Նախորդ շաբաթվանից Երեւանի քաղաքապետարանի մոտ քաղաքապետ ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր են անցկացվում: Երեկ էլ ցուցարարներն օրվա երկրորդ կեսին փակել էին փողոցը, նաեւ քաղաքապետարանի բակի դարպասների մոտ կանգնել, որպեսզի Մարգարյանը մեքենայով չհեռանար, այլ հանդիպեր իրենց հետ, լսեր իր մասին քաղաքացիների կարծիքը: Բայց Տարոն Մարգարյանն արհամարհեց ցուցարարների պահանջը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ակտիվիստ Արամ Մանուկյանը մեկնաբանեց, թե հատկապես որ պատճառների համար պետք է քաղաքապետը հրաժարական տա, ակտիվիստը նշեց. «Ատկատներ, հարկատուների հաշվին թույլ տված շռայլումներ, պայքարի օրերին սեփական բանդաներով մարդկանց ծեծուջարդի կազմակերպում. որ մեկն ասես: Շատ են հիմքերը, որոնք ոչ միայն հրաժարականի առիթ են, այլ մի քանի քրեական հոդվածների մեջ են տեղավորվում»: Դիտարկմանը, թե քաղաքապետը շարունակում է աշխատել եւ ամենեւին հրաժարականի մասին խոսք չկա, Արամ Մանուկյանը նշեց. «Ինքը հրաժարականի դիմում կներկայացնի, այլ տարբերակ չկա: Իսկ թե երբ, դա ցույց կտա ժամանակը»: Ակտիվիստը հույս հայտնեց, որ բողոքի ցույցերը կշարունակվեն, եւ հանրության արդար բողոքն ու ճնշումը տեղ կհասնեն:
Միաժամանակ տեղեկացնենք, որ ԱԺ պատգամավոր, ՔՊ-ական Լենա Նազարյանը դիմել է նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին` պարզելու համար, թե ինչ փուլում է մայիսի 10-ին Բաղրամյան փողոցում ցուցարարների վրա հարձակում գործած անձին առնչվող դեպքը: Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող երկու քաղաքացիներ ծեծի էին ենթարկվել քաղաքապետի կողմնակիցների կողմից: Սա, ի դեպ, եւս մեկ լրացուցիչ պատճառ է Տարոն Մարգարյանին հրաժարական պարտադրելու համար: Բացի այդ, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ցույցերի ժամանակ Մարգարյանը քաղաքապետարանի իր հրոսակախմբին «քսի էր տվել» ցուցարարների վրա: Տարբեր լրատվամիջոցներում, նաեւ «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակվեցին տեսանյութեր ու լուսանկարներ, որոնք ապացուցում էին, որ հրոսակախումբը բաղկացած էր հենց քաղաքապետարանի աշխատակիցներից: Բայց մինչեւ հիմա նրանցից որեւէ մեկը պատասխանատվության չի կանչվել: Փոխարենը Տարոն Մարգարյանը նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության անդրանիկ նիստին անձամբ էր շտապել, նաեւ լրագրողներին հավաստիացնում էր, թե իր հրաժարականի հարցը չկա օրակարգում:
Մինչ այդ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանին ու ԱԺ-ի կողմից ընտրվող մյուս պաշտոնյաներին՝ գլխավոր դատախազ, ՔԿ պետ եւ այլն, ասել է, որ հրաժարական չտան, այլ հանգիստ շարունակեն պաշտոնավարումը: Երեւի Ս. Սարգսյանի հրահանգից էլ Տարոն Մարգարյանն այդքան ոգեւորվել է ու ավելի մեծ համառությամբ է կառչել աթոռից:
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ