաշտոնյայի ճկուն գործելաոճը: Չմոռանանք նաեւ, որ սա ժամանակավոր կառավարություն է, եւ հիմա փորձնական շրջան է բոլորի համար: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ ունենանք ազատ-անկախ մշակույթի նախարարություն, եւ մշակութային միջոցառումները չանցկացվեն իշխանությանը ներկայացնելու համար: Մենք պետք է նպատակ դնենք հայոց մշակույթը ներկայացնել աշխարհին, ոչ թե որեւէ հայտնի մարդու, օրինակ, օգտագործենք քաղաքական փիարի համար: Կցանկանամ, որ նեդրումներ արվեն եւ անդերգրաունդում՝ տարբեր ակումբներում, հնչող որակյալ երաժշտությունը բերվի «լույս աշխարհ»: Անշուշտ, մշակույթի նախարարը պետք է առաջին հերթին լինի բարի նպատակներով լավ մենեջեր: Այլապես չեմ կարծում, որ կգտնվի մեկը, ով մշակույթի բոլոր ոլորտներից գաղափար կունենա: Կարեւորն այն է, որ նոր նախարարը կարողանա իր շուրջ հավաքել ուժեղ թիմ:

Գուրգեն Խանջյան-Ծանոթ չեմ Լիլիթ Մակունցին: Իհարկե, լավ է, որ երիտասարդ եւ եռանդով լի կադր է նշանակվում: Եթե նա համաձայնել է լինել նախարար, ուրեմն ծրագրեր ունի, սիրում է մշակույթը: Ինձ թվում է՝ մեր նորանշանակ երիտասարդ կադրերը իրենց նախորդներից պակաս չեն հասկանում իրենց գործից: Միայն փորձի պակասը կարող է խանգարել, ուստի պետք է համբերել, որ ընթացքում ձեռք բերեն այդ փորձը: Կարծում եմ՝ մշակույթի նախարարը ե՛ւ պետք է հասկանա մշակույթից, ե՛ւ պետք է լինի լավ կառավարիչ: Որովհետեւ կարելի է լավ կառավարիչ լինել, բայց ռեսուրսները սխալ տեղ ուղղել: Թերեւս պետք է նաեւ, որ նա ունենա լավ խորհրդականներ: Սպասենք, հետո նոր քննադատենք:

Աննա Բաբաջանյան




Լրահոս