Արդեն ընդդիմադիր ՀՀԿ խմբակցության անդամները սկսել են պատրաստվել ԱԺ առաջիկա նիստերի մեկնարկին: Ինչպես հայտնի է՝ նիստերի երկրորդ օրը խորհրդարանում տեղի է ունենում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը, եւ ահա վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այդ կարգավիճակով առաջին անգամ կայցելի խորհրդարան եւ կպատասխանի պատգամավորների հարցերին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ականները մանրակրկիտ պատրաստվում են այդ օրվա նիստին, որպեսզի ինչպես ՀՀԿ խմբակցության հետ հանդիպմանը, հարցերով հունից հանեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա կառավարությանը: Եվ եթե նախորդ անգամ դա չստացվեց, այս անգամ հանրապետական խմբակցության անդամների թիրախում նախարարներն են լինելու. ՀՀԿ-ականները հույս ունեն, որ նորանշանակ երիտասարդ նախարարներին կկարողանան անհարմար դրության մեջ դնել, շփոթության մատնել: