ԵՎՍ ՄԵԿԸ՝ ԿԱՍԿԱԾԵԼԻ ՏԵՂԵԿԱՆՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում շարունակվում է դեռեւս 1998 թվականից Ռոբերտ Քոչարյանից սկիզբ առած՝ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար կեղծ կամ առնվազն կասկածելի տեղեկանքներ ներկայացնելու ավանդույթը: Ոստիկանության անձնագրային եւ վիազների վարչությունը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին վերջին 4 տարում ՀՀ-ում մշտական բնակության մասին տեղեկանք է տրամադրել: Եւ սա այն դեպքում, երբ Կարեն Կարապետյանը 2011թ. հոկտեմբերին Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո մեկնեց Մոսկվա` աշխատելով «Գազպրոմ» ընկերությունում եւ ՀՀ վերադարձավ միայն 2016թ. սեպտեմբերին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ ԸՕ 80-րդ հոդվածի համաձայն. «Քաղաքացին վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվող չի համարվում, եթե թեկնածուի գրանցման համար մշտապես բնակվելու մասին տեղեկանքը ստանալու նպատակով լիազոր մարմնին դիմում տալու օրվան նախորդող 1 461 օրերի ընթացքում նա առնվազն 731 օր բացակայել է ՀՀ-ից»: Հիմա Կարապետյանին տեղեկանք է տրվել, որ վերջին չորս տարում նա 1461 օրից 668-ն է եղել դրսում: Միայն թե այս ամենը խիստ կասկածելի է, թեկուզ եւ այն պատճառով, որ չեն ներկայացվել բավարար փաստեր՝ ապացուցելու, որ Կարեն Կարապետյանն իրոք 668 օր է բացակայել ՀՀ-ից, այլ ոչ թե 731 օր: Հազիվ թե ներկայացվեն, ինչպես մինչ այժմ չներկայացվեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու մասին բավարար փաստեր: Ու պետք է փաստենք, որ Կարապետյանի գլխին եւս կախված է ոչ լեգիտիմության դամոկլյան սուրը, եթե անգամ նա անցումային այս փուլում մնա վարչապետ:
Բայց, դե, թվային մանիպուլյացիաներն ու կեղծիքները Կարեն Կարապետյանի դեպքում նորմալ են. նա պաշտոնավարման ողջ ընթացքում այդպես «խաղարկել է» տնտեսական ցուցանիշները` հարմարեցնելով դրանք ըստ ճաշակի, ներկայացնելով որպես «դմփոց ռեֆորմներ»: Նախօրեին էլ բացահայտվեց ամոթալի պատմություն, երբ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ հանդիպումից հետո կառավարության կայքում տեղադրված հայտարարության մեջ օտարերկրյա դիվանագետին վերագրել էին սուտ խոսքեր: Իսկապես, իշխանության ղեկին մնալու՝ կարապետյանական մոլուցքը գնալով նողկալի է դառնում:

 

 

 

Հիշում եք՝ ոստիկանությունն ապրիլի 16-ին ձայնային նռնակներ կիրառեց Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարների նկատմամբ, եւ արդյունքում բեկորային վնասվածքներ ստացավ 46 քաղաքացի, այդ թվում՝ 6 ոստիկան: Մարդիկ բեկորային վնասվածքներ ստացան, որովհետեւ ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ ձայնային նռնակները կիրառեց` անվտանգության կանոնները կոպիտ խախտելով: Բայց արի ու տես` մինչեւ հիմա կատարվածի վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, թե առայժմ նյութեր են նախապատրաստվում ոստիկանության կողմից հատուկ միջոց կիրառելու համաչափության եւ իրավաչափության առնչությամբ քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով, եւ համապատասխան ժամկետում կկայացնեն համապատասխան դատավարական որոշում: Հետաքրքիր է՝ իշխանություններն ի՞նչ են արել այս 11 օրերի ընթացքում, եթե մինչեւ հիմա չեն պարզել քրեական գործ հարուցելու հիմքերը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը երեկ մոտ հինգ ժամ անցկացրել է Սերժ Սարգսյանի առանձնատանը: Քննարկման հիմնական թեման եղել է մայիսի 1-ին ԱԺ արտահերթ նիստում վարչապետի ընտրության հարցը, թե ինչպես անեն, որ ՀՀԿ-ից որեւէ մեկը չնպաստի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն, այլ ընտրի Կ. Կարապետյանին: ՀՀԿ-ում այս օրերին տիրող տրամադրությունները հիմք են տալիս ենթադրելու, որ դեռեւս իշխանության ղեկին գտնվող խորհրդարանական խմբակցության ներսում այնքան էլ միահամուռ չեն Կ. Կարապետյանին աջակցելու հարցում: Չի բացառվում, որ ՀՀԿ-ն վերջին պահին պարզապես ձախողի այդ ընտրությունները, որպեսզի որեւէ մեկը չընտրվի վարչապետ, եւ արտահերթ ընտրությունների գնան՝ մնալով իշխանության ղեկին: Թեեւ ՀՀԿ-ում այլեւս չեն կարող նախկինի նման օգտագործել լծակները: Հույս ունեն՝ երեկվանից սոցիալական ցանցերում ընդդիմության դեմ սանձազերծած զրպարտչական բնույթի քարոզչական հարձակումով ինչ-որ արդյունքի հասնել: Բայց սա էլ վաղուց սպառված միջոց է:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն անդրադարձել է երկրի տնտեսության վրա ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրադարձությունների ազդեցությանը: Մեր հարցին, թե այս իրադարձություններն ի՞նչ հետեւանքներ կարող են թողնել երկրի տնտեսության զարգացման վրա, Մակարյանն ասել է. «Կարող է դրական ազդել: Ինչու, որովհետեւ շատ մեծ լավատեսություն, հույսեր առաջացրեց ժողովրդի մեջ»: Միաժամանակ նա համոզված է, որ այս իրավիճակը դրական կազդի նաեւ օտարերկրյա ներդրումների հետ կապված: «Այդ ոգեշնչված վիճակը եւ պառլամենտի թափանցիկությունը որպես կարեւոր երաշխիք ե՛ւ տեղական, ե՛ւ արտասահմանյան ներդրողներին կխթանի, նաեւ կլավացնի դոնորների հետ հարաբերությունները եւ միջազգային ծրագրերը: Մենք գիտենք, որ բազմաթիվ ծրագրեր լիարժեք չեն կատարվել կամ ատկատներ են եղել կամ փոշիացվել են ռեսուրսները»,- ասել է նա:

 

 

 

ՄԵՐԺՎԱԾԸ-2
Իշխող ՀՀԿ-ն` վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, արդեն կախվել է փրփուրներից` իրենց դիրքերը պահելու համար հիմա էլ աջակցություն փնտրելով արտերկրում:
Պատահական չէ, որ երեկ Մոսկվա են մեկնել ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը եւ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը: Բացի այդ` վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ է հեռախոսազրույց ունեցել: Միայն թե դատելով հեռախոսազրույցի բովանդակությունից` այն իշխանությունների համար, մեղմ ասած, հիասթափեցնող էր: Պուտինի հետ եղել է ընդհանրական բնույթի խոսակցություն, որ հայաստանյան ճգնաժամը բացառապես իրավական դաշտում, Սահմանադրության շրջանակներում պետք է լուծել:
Երեկ նաեւ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն է անդրադարձել հայաստանյան ներքաղաքական իրադարձություններին` հայտարարելով. «Մենք համարում ենք, որ դա Հայաստանի ներքին գործն է: Ցանկանում ենք հուսալ, որ իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի սահմանադրական դաշտի շրջանակներում»: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ` ընդգծելով, թե դա ՀՀ ներքին գործն է, ասել է. «Մենք կոչ ենք անում կողմերին խոհեմություն եւ պատասխանատու մոտեցում դրսեւորել սահմանադրական դաշտում` այդ հարցին լուծում գտնելու համար»: Դատելով ռուս պաշտոնյաների հայտարարություններից` ՌԴ իշխանությունները դյուզն-ինչ չեն փորձել աջակցել Հայաստանում համաժողովրդական մերժման արժանացած եւ արդեն հեռացող իշխանությանը: Ընդհակառակը, համաժողովրդական շարժման առաջին օրից սկսած ՌԴ իշխանությունները նման պահվածք են ցուցաբերել:
Բայց ամենաուշագրավն այստեղ իշխանության ղեկին հայտնված անձանց, մասնավորապես Կարեն Կարապետյանի պահվածքն է: Փաստ է, որ Կարեն Կարապետյանն ու ՀՀԿ-ն հայտնվել են անելանելի դրության մեջ` օրեցօր կորցնելով ազդեցության լծակները Հայաստանում: Եւ այս իրավիճակում առաջին իսկ պահին Կարապետյանն իշխանություն պահպանելու համար շտապում է աջակցություն աղերսել դրսում: Համաձայնեք` ինքնիշխան երկրի ղեկավարի պաշտոնին հավակնություններ ունեցող անձի համար սա, մեղմ ասած, ամոթալի է, եթե ոչ՝ դավաճանական դրսեւորում, երբ արդեն իրեն մերժող ժողովրդի վրա դրսից «տղա է բերում»: Բայց դե, Կարապետյանին այսօր մերժում է ոչ միայն ժողովուրդը, այլեւ ՀՀԿ մի մասը, թեեւ ինքն այդ կուսակցության առաջին փոխնախագահն է:
Մեկ հավելում էլ. Մոսկվայից եկած վարչապետից այլ բան չէր կարելի սպասել. նրա համար Հայաստանը խոպան է, որտեղ կարելի է ժողովրդի ու պետության հաշվին շարունակել հարստանալ եւ վերջ:




Լրահոս