ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ժողովրդական շարժմանը միացել էին մշակույթի մի շարք գործիչներ եւ շոուբիզնեսցիներ: Նրանց շարքերը շարժման հենց սկզբից համալրել էր Սոնա Շահգելդյանը, ով, ի դեպ, ապրիլի 22-ին բեմից հանդես եկավ սրտառուչ կատարմամբ: Նա «Ժողովուրդ» օրաթերթին պատմեց իր քաղաքական հայացքների եւ ժողովրդի կողքին կանգնելու անհրաժեշտության մասին՝ հետադարձ հայացք նետելով անցած օրերի իրադարձություններին:
Սոնան տեղեկացրեց, որ ժողովրդի կողքին է եղել ոչ միայն երգով, այլեւ իր հայացքներով. «Ընտանիքիս անդամների հետ մասնակցել եմ բողոքի ակցիաների: Հետո նաեւ երգելու ցանկություն հայտնեցի: Ի դեպ, այդ մասին ոչ ոք չգիտեր. դա բոլորի համար էր անակնկալ: Այդպիսով` ես արեցի իմ քայլը»,-ասաց նա:
Երգչուհին դեմ է այն պնդմանը, թե արվեստի մարդն, առհասարակ, քաղաքական պրոցեսներին չպետք է մասնակից լինի. «Իհարկե, քաղաքականությունը բարդ բան է, բայց եթե ես ապրում եմ Հայաստանում, եթե տեսնում եմ, որ մի բան լավ է, կամ վատ է՝ ինչո՞ւ չպետք է խոսեմ այդ մասին, հայտնեմ իմ տեսակետը: Ինչու՞ չփորձեմ աջակցել իմ ժողովրդին: Ես դա իմ խղճի համար եմ արել՝ հանուն արդարության, ընդ որում՝ առանց իմանալու՝ առաջիկայում ինչ է սպասվում: Բա որ լռես, ու ժողովուրդը հետո քեզ չհարգի: Ի դեպ, շոուբիզնեսցիներից մի քանիսը տեսան, որ ժողովուրդը հաղթանակ է տանում, հետո նոր միացան նրան: Դա արդար չէ: Դա դուխի, ռիսկի հարց էր, պետք է ամեն մեկը դուրս գար իր երեխայի ապագայի, մեր զինվորների եւ բոլոր բոլորի համար:
Ամեն դեպքում, ես չեմ էլ ուզում մեղադրել այն մարդկանց, որոնք չեզոքություն դրսեւորեցին: Դա էլ իրենց տեսակետն ու դիրքորոշումն էր»,-մեկնաբանեց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նշանակումներին՝ Սոնա Շահգելդյանը շեշտեց, եթե նրան ի սկզբանե վստահել ենք, ուրեմն պետք է վստահենք մինչեւ վերջ. «Նիկոլ Փաշինյանը գիտակ է եւ լավ գիտի իր գործը: Մեր վարչապետի մեջ շատ եմ սիրում եւ գնահատում նաեւ մարդկային որակները: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ երբեւէ որեւէ անձից կամ քաղաքական ուժից կախման մեջ չեմ եղել եւ ազատ կերպով կարող եմ արտահայտել իմ տեսակետները»,-եզրափակեց Սոնան:
Աննա Բաբաջանյան