ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Արագածոտնի մարզում ապօրինի ձեռնարկատիրության դեպք, որը զուգորդվել է ընդերքի պահպանման և օգտագործման կանոնների խախտմամբ՝ էական վնաս պատճառելով շրջական միջավայրին և ընդերքին:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 35-ամյա տղամարդը, հիմնադրելով ՍՊԸ առևտրային կազմակերպություն, փաստացի իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։
Մասնավորապես՝ 2014-2017թթ. ընթացքում Արագածոտնի մարզի Արագածավան համայնքից 10 կմ դեպի արևելք գտնվող տարածքի ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ, այն է՝ առանց լիազոր մարմնի համապատասխան թույլտվության և պայմանագրի, կազմակերպել, իրականացրել է ընդերքի ապօրինի շահագործում: Այն է՝ քանդել-փորելու միջոցով ընդերքից դուրս է բերել վանակատ (օբսիդիան) տեսակի օգտակար հանածո հանդիսացող հանքաքար, ինչն էական վնաս է պատճառել շրջակա միջավայրին, ընդերքին:
Այնուհետև դուրս բերված և առանձնացված հանքաքարն իրացրել է ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ արտահանել և իրացրել այլ երկրներում։ ՍՊԸ-ի ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը պատճառված վնասը գնահատվել է 129.275.150 ՀՀ դրամ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՍՊԸ-ի հիմնադրին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 291-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: