ՁԱՅՆԱՅԻՆ ՆՌՆԱԿ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՓԱՍՏՈՎ ՆՅՈՒԹԵՐ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 16-ին «Իմ քայլը» նախաձեռնության կողմից իրականացված բողոքի ակցիայի սպիները դեռեւս շատ կհիշվեն բազմահազարանոց ցուցարարների եւ ոստիկանության աշխատակիցների կողմից: Բանն այն է, որ վերոնշյալ օրը ոստիկանները ցուցարարների ուղղությամբ կիրառեցին ձայնային նռնակ, ինչի արդյունքում ստացված մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվեց 46 անձ, որից 6-ը ոստիկանության աշխատակիցներ էին:

Ապրիլի 16-ին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անցկացվող հանրահավաքի մասնակիցների հետ միասին Նիկոլ Փաշինյանը շարժվեց Բաղրամյան պողոտա: Սակայն ոստիկանները փակել էին ճանապարհը: Նա հորդորեց ոստիկաններին բացել Բաղրամյան պողոտան, որպեսզի ինքը ցուցարարների հետ գնա Ազգային ժողով: Երեւան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց վերջինիս չսադրել իրավիճակը, չլարել, սակայն ոստիկանության հորդորները որեւէ կերպ չփրկեցին լարված դրությունը, եւ Նիկոլ Փաշինյանը կատարեց իր քայլը:
Վերջինս փորձեց անցնել ոստիկանության կողմից Բաղրամյան պողոտայում տեղադրած փշալարերի միջով, ինչի արդյունքում ոստիկանությունը ցուցարարների ուղղությամբ ձայնային նռնակներ կիրառեց: Արդյունքում, տասնյակ մարդիկ, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը, բեկորային վնասվածքներ ստացան: Բաղրամյան պողոտայում սկսվեց քաոս, եւ իրար հետեւից բազմության միջից ցուցարարները սկսեցին օգնության կանչել եւ վիրավոր երիտասարդներին գրկած դուրս բերեցին ցուցարարների միջից` շտապ հասցնելով հիվանդանոց: Ցուցարարների ուղղությամբ ձայնային նռնակ օգտագործելու արդյունքում վիրավորվել էին նաեւ 6 ոստիկան: Ավելին` տեսանյութերում նկատվում է, թե ով է ձայնային նռնակ կիրառողը, սակայն դիմակով է:
«Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` հետաքրքրվելով, թե արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է քննության առարկա դարձնել եւ քրեական գործ հարուցել 16.04.2018թ. ցուցարարների ուղղությամբ ձայնային նռնակ կիրառելու փաստը, այն կիրառելու օրինականությունը, կիրառելիս անվտանգության կանոնների պահպանումը, որի արդյունքում վիրավորում ստացան ոչ միայն ցուցարարներ, այլեւ ոստիկաններ:
Դատախազության հանրային կապերի բաժնից պատասխանել են. «ՀՀ դատախազության հանձնարարությամբ` ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր են նախապատրաստվում Երեւան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հավաքի մասնակիցների կողմից սույն թվականի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում հավաքի մասնակիցների կողմից զանգվածային անկարգություններ իրականացնելու արդյունքում ոստիկանության կողմից հատուկ միջոց կիրառելու համաչափության եւ իրավաչափության, ինչպես նաեւ այդ փորձերի ընթացքում քաղաքացիական անձանց եւ ոստիկանների վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու եւ քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով»: Իսկ հարցին, թե արդյո՞ք այս կապակցությամբ կհարուցվի քրեական գործ, դատախազությունից հայտնել են. «Ձեզ հետաքրքրող դեպքով քրեադատավարական օրենքով սահմանված ժամկետներում պետք է կայացվի համապատասխան դատավարական որոշում»:
Հիշեցնենք, որ իշխանությունները հատուկ միջոցներ էին կիրառել 2008թ. մարտի 1-ին: Այդ օրվա 10 սպանվածներից 3-ի՝ Գոռ Քլոյանի, Տիգրան Խաչատրյանի եւ Արմեն Ֆարմանյանի մահվան պատճառը հենց «Չերյոմուխա 7»-ն էր: Միայն թե մինչեւ հիմա այդպես էլ որեւէ մեկը չի պատժվել դրա համար: Պաշտոնական պատճառը` իբր թե հնարավոր չի եղել պարզել՝ կոնկրետ ո՞ր ոստիկանի արձակած հատուկ միջոցի հետեւանքով է եղել մահը: Չնայած, հիշեցնենք, ե՛ւ նախաքննությամբ, ե՛ւ փաստահավաք խմբի աշխատանքների արդյունքում բացահայտվել էր «Չերյոմուխա 7» կիրառած ոստիկանների ինքնությունը: Ըստ այդմ, «Մարտի 1-ին «Չերյոմուխա 7» գազային նռնակ փամփուշտները կրակել են 1033 զորամասի ենթասպաներ Մկրտիչ Ղարիբյանը՝ 8 հատ, Վարդան Սահակյանը՝ 9 հատ, ինչպես նաեւ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի ենթասպաներ Լեւոն Հակոբյանը՝ 20 հատ, Ավետիք Աթաբեկյանը՝ 19 հատ։ Ընդամենը օգտագործվել է 56 հատ «Չերյոմուխա 7» տեսակի հատուկ միջոց»։
Հետաքրքիր է՝ իսկ այս անգամ ձայնային նռնակ կիրառած ու անգամ իր ծառայակիցներին վիրավորած ոստիկանները կպատժվե՞ն, թե՞ անպատժելիությունն ավանդույթի պես կշարունակվի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻՆ ԿՎԵՐԱՀՍԿԵՆ
ՀՀ պետական կառույցներում աշխատակիցների հաստիքներն ավելացնելու եւ այդ ճանապարհով պետական միջոցները վատնելու առթիվ հարուցված քրեական գործով դատավճիռը հրապարակվեց:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2017 թվականին մի շարք մարզպետներ դպրոցներում ստուգումներ են սկսել, քանի որ ահազանգ ունեն, որ արհեստական գրանցված անձինք կան, որոնք աշխատանքի չեն ներկայանում, իսկ նրանց աշխատավարձերը ստանում են դպրոցի տնօրենները: Ստուգումների արդյունքում բացահայտվել էր, որ 2009-2015 թվականը Երեւանի թիվ 64 հիմնական դպրոցի տնօրեն Անաիդա Շահնազարյանը, լինելով դպրոցի տնօրեն, տարբեր ազատ հաստիքներում գրանցել է 12 քաղաքացիների, որոնք չեն ներկայացել աշխատանքի, ու դպրոցի տնօրեն Անաիդա Շահնազարյանը նրանց անուններով ստացած գումարը յուրացրել է:
Նշենք, որ 2009 թվականից մինչեւ 2015 թվականը 12 քաղաքացիների անունից ստացած եւ յուրացված գումարի չափը կազմում է մոտ 12 միլիոն դրամ: Անաիդա Շահնազարյանից բացի` ամբաստանյալի աթոռին է հայտնվել նաեւ դպրոցի պահակ Քնարիկ Մալխասյանը: Դատելով մեղադրական եզրակացությունից` դպրոցի տնօրենն ու պահակը համատեղ են գումարներ յուրացրել:
Պարզել էինք, որ Երեւանի թիվ 64 հիմնական դպրոցի պահակ Քնարիկ Մալխասյանը բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է եղել դպրոցի տնօրենի հետ: Նա դիմել է դպրոցի տնօրեն Անաիդա Շահնազարյանին` խնդրելով, որ դպրոցի ազատ հաստիքներում գրանցի իր մտերիմներին, մասնավորապես որդուն` Դ. Մալխասյանին, եղբորը` Ս. Մալխասյանին, եւ եղբորորդուն` Ա. Մալխասյանին: Եվ ահա դպրոցի տնօրեն Շահնազարյանն էլ «բարի կամք է դրսեւորել» եւ որոշել է օգնել դպրոցի պահակ Քնարիկ Մալխասյանին: Արդյունքում` նա պահակ Քնարիկի մտերիմներին գրանցել է դպրոցում որպես տեխնիկական աշխատակիցներ: Տպավորությունն այնպիսին էր, որ Քնարիկ Մալխասյանը իր մտերիմների ստացած աշխատավարձը պետք է կիսեր դպրոցի տնօրենի հետ, սակայն դպրոցի պահակ Քնարիկ Մալխասյանը անձամբ է ստացել իր բարեկամների աշխատավարձը եւ օգտագործել իր կարիքների համար: Իսկ նրա կողմից ստացած աշխատավարձը կազմել է մոտ 4 միլիոն դրամ: Եվ ահա այս տարվա մարտի 5-ին հրապարակվել է գործով վճիռը, էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը հրապարակել էր վճիռը:
Անաիդա Շահնազարյանին ճանաչել են մեղավոր, դատապարտել ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, սակայն ավելի ուշ որոշվել էր պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան` 3 տարի ժամկետով` նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնելով ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների իրականացման համապատասխան ծառայության վրա, ավելին` Անաիդա Շահնազարյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 12 միլիոն դրամ գումար, որպես հանցագործության հետեւանքով պետությանը պատճառած գույքային վնասի հատուցում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐԸ
Երեկ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, կրթության եւ գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանը, բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, ինչպես նաեւ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը ներկայացրել են իրենց հրաժարականի դիմումները:

 

 

ԿԿԱՐՃԵՆ
ՀՀ ոստիկանության պետը ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է կարճել 2018թ. ապրիլի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հիմքով հարուցված վարչական վարույթները: Խոսքը վերաբերում է միայն այն իրավախախտումներին, որոնք հայտնաբերվել են տեսանկարահանող սարքերով եւ կատարվել են հավաքների ընթացքում ճանապարհների երթեւեկությունը դիտավորությամբ խոչընդոտելու կամ ճանապարհները փակելու հետեւանքով: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հավաքի կազմակերպիչները արդեն իսկ հանդես են եկել ճանապարհային երթեւեկության կանոնները պահպանելու հրապարակային կոչերով, ոստիկանությունը տեղեկացնում է, որ վարչական վարույթների կարճումների պրակտիկան չի շարունակվելու եւ վարչական իրավախախտումներ կատարած անձինք ենթարկվելու են վարչական պատասխանատվության:

 

 

ԴԻ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ահազանգ է ստացվել, որ «Ֆլորենս» ռեստորանային համալիրից դեպի Դավիթաշեն տանող ճանապարհին` Հրազդան գետի ափին, տղամարդու դի է հայտնաբերվել: Նշենք, որ մահացածի դին հայտնաբերել է ճանաչված գուսան Հայկազունին, ով այդ պահին Հրազդան կիրճում մարզվելիս է եղել, նկատելով դին` ահազանգել է փրկարար ծառայություն:

 

 

ԵՐԵԽԱՆ ՄԱՀԱՑԵԼ Է
Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարից տուժած 1-ամյա երեխան երեկ հիվանդանոցում մահացել է: Հիշեցնենք, որ ապրիլի լույս 24-ի գիշերը Երեւանի Սարալանջի փողոցում ճանապարհատրանսպորտային պատահար էր տեղի ունեցել: Վարորդը, նրա ուղեւորները, որոնք ամուսիններ են, եւ նրանց 1-ամյա որդին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին համալսարանական թիվ 1 հիվանդանոց, որտեղից էլ փոքրիկը տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

 

 

ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Այդ մասին հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Դատավորի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 2-ին գումարվող ԱԺ-ի հերթական նիստերի առաջին նիստում: Նշենք, որ ՍԴ անդամի տեղը թափուր մնաց այն բանից հետո, երբ լրացավ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետն, ու նա վայր դրեց լիազորությունները: Գագիկ Հարությունյանը այժմ գլխավորում է Բարձրագույն դատական խորհուրդը:

 

 

43,6 ՄԼՆ` ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Կառավարությունը 43,6 մլն դրամ է հատկացրել վնասի փոխհատուցման համար, որ համայնքներին հասցվել էր ուժգին քամիների հետեւանքով: Գումարը կտրամադրվի մարզպետարաններին: Գումարի մեծ մասը կուղղվի մարտյան քամիների հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցմանը, իսկ գրեթե 5 մլն դրամ` Արմավիրի մարզում 2017թ. սեպտեմբերին մրրիկի հետեւանքների վերացմանը:




Լրահոս