Վճռաբեկ դատարանի դատավորներին ժամը 16:00-ին կանչել են Բարձրագույն դատական խորհուրդ. ինչ է սպասվում նրանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունը հաստատվեց. Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը շուտ կազմակերպել: ՀՀ դատական համակարգի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ դառնալու համար թեկնածուների անունները Բարձրագույն դատական խորհուրդ պետք է ներկայացվեն մայիսի 21-ից 25-ը ընկած ժամանակահատվածում, որից հետո էլ Աժ կընտրի ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ից Բարձրագույն դատական խորհուրդը ծանուցումներ է ուղարկել դատարանների նախագահներին, որ վերջիններս կոնկրետ ժամկետում ներկայացնեն իրենց թեկնածուներին, ովքեր հավակնում են դառնալ դատարանի նախագահ: Մասնավորապես Բարձրագույն դատական խորհուրդը կոնկրետ ժամանակացույց էր նշել, որ, օրինակ, Արագածոտնի մարզի, Արարատի եւ Վայոց ձորի, Արմավիրի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների նախագահ դառնալու համար ցանկություն ունեցող դատավորների անունները ԲԴԽ պետք է ներկայացնեին մայիսի 7-ից մինչեւ մայիսի 12-ը ընկած ժամանակահատվածում, Գեղարքունիքի մարզի, Լոռու մարզի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները պետք է ներկայացնեին մայիսի 14-ից մինչեւ մայիսի 19-ը ընկած ժամանակահատվածում եւ այսպես շարունակ: Իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի պալատների նախագահի ընտրությունների համար թեկնածուներ ներկայացնելու ժամկետը ԲԴԽ-ն սահմանել էր մայիսի 25-ից մինչեւ մայիսի 30-ը ընկած ժամանակահատվածում, իսկ ահա ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնի համար կռիվ տվող թեկնածուներն իրենց անունները պետք է ներկայացնեն հուլիսի 2-ից հուլիսի 7-ը:

Չնայած ԲԴԽ-ն հստակ սահմանել է ժամանակացույցը, սակայն օրերս իրավիճակ էր փոխվել: Մասնավորապես ներքին հրահանգ է իջեցվել մարզային դատարանների նախագահների ընտրությունը հետաձգել եւ արագ կազմակերպել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը: Բանն այն է, որ ԲԴԽ-ի կողմից հաստատված ժամանակացույցով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը ընկնում էր հուլիս ամսին, որը համընկնում է ամառային արձակուրդների ընթացքի հետ: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանի ներկայիս նախագահ Արման Մկրտումյանը այլես չի լինի նախագահ: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ԲԴԽ այսօր ժամը 4-ին ՀՀ վճռաբեկ դատարանի բոլոր դատավորներին հրավիրել է հարցազրույցի, որից հետո ԲԴԽ 10 անդամները կիրականացնեն քվեարկություն եւ կընտրեն դատավորներից իրենց ցանկալի այն թեկնածուին, որը կարող է լինել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ: Այն դատավորը, որը շատ ձայն կհավաքի, նրան էլ ԲԴԽ-ն կներկայացնի ԱԺ, որտեղ տեղի կունենա քվեարկություն, ինչից հետո էլ պարզ կլինի, թե ով կլինի ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ: Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով` ԲԴԽ-ն ունի իր ցանկալի թեկնածուն, որը ըստ մեզ հասած լուրերի` ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Գոռ Հակոբյանն է:

Քնար Մանուկյան




Լրահոս